«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կայքում դրված է հայտարարություն, ըստ որի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է 2013 թվականի երրորդ եռամսյակի` հ/կ-ների կողմից դրամաշնորհային ծրագրերի հայտերի առցանց ներկայացման մրցույթ: Վերջնաժամկետն էլ մայիսի 31-ն է:
Aravot.am-ը դժգոհություններ էր ստացել, որ հայտարարության մեջ ձեւակերպումներն անորոշ են, օրինակ՝ չի հասկացվում, թե ինչ ասել է՝
«Ա», «Բ» «Գ» եւ «Դ» տեսակի ծրագրային ձեւեր», եւ էլեկտրոնային որեւէ հասցե չկա, չնայած պահանջվում է առցանց գրանցում: Հայտատուները դժգոհել էին նաեւ, որ ծրագրային հայտերի լրացման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ եւ պարզաբանումներ ստանալու համար կայքում նշված (077) 10-45-47 հեռախոսահամարը երբեք չի պատասխանում:
Aravot.am-ը կապվեց Ծրագրերի իրականացման բաժնի պետ Ռոզա Հակոբյանի հետ: Վերջինս հայտնեց, թե հայտատուները նախ պետք է որպես հ/կ գրանցվեն cragrer.am կայքում, որտեղ նշված են այսպես կոչված՝ «Ա», «Բ» «Գ» եւ «Դ» տեսակի ծրագրային ձեւերը, որից հետո նրանց կուղարկվեն համապատասխան բլանկներ՝սեփական ծրագրերը դրանց մեջ ներբեռնելու համար: Մեր դիտարկմանը, թե «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» կայքում զետեղված հայտարարության մեջ ոչ մի տեղեկություն չկա cragrer.am-ում գրանցվելու մասին, Ռոզա Հակոբյանը պատասխանեց՝ իրավացի եք:
Արդյոք այս հայտարարության տեղադրումը ձեւակա՞ն բնույթ չի կրում, մանավանդ (077) 10-45-47 հեռախոսահամարը երբեք չի պատասխանում:
Կարդացեք նաև
Aravot.am-ի այս հարցին ի պատասխան էլ մեր զրուցակիցը ասաց, թե այդ համարը ոչ մեկի բջջային հեռախոսահամարը չէ, ընդամենը հեռախոսահամար է, որը միացված է ինտերնետին, դրա համար էլ հաճախ անհասանելի է:
Հետաքրքրվեցինք, թե քանի՞ հ/կ է գրանցվել՝դրամաշնորհ ստանալու համար:
Ռոզա Հակոբյանի խոսքով, երկրորդ եռամսյակում դրանց թիվը հասնում է 40-ի, մի մասն էլ արդեն դրամաշնորհ ստացել է: Իսկ հայտնի՞, թե՞ անհայտ հ/կ-ներ են, եւ ի՞նչ երաշխիք, որ այդ գումարները չեն փոշիացվի, ինչպես հայտնի պատմության պարագայում :
«Հենց այնպես գումարը չի տրամադրվում, լրիվ վերահսկվում է»,-հավաստիացրեց Ծրագրերի իրականացման պետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Գոհար Հակոբյանը, իրոք, կարևոր հարց է արծարծում: Կեղծ մրցույթների դիմակի տակ իրականում պետական գումարներն են վատնում: Դրա համար էր ամեն ինչ արվում է, որ կեղծ մրցույթների տեղն էլ չիմանան: Լրագրողը լավ էլ հայտնաբերել է նրանց: Հետաքրքիր կլինի հետևել զարգացումներին: Ովքեր են ստանալու այդ գումարներն ի վերջո: