Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպիսի քաղաքական պայքար լինո՞ւմ է

Մայիս 15,2013 10:49

Ինչի՞ ականատեսը եղանք վերջին ամիսների ընթացքում. ջանքերը համատեղելու անհասցե կոչեր, միավորվելու պատրաստակամություն հայտնող, բայց անպատրաստ ուժեր, ինչ-որ լսումներ ու քննարկումներ: Ուրիշ բան համենայնդեպս չի մնացել մեր հիշողության մեջ:

Իշխանափոխություն պահանջող քաղաքական ուժերը ոչ մի կերպ չկարողացան միասնաբար որեւէ բան անել, քանի որ ստեղծվելիք նորահայտ ուժի առաջնորդը պիտի լիներ միայն «մերը»:
Թե այդ ինչ հանդիպումներ էին, ինչ քննարկումներ, մնացին անհայտ, բայց հայտնի դարձավ «քաղաքական» գործունեության պատրանքը: Քանի որ կուսակցություն ենք, ուրեմն մի բան պիտի ասենք ընտրություններից առաջ` անկախ նրանից, որ այդ «գործունեությունից» բացակայում է հասարակությունը:
Որեւէ մեկին վիրավորելու նպատակ չունենք, բայց այդպիսի քաղաքական պայքար լինո՞ւմ է:
Թող այսօր որեւէ մեկը հոդաբաշխ կարողանա բացատրել, թե ինչ էր ուզում, ասենք, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հացադուլ, հանրահավաքներ, վազքարշավ. հանուն ինչի՞: Իշխանությունը բերեք-տվեք ժողովրդին: Բայց ոչ բերող եղավ, ոչ տվող: Եղավ հուսախաբ հասարակություն, որը չի հասկանում, թե ինչ է կատարվում, որովհետեւ իրականում ոչ մի բան էլ չի կատարվում: Ասում-խոսում, գնում են «օբյեկտ»:
ԲՀԿ-ն դարձել է այլընտրանքային, որի իմաստն այդպես էլ չենք հասկանում, քանի որ կուսակցություններն ամբողջ աշխարհում լինում են «ընտրանքային»: ՀԱԿ-ը այս ընթացքում ներկուսակցական կռիվների մեջ էր եւ ժամանակ առ ժամանակ ընտրում էր Լ.Տեր-Պետրոսյանին, ՀՅԴ-ն էլ ասում էր, որ ինքը ժողովրդի կողքին է:
Հրապարակում եւ այլուր մնացել էր միայն ժողովուրդը, որն աստիճանաբար նոսրացավ ու ցրվեց, որովհետեւ բոլորից հույսը կտրեց: Իշխող կուսակցությունն էլ իշխեց ու շարունակում է: Ոչ մի իշխանություն սեփական կամքով վայր չի դրել իրավասությունները: Դրա համար ստիպող է պետք: Մեզանում, փաստորեն, այդպիսին չկա: Եվ ամեն ինչ եղավ այնպես, ինչպես պիտի լիներ Հայաստանում առկա ընդդիմադիր ուժերի պարագայում:
Նույն մարդիկ են, որոնց վաղուց չուզենալով ճանաչում է ժողովուրդը, հետընտրական նույն «գործընթացները», որոնք միայն զարդարված են, բայց շարժիչ չունեն: Այսինքն՝ տեղի է ունեցել առկա քաղաքական ներուժի սպառում, ավարտ: Սա պիտի ըմբռնել, որքան էլ ցավալի լինի: Գուցե այստեղից սկսվի ներքաղաքական ապագա զարթոնքը, բայց լրիվ նոր դեմքերով:
Կարելի է ասել` մարդիկ հոգնել են ոչ միայն սոցիալական քաղաքականության առավելություններից, այլեւ քաղաքական խաբեբաների հերթական խոստումներից: Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները ասվածի վկայությունն են: Երեւանցիները ցույց տվեցին յուրաքանչյուր ուժի իրական տեղն ու արժեքը: Դրանցից պիտի հետեւություններ անել կուսակցական ապագայի համար:
Պատճառը: Ուժեղ ընդդիմադիր դաշտ ստեղծվում է միայն գաղափարախոսական հենքի վրա եւ հասարակության մի զգալի մասի աջակցությամբ: Եվ միայն դրանցով է պայմանավորվում իշխանական աթոռներին բազմածների անհանգստությունը: Հայաստանյան ընդդիմադիր ուժերի պարագայում այս երեւույթները շատ աղոտ են նշմարվում: Որովհետեւ քաղաքական կուսակցությունները մեզանում այդպիսին չեն:

Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031