Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Արսենյան. «էս ի՞նչ ԲՀԿ-ացավ եք կպել սաղդ»

Մայիս 15,2013 10:25

Երեւանի ավագանու ընտրություններից առաջ մի շարք ԲՀԿ-ականներ հայտարարում էին, որ եթե ընտրությունները կեղծվեն, ԲՀԿ-ն չի վերցնի մանդատները: Մինչդեռ արդեն հայտնի է, որ կուսակցությունը մանդատները վերցնելու որոշում է կայացրել: ԲՀԿ ավագանու ցուցակի երկրորդ համարում հանգրվանած ՄԱԿ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանից հետաքրքրվեցինք. արդյոք կարելի՞ է արձանագրել, թե ԲՀԿ-ն այս ընտրությունները գնահատում է լավ՝ առանց կեղծիքների:

– Փաստորեն, Ձեր արած հետեւությունը տրամաբանական է:

Պարոն Արսենյան, բայց ընտրությունների հաջորդ օրը ԲՀԿ-ի նախնական հայտարարության մեջ նշվել էր, թե լրատվամիջոցների կողմից արձանագրված խախտումները կուսումնասիրվեն կուսակցության կողմից, եւ վերջնական գնահատական կտրվի:  Փաստորեն, դուք ուսումնասիրել եք եւ եզրակացրել, որ մամուլը կեղծել է:

– Ես դրանով չեմ զբաղվում: Այդ պատասխանները ԲՀԿ-ից որեւէ մեկից կարող եք ստանալ:

Թեպետ ինքնաբացարկ եք ներկայացրել, բայց Դուք ԲՀԿ ցուցակում երկրորդն էիք:

– Ես չեմ մոռացել:

Այդ դեպքում ինչո՞ւ եք նման պասիվություն դրսեւորում:

– Ես պատասխանեցի, որ չեմ մոռացել, եթե ես ցանկություն ունենամ մեկնաբանել՝ կմեկնաբանեմ:

Լավ, իսկ ի՞նչ եք կարծում՝ ԲՀԿ-ն ինչո՞ւ ընտրությունների վերջնական եւ հստակ գնահատականով հանդես չի գալիս:

– Երեւի իր արած հայտարարությունն արդեն բավարար է (խոսքն ընտրությունների հաջորդ օրը հրապարակած եւ ոչինչ չասող հայտարարության մասին է՝ Լ. Շ.):

Այս ամենից հետո Դուք ԲՀԿ-ին քաղաքական դաշտի ո՞ր հատվածում եք պատկերացնում՝ ընդդիմադի՞ր, իշխանակա՞ն, թե՞ այլընտրանք:

– Կապրենք՝ կտեսնենք, ժամանակը ցույց կտա:

Խոսվում է, որ ԲՀԿ-ն սեպտեմբերից պետք է հայտարարի ընդդիմություն դառնալու մասին, ըստ Ձեզ՝ ԲՀԿ-ն կարո՞ղ է ընդդիմություն դառնալ:

– Իմ կարծիքը թողեք ինձ: Չգիտեմ խի՝ կարծես զանգերի ինչ-որ գործընթաց է սկսվել, առաջին լրագրողը չես այսօր, որ զանգում ես:

…Բացատրություն ես ուզում՝ գնա ԲՀԿ-ից բացատրություն պահանջի, շահագրգռված եք, հասարակությանը ԲՀԿ-ի բանով… ներսը, դուրսը ցույց տալով, էս ի՞նչ ԲՀԿ-ացավ եք կպել սաղդ:

ԲՀԿ-ացավ չենք կպել, պարզապես  նախկինում մի բան եք ասել, այսօր ուրիշ բան եք անում, մենք էլ ուզում ենք հասկանալ՝ ինչո՞ւ:

– Ի՞նչ եք ուզում հասկանաք: Ընտրություններն ավարտվել են, քաղաքական ձեւակերպումով հայտարարություն էլ արվել է, ի՞նչ ես ուզում ասեմ:

Փաստորեն, ընտրություններն անցել են առանց կեղծիքների, այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք, որ ընտրությունների օրը հենց ԲՀԿ-ից էին ընտրատեղամասերում կատարվող «կեղծիքների, խախտումների» մասին ահազանգում: Ի՞նչ նպատակ էին հետապնդում այդ ահազանգերը:

– Հետապնդում էր  նպատակ, որ, ասենք, չլիներ էն, ինչը որ տեղի էր ունենում:

Իրականում չէի՞ն եղել նման բաներ, պարզապես նախազգուշացնում էիք, ուզում էիք այդպիսով կանխել…

– Ես ասում եմ՝ եղել են, եւ այդ հայտարարություններն արվում էին, որ վերացնեին թերությունները:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031