Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ ՀՀՇ-ն Վանո Սիրադեղյանի գնալուց հետո վերածվել է գեղի կլուբի: Այսօր հրավիրած ասուլիսում, այս առնչությամբ, Ալեքսանդր Արզումանյանն այդ քննադատությունը չընդունեց: Նրա խոսքերով՝ «Ես մեծ փորձ չունեմ գեղի կլուբի: Հարցրեք նրանց, ովքեր ունեն մեծ փորձ: Ամեն ինչ գրված է հայտարարությունում: Մենք մեր անցյալից չենք ամաչում: Մասնավոր շրջանի տեր չենք կարող լինել, մենք հայտարարում ենք, որ մենք 25 տարվա տերն ենք, ընդունում ենք թե՛ հաջողությունները, եւ թե՛ ձախողումները: Այնպիսի հանճարեղ մարդ, ինչպիսին Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ունի իրավունք իր կարծիքն ունենալու եւ սխալվելու»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀՀՇ նոր կուսակցություն ստեղծելու հետ կապված, հարցրե՞լ եք, ունե՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքը՝ Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ ոչ նրա, ոչ էլ Բուշի, ոչ էլ որեւէ մեկի կարծիքը չեն հարցրել, իրենք ազատ մարդիկ են:
ՀՀՇ նոր կուսակցություն բացելու համար արդեն խորհրդակցել են Արդարադատության նախարարության հետ: Եթե ՀՀՇ-ն չփոխվեր ՀԱԿ, միգուցե խնդիրներ լինեին, բայց Արարատ Զուրաբյանի խոսքերով՝ մարդիկ կամավոր հրաժարվել են:
Արարատ Զուրաբյանը վստահեցրեց, որ իրենք կապացուցեն, որ իրենց գաղափարախոսությունը եւ ճանապարհն ավելի ճիշտ է:
Հարցին՝ ՀՀՇ-ի շենքը ո՞ւմ է մնալու՝ Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց, որ իրենք գույքի իրավահաջորդը չեն՝ գաղափարախոսության իրավահաջորդն են. «Մեծահոգաբար նվիրում ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ