Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է խոստանում գազի թանկացումը Հայաստանի տնտեսությանը

Մայիս 15,2013 10:22

Մայիսի 14-ին «ՀայՌուսգազարդը» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ)՝ գազի սակագները վերանայելու հայտով: Ընկերությունն առաջարկում է մինչև 10 հազ. խմ սպառողների համար (բնակչության) 1000 խմ գազի սակագինը բարձրացնել 67,4%-ով, իսկ խոշոր գազասպառողների համար՝ 61,3%-ով։ Վերջնական սպառողների համար գազն արդեն կարող է թանկանալ հուլիսի 1-ից։

«ՀայՌուսգազարդը» ՀԾԿՀ-ին առաջարկում է բնակչությանը վաճառվող 1000 խմ գազի ներկայիս Դ132 հազ. գինը բարձրացնել մինչև Դ221 հազ., իսկ խոշոր գազ սպառողների համար 1000 խմ գինը սահմանել $392՝ ներկայիս $243-ի փոխարեն: Ընկերության ներկայացված հայտից երևում է, որ վերջնական սպառողների համար գազի թանկացումը պայմանավորված է Հայաստանի համար ռուսական գազի գնի բարձրացումով։ Գազի սակագնի հիմքում դրվել է $270/1000 խմ գինը։ Սա այն դեպքում, երբ մինչ այժմ ՀՀ բոլոր պաշտոնյաները, այդ թվում՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, հայտարարում էին, որ ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, իսկ 1000 խմ գազը ձեռք է բերվում $180-ով։ «ՀայՌուսգազարդի» կողմից $270-ով գազի ձեռքբերման գնի ներկայացումն ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը ռուսական գազը ձեռք է բերել $247/1000 խմ գնով, իսկ 2012թ. միջին գինը կազմել է $232:

Անցած տարվա ընթացքում ոչ միայն տեղի է ունեցել ռուսական գազի թանկացում (ինչը իշխանություններն ամեն կերպ թաքցնում էին), այլև Հայաստանի համար գործել է ոչ թե տարեկան, այլ եռամսյակային գնագոյացման սխեմա։ Պարզ ասած՝ եթե նախկինում «Գազպրոմը» Հայաստանի համար գազի գինը սահմանում էր տարեկան կտրվածքով, ապա ներկայում՝ եռամսյակի կտրվածքով՝ հաշվի առնելով համաշխարհային շուկայում նավթամթերքի գները՝ որոշակի լագով, և տվյալ երկրի համար ուղղիչ գործակիցը։

«ՀայՌուսգազարդի» կողմից հաշվարկների հիմքում դրված $270-ը ըստ էության 2013թ. հուլիսից մինչև 2014թ. հուլիս ընկած ժամանակահատվածի 1000 խմ գազի միջին գինն է։

Հայաստանում վերջնական սպառողների համար գազի ներկայիս գինը փոփոխության չի ենթարկվել 2010թ. ապրիլի 1-ից, այն դեպքում, երբ անցած տարի ռուսական գազը թանկացել է։ Բոլոր հաշվարկներից երևում է, որ ռուսական գազի 50% թանկացումը չի կարող հանգեցնել վերջնական սպառողների համար գազի սակագնի ավելի քան 60% բարձրացման, եթե նույնիսկ հաշվի առնենք փոխարժեքային գործոնը։ Խնդիրն այն է, որ ներկայում բնակչության համար 1000 խմ-ի համար Դ132 հազ. գնի մեջ գազի մասնաբաժինը կազմում է 52,6%, իսկ խոշոր սպառողների համար գնի մեջ՝ 74%։ Միայն գազի գործոնի հետևանքով բնակչության համար գազը պետք է թանկանա 63,3%-ով կամ 1 խմ-ի հաշվով՝ ֌83,6-ով՝ մինչև ֌216, իսկ խոշոր սպառողների համար 50%-ով կամ $122-ով՝ 1000 խմ հաշվով մինչև $֊365։

«ՀայՌուսգազարդն» ըստ էության առաջարկում է գազի գինը բարձրացնել ավելի մեծ չափով, քան իրականում այն պետք է տեղի ունենա։ Նման մոտեցումը պայմանավորված է երկու գործոններով։ Նախ՝ «ՀայՌուսգազարդը» տեղ է թողնում, որ ՀԾԿՀ-ն որոշակիորեն իջեցնի վերջնական սպառողների համար գազի սակագինը, ինչի արդյունքում մի կողմից «ՀայՌուսգազարդը» կստանա օպտիմալ գին, մյուս կողմից՝ կառավարությունը «լավամարդ» կլինի։ Բայց ՀԾԿՀ-ի մանևրելու հնարավորությունները սահմանափակ են, և բոլոր հաշվարկները, հաշվի առնելով նախորդ տարիների գործելաոճը, ցույց են տալիս, որ վերջնական սպառողի համար գազի գինը լավագույն դեպքում կարող է նվազել մինչև Դ215,6/1 խմ կամ ընդամենը Դ5,4-ով։ Այդ գինը ձեռնտու է «ՀայՌուսգազարդին», քանի որ հնարավորություն է տալիս փոխհատուցել նախորդ երեք տարիների վնասները։ 2010-2011 թթ. կուտակած վնասների չափը կազմել է ֌26,2 մլրդ։ Թեև ընկերությունը դեռևս չի հրապարակել 2012թ. ֆինանսական հաշվետվությունը, հասկանալի է, որ անցած տարին նույնպես վնասով է փակվել։

Վերջնական սպառողների համար գազի գնի բարձրացումը անխուսափելիորեն կհանգեցնի գազի իրացման ծավալների կրճատմանը։ Օրինակ՝ 2010թ. բնակչության համար գազի գնի 37,5% բարձրացման արդյունքում գազի սպառման ծավալներն ընդհանուր առմամբ կրճատվեցին 18%-ով, իսկ բնակչության կողմից սպառումը կրճատվեց 15%-ով։ Նման նվազում «ՀայՌուսգազարդը» գազի գինը սահմանելիս չէր էլ կանխատեսել։ Ներկայում չի բացառվում, որ գազի գնի հաշվարկի հիմքում դրված կանխատեսումները չիրականանան, և ընկերությունը ոչ միայն չկարողանա փոխհատուցել նախորդ տարիների վնասները, այլև 2013-ը փակի վնասով։

Հասկանալի է, որ վերջնական սպառողների համար գազի սակագնի բարձրացումը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու, և տեղի է ունենալու գների համատարած բարձրացում, առաջին հերթին՝ էլեկտրաէներգիայի, տրանսպորտի, սննդամթերքի:
Վերջերս «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրենի՝ ֆինանսների և էկոնոմիկայի գծով տեղակալ Կարեն Մովսեսյանը հայտարարել էր, որ գազի գնի 10-15% բարձրացումը կործանարար կլինի Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտների համար:

Արմենակ Չատինյան

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031