Մայիսի 12-ին արտակարգ դեպք է արձանագրվել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում: Մեկուկես ամիս առաջ սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի շիրիմը պղծել են՝ թողնելով անհասկանալի գրություններ: Երեկ համացանցում տարածված այս տեղեկությունը«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց Պռոշյանի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Լուսինե Պետոյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ կիրակի օրը՝ մայիսի 12-ին, Հրաչ Մուրադյանի մահվան քառասունքի օրը գյուղապետարանի աշխատակիցներն են հայտնաբերել, որ նման բան է տեղի ունեցել: Լուսինե Պետոյանը պատմեց, որ կիրակի օրը Պռոշյան գյուղի զոհված ազատամարտիկների պանթեոնում, որտեղ հանգչում է Հրաչ Մուրադյանի աճյունը, ոչ սովորական բան են նկատել:
«Պանթեոնի պատին մոմով և պարաֆինով գրված է եղել՝ «պարահանդեսն ավարտվեց»: Գրել են ինչ-որ նյութով, որը չի մաքրվում: Նյութերից շատ լավ չեմ հասկանում, չեմ կարող հստակ ասել, թե ինչ նյութով են գրել, համենայնդեպս՝ մի նյութ է, որը չի մաքրվում: Եթե տեղում լինեք, կհասկանաք, որ հենց նրան է դա ուղղված, այդ պատճառով էլ համոզված ենք: Ուրիշ որևէ մեկին այդ գրությունը չէր կարող ուղղված լինել, միայն նրան»,- նշեց Լուսինե Պետոյանը:
Նրա խոսքով՝ եթե մարդուն սպանում են, նշանակում է՝ վատ են տրամադրված նրա հանդեպ, այս ամենի արդյունքն էլ այս գրությունն է: Ըստ նրա՝ վայրենի թուրքերը իրենց ուրախությունը ոչ մի կերպ չեն կարողանում թաքցնել, փորձել են այս կերպ արտահայտվել: Պռոշյանի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարի բնորոշմամբ՝ գործ ունենք ոչ թե մարդու տեսակի հետ, այլ անասնական, կենդանական բնազդներով առաջնորդվող մի զանգվածի, որից ամեն ինչ սպասելի է:
Կարդացեք նաև
«Հրաչ Մուրադյանն ինքը կոնֆլիկտներ չուներ, ոմանք ունեին կոնֆլիկտներ իր հետ ու չէին կարողանում իր հետ պայքարի մեջ մտնել, քանի որ ինքն այն մարդը չէր, որ իր համագյուղացու, իր հայրենակցի դեմ պայքարեր: Ուղղակի մարդիկ կային, որ ինչ-որ բաներ էին ուզում, չէին կարողանում դրանց հասնել, ինչի արդյունքում էլ թշնամացել էին իր հետ»,- ցավով նշեց Լուսինե Պետոյանը:
Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել էր ապրիլի 2-ին: Նա մահացել էր քունքի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Նրա սպանության գործով կալանավորվել է նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Անձի կամ նրա մերձավորի սպանությունը՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ), և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Իսկ Արայիկ Պետրոսյանի եղբայրը՝ Արտակ Պետրոսյանը, ձերբակալվել է ավելի ուշ՝ մեղադրվելով խուլիգանության մեջ: