Գազի թանկացման լուրը արդեն դժգոհությունների մեծ ալիք է առաջացրել բնակիչների շրջանում: Եթե գազը մինչեւ 10 խորանարդ մետր սպառողների համար թանկանա մոտ 60%-ով, ինչպես իր հայտում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել է «Հայռուսգազարդ» ընկերությունը, ապա գազ սպառողների համար այս վառելիքը նույնպես անհասանելի կլինի:
Մկրտչյանների ընտանիքը հաշվարկել է ու պարզել, որ եթե այս տարի հունվար, փետրվար ամիսներին, գազը խնայողաբար վառելով ամսական մի կերպ վճարում էին 45 հազար դրամ, ապա եկող ձմռանը պետք է վճարեն 72 հազար դրամ: 50 հազար դրամ աշխատավարձ ստացող տան կերակրողը, ոչ մի կերպ չի պատկերացնում, թե այդ ծախսի տակից ինչպես է դուրս գալու:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց քաղաքացի Մկրտչյանը. «Փաստորեն գալիս են աթարի ժամանակները: Ամբողջ աշխարհն առաջ է գնում մեր երկիրը` հետ: Պահակի`իմ աշխատավարձով գազի վարձի տակից դուրս էինք գալիս, ընտանիքիս օգնություն էր ինչ-որ տեղ»:
60%-ով գազի գնի բարձրացումը ոչ միայն շարքային սպառողի գրպանին է վնասելու, այլեւ փոքր բիզնես է բավականին տուժելու: Aravot.am-ի հետ զրույցում «Գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանն ասաց, որ վերջերս ուսումնասիրություն են կատարել եւ պարզել, որ փոքր բիզնեսի ապրանքատեսակների ու ծառայությունների սպառումն, առանց այս թանկացման էլ բավականին նվազել է, իսկ գազի թանկացումից հետո ավելի կնվազի:
Կարդացեք նաև
Պարոն Մակարյանի խոսքերով` 4-5 հոգանոց ընտանիքներն էլ են ընկնում են այդ սանդղակի մեջ, գազի վերջին թանկացումից հետո մի շարք գյուղերում սկսեցին փայտ վառել, էլեկտրաէներգիան էր որոշակիորեն մրցակցում գազի հետ, տաքացնող էլեկտրական սարքավորումներն ավելի ձեռնտու է դառնում. «Որքան էլ մարդիկ քիչ վառեն գազ, ամիսը 60-70 հազար դրամի վառում էին, 60% թանկացումը նշանակում է ամիսը 100 հազարին հասնող գումար, այսինքն` ձմեռվա 3 ամսվա կտրվածքով մոտ 120 հազար դրամ ավելի է վճարելու»: Բացի այդ, ըստ պարոն Մակարյանի, փոքր արտադրողներն էլ այդ 10 հազար խորանարդը չեն անցնում եւ նորից ընկնում են այդ սանդղակի մեջ: Սա նշանակում է ապրանքի ինքնարժեքն է բավականին ավելանալու, որովհետեւ փոքր արտադրողի, կամ որեւէ ծառայություն մատուցող ընկերության ծախսերն այդ չափով ավելանալու են. «Մի խնդիր կա, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայռուսգազարդի» դիմումը բավարարելով, պիտի հաշվի առնի, որ փոքր բիզնեսն այսօր սպառում չունի`աղքատության եւ քաղաքացիների, գնորդների քանակի նվազման հետեւանքով: Երբ ապրանքը թանկացնում են եւ եթե աղքատությունը նույնը մնա, ապա նշանակում է արհեստականորեն ավելի քիչ մարդկանց ենք հասանելի դարձնում նույն ապրանքին: Մարդիկ, որոնք աղքատ չեն համարվում, բայց դրա եզրին են, հիմա եթե պիտի վճարեն որեւէ ապրանքի համար, ասենք`100 դրամ, իսկ գազի թանկացումից հետո`130-140 դրամ, ապա 10-15%-ով այդ ապրանքի սպառումը կնազի, որովհետեւ մարդիկ գումարներ չունեն»:
«ՀայՌուսգազարդի» պաշտոնական կայքէջում այսօր տեղադրված հաղորդագրության համաձայն`ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող բաժանորդներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը`132 հազար դրամ (մոտ 315 դոլար)` ներառյալ ավելացված արժեքի հարկը, առաջարկվում է դարձնել 221 հազար դրամ`ներառյալ ԱԱՀ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ