Այսօր հրավիրած ասուլիսում, ՀՀՇ նոր կուսակցություն ստեղծելու առնչությամբ, լրագրողները հետաքրքրվեցին նախաձեռնող անդամներից, թե ո՞վ է ֆինանսավորելու այդ կուսակցությունը՝ Արարատ Զուրաբյա՞նը: Պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Կուսակցությունը ֆինանսավորվելու է բաց եւ թափանցիկ՝ անդամավճարի ձեւով: Կուսակցությունների մի մասին ֆինանսավորում է իշխանությունը, մի մասին ֆինանսավորում է մեկ այլ կառույց, անուններ չտամ, բոլորն ամեն ինչ գիտեն: Մենք փառք Աստծո, գտել ենք ճանապարհը, գտնում ենք, որ մեր ծախսերը պետք է հավասար բաշխենք մեր անդամների միջեւ»:
Թե որոնք են լինելու կուսակցության գլխավոր անելիքները՝ Կարապետ Ռուբինյանը պատասխանեց, որ դեռ մարդկանց հետ քննարկումների, հանդիպումների երկարատեւ շարք են սկսում. «Հիմնականը լինելու է մինչեւ աշուն կազմավորվել, համագումար անել, նորմալ կուսակցական գործունեությունը սկսել:
Արարատ Զուրաբյանի խոսքերով՝ Հայաստանում բռնապետական ռեժիմ է, որի դեմ պայքարել ենք տարիներ շարունակ եւ պայքարելու ենք: Մի բան ակնհայտ է, մեր գնահատականները միշտ եղել են բարձրաձայն արտահայտվող, դրա համար ժամանակ առ ժամանակ հայտնվել ենք նեղ պայմաններում, բայց երբեւէ մեր գաղափարներից կամ մոտեցումներից չենք հրաժարվել»:
Ալեքսանդր Արզումանյանը վստահեցրեց, որ իրենք պատրաստ են բոլորի հետ քննարկում անել՝ խնդիրների շուրջ: Անգամ կարելի է համագործակցել ՀԱԿ-ի հետ, բայց՝ խնդրի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչո՞ւ որոշեցիք ՀՀՇ կուսակցության մասին հայտարարել ընտրություններից հետո՝ Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Միշտ գայթակղություն կա ընտրություններից առաջ որոշակի գործողությունների գնալ, բայց մեզ կմեղադրեին այս կամ այն պրոցեսը խափանելու մեջ: Մենք նախընտրեցինք այս պրոցեսի մասին հայտարարել հետընտրական պրոցեսից հետո»:
Ուշագրավ է, որ ՀՀՇ նոր կուսակցության նախագահ չի լինելու, կոլեգիալ է կառավարվելու. «Միանձնյա լիդերների դարը, աղանդավորական այդ մոդելը այլեւս մնացել է 19-րդ դարում»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ