Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի քաղաքապետարանը բարձրացված բոլոր խնդիրները լուծելու հնարավորություն չունի․ (Ֆոտոշարք)

Մայիս 14,2013 23:59

Այսօր Կապանի քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելության օր էր, որին նախապես հերթագրվել էին 62 քաղաքացիներ: Կապանի քաղաքապետի եւ քաղաքապետարանի աշխատակիցների հետ կայացած հանդիպման ժամանակ  կապանցիների ներկայացրած խնդիրները բազմաթիվ էին: Շատերը  քաղաքապետարան էին եկել ֆինանսական աջակցություն ստանալու, աշխատանքի տեղավորման խնդրանքով, մյուսներն էլ՝ վթարային ու կաթկթող տանիքի, տան վերանորոգման եւ հուզող այլ խնդիրներով:

PrevPhoto
NextPhoto

«Պատերազմից ի վեր՝ հրետակոծությունից հետո, մինչեւ օրս մեր շենքը ոչ մի օժանդակություն չի ստացել, միայն որոշ քանակությամբ ապակիներ են տրամադրվել: Տանիքն անմխիթար վիճակում է, բազմիցս եմ դիմել էդ հարցով ե՛ւ քաղաքապետարան, ե՛ւ մարզպետարան, բայց մինչեւ օրս դրական արձագանք չկա, տանիքը եւ 5-րդ հարկի բնակարանները շատ վատ վիճակում են: Թող գոնե մեր ավագանիները մի օր գան մեր շենքի վիճակին ծանոթանան», – ասաց Կապանի Շահումյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի լիազորը:

Տանիքի նորոգման խնդրով քաղաքապետարան էին եկել նաեւ քաղաքի տարբեր թաղամասերի բնակիչները: Քաղաքապետարանում ծանոթ էին բարձրացված այս խնդիրներից շատերին, սակայն տեղեկացրեցին, որ համայնքի բյուջեն հնարավորություն չունի լուծելու դրանք, պետբյուջեից կամ տարբեր կազմակերպություններից տրամադրվող գումարներով առաջնահերթությունը տալիս են առավել վատ վիճակում գտնվող տանիքների նորոգմանը, նշվածներից որոշները հաշվառված են առավել վատթար վիճակում գտնվող տանիքների ցանկում, մնում է սպասել հերթական աջակցության: Դրանից հետո միայն բնակիչները կարող են հուսալ, որ տանիքները կնորոգվեն եւ իրենք այլեւս ստիպված չեն լինի անձրեւոտ օրերին  տանիքից բնակարան լցվող անձրեւաջրերը դույլերով թափել ամեն անգամ:

Իսկ Հայրենական Մեծ պատերազմի վետերան 86-ամյա Գուրգեն Բարսեղյանը եկել էր իր տան համար լուսամուտի ապակիներ ձեռքբերելու խնդրանքով: Դեռեւս հունվարի 15-ից էր դիմում ներկայացրել քաղաքապետարան: Տան ապակիների փոխարեն ցելոֆաններ են փակցված, որի պատճառով քամոտ օրերին տունը ցուրտ է լինում եւ անհրաժեշտ ջերմություն հնարավոր չի լինում ապահովել:

Ժենիկ տատն էլ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի մոտ ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով էր եկել: Ասում է՝ իր աղջկա երեխաներին պահելու համար ֆինանսական հնարավորություն չունի, 30 հազար դրամ թոշակ է ստանում, աղջկա ու թոռների հետ է ապրում: Աղջկա ամուսինը մահացած է, երեխաներին պահողն ինքն ու աղջիկն է, սակայն աղջկա ստացած գումարն ու իր թոշակը չեն բավարարում ընտանիքի ապրուստը հոգալու համար:   Քաղաքապետը խոստացավ կարճ ժամանակում հնարավորության սահմաններում թեկուզ ոչ մեծ գումարով, բայց աջակցել նրան:

Մանե Արզումանյանն էլ եկել էր աշխատանքի տեղավորման հարցով, երեք լեզուների է տիրապետում, սակայն այսօրվա դրությամբ քաղաքում աշխատանք գտնել չի կարողանում:

Արցախյան գոյամարտի մասնակից 63-ամյա Վոլոդյա Հովհաննիսյանն էլ ֆինանսական աջակցության կարիք ունի, առողջական խնդիրներ ունի, բուժում ստանալու համար բավարար գումար է անհրաժեշտ:

«Գնացել էի Երեւան հոսպիտալ, էնտեղից ուղարկեցին «էրեբունի» բժշկական կենտրոն, ստուգվեցի, ասեցին պիտի պառկես, բայց հնարավորություն չունեի ստացիոնար բուժում ստանալու ու չեմ պառկել: Նորից ՀՀ պաշտպանության նախարարությունից գրություն եմ վերցրել, որ պետպատվերի շրջանակներում բժշկական միջոցառումներն իրականացվեն, բայց ինչ պետպատվեր, ամեն քայլափոխի փող են ուզում, ասում են՝  էս մեկը պետպատվերից դուրս է, էն մեկը վճարովի է: Հիմա պետպատվերով կվիրահատվեմ, բայց լրացուցիչ ծախսերի համար գումար է պետք, խնամակալ պիտի վարձեմ եւ այլն, ես էդ գումարի հնարավորությունը չունեմ», – ասաց ազատամարտիկը: Քաղաքապետը պատասխանեց, որ կփորձի օգնել նրան այդ հարցով:

Որոշ քաղաքացիների դիմումները տեղում դրական պատասխան ստացան, սակայն շատերը քաղաքապետարանից հեռանում էին դժգոհ դեմքերով եւ չարդարացված ակնկալիքներով: Պատճառը մեկն է՝ խնդիրները շատ են, իսկ քաղաքապետարանի հնարավորությունը՝ քիչ:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    2012 թ.-ի սեպտեմբերի Կապանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ (եթե դրանք ընտրություններ կարելի է համարել) տեղի ամբողջ ՀՀԿ-ական ֆանֆարը ( սկսած մարզպետից մինչև ՀՀԿ-ին ձուլված Քաջարանի հանքային կլանը) սա էին հրապարակայնորեն ու ամեն առիթով ասում` « 1 տարի հետո լրիվ ուրիշ Կապան ենք ունենալու»: Ու՞ ր է: Եթե Նժդեհի ազնվություն գոնե 1%-ն ունեք,ուրեմն բարի եղեք ՀՐԱԺԱՐԱԿԱՆ տալու` ձեր նախընտրական խոստումները չկատարելու համար:

    Ես Կապանի քաղաքապետին չեմ ճանաչում. անկեղծ ասած,ոնց որ վատ անձ չէ: Բայց մեկը չասի՞- այ մարդ,մտել ես նեո-բոլշևիկյան ՀՀԿ, որ ի՞նչ անես: Հայրենիքը/ ծննդավայրը պաշտոնից թանկ չէ՞:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031