Լրահոս
Օրվա լրահոսը

Ավազակապետական բուրգից մաս պոկելու հույս ունեցող գործիչներն ու նրանց ղեկավարած ուժերն մնացին կոտրած տաշտակի առաջ

Մայիս 15,2013 10:50

Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել է, թե «Բարգավաճ Հայաստան»-ը չի կարող դառնալ ընդդիմություն։ Սա, իհարկե, շատերի համար ակնհայտ իրողություն էր դեռեւս մեկ տարի առաջ, երբ ճիշտ այս օրերին Ծառուկյանը հայտարարեց, թե «ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում միանալ իշխանական կոալիցիային»։ Սակայն այն ժամանակ չափազանց փորձառու որոշ քաղաքական գործիչներ շտապեցին ոգեւորվել ԲՀԿ-ի՝ կոալիցիա չմտնելու փաստով եւ իրենց հետագա քաղաքական հաշվարկները կառուցել հենց այդ խաբուսիկ մեկնակետի վրա։

Տրվելով քաղաքագիտական վերլուծությունների գայթակղիչ զարգացումներին՝ իշխանական մոնոլիտը քանդելու եւ ավազակապետական բուրգից մաս պոկելու շուրջ, այդ քաղաքական գործիչներն ու նրանց ղեկավարած ուժերն ի վերջո մնացին կոտրած տաշտակի առաջ, նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը վերջին պահին մնաց առանց լուրջ մրցակցի եւ անգամ այդ պարագայում մի կերպ կարողացավ վերարտադրվել։ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ ԲՀԿ-ն վերստին մտավ իր դերի մեջ եւ փորձեց դառնալ «արմատական այլընտրանք»՝ իշխանական ՀՀԿ-ին քննադատելիս իր ձեւակերպումներով ստվերելով անգամ դե յուրե ընդդիմադիր համարվող ուժերի՝ ՀՅԴ–ի, ՀԱԿ-ի եւ «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչներին։ Հետեւելով ԲՀԿ-ականների բակային ելույթներին՝ տպավորություն էր, որ ԲՀԿ-ն ոչ թե ընդդիմություն է, այլ ամենաարմատական ընդդիմություն։ Եվ երբ Վարդան Օսկանյանը խոսեց ԲՀԿ-ի՝ սեպտեմբերին պաշտոնապես ընդդիմադիր դառնալու մասին, կոտրած տաշտակի առաջ կանգնած ուժերը կրկին ակտիվացան՝ փորձելով համոզել, որ իրենց քաղաքագիտական վերլուծական պայքարը հենց նման ընթացք էլ նախատեսել էր։ Սակայն այս ընտրությունները եւս ավարտվեցին, եւ Գագիկ Ծառուկյանը բոլորին հրավիրեց իր կառուցած եկեղեցում մեղքերի թողության, ապա եւ՝ մի քանի ժամ անց, տրվելու նոր մեղքերի գայթակղությանը՝ դարձյալ իր կառուցած կազինոյում։ Ընդ որում՝ նման անցումը բավականին խորհրդանշական է՝ բնութագրող մեր քաղաքական էլիտայի, եւ մասնավորապես՝ ԲՀԿ ղեկավարի գործելակերպը, առավոտյան՝ մեղայական, երեկոյան՝ նոր մեղքեր։ Հատկանշական է նաեւ, որ երեկվա միջոցառմանը բացակայում էին թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Վարդան Օսկանյանը. գործիչներ, որոնք ամեն կերպ փորձում էին Ծառուկյանին մղել դեպի իրապես քաղաքական դաշտ՝ ընդդիմադիր հակումներով։ Փոխարենը ներկա էր Սերժ Սարգսյանը, ում երդմնակալությանը Ծառուկյանն այդպես էլ չմասնակցեց եւ  ում վերընտրությունը չշնորհավորեց։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031