Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզը, ձեռառնոցին, պետությունն ու «Բարեւ Երեւան»-ի, ՀԱԿ-ի դիմումները

Մայիս 14,2013 16:10

ՀՀ վարչական դատարան է ներկայացվել ԿԸՀ-ում «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի հայցադիմումը ԿԸՀ մայիսի 11-ին կայացրած 107-Ա որոշումը վիճարկելու մասին: Մատնանշելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ, որոնք կոպտորեն խախտվել են ԿԸՀ գործողություններով եւ կայացրած 107-Ա որոշմամբ, դատարանից խնդրվել է նշյալ որոշումը վերացնել եւ ԿԸՀ-ին պարտավորեցնել քննարկելու «Բարեւ Երեւան» դաշինքի մայիսի 10-ի դիմումը Երեւանի ավագանու ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու մասին:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն էլ (ՀԱԿ) երկուշաբթի հանցագործության մասին հաղորդումների փաթեթ է ուղարկել Հատուկ քննչական ծառայություն` պահանջելով քրեական գործեր հարուցել, նախաքննություն սկսել Երեւանի մի շարք ընտրատեղամասերում իրենց վկայակոչած «հանցագործության փաստերի» առնչությամբ, հայտնաբերել եւ քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Aravot.am-ը փաստաբանների հետ զրույցում հետաքրքրվեց` որքանո՞վ են հիմնավոր վերոնշյալ դիմումները և ընդհանրապես ի՞նչ ակնկալիքներ կան այդ գործերի քննության ընթացքից:

Փաստաբան Կարեն Մեժլումյանը պատասխանեց. «Եթե հանցագործություն է կատարվել և եթե հիմնավորվեն այդ փաստերը, պետք է քրեական գործ հարուցվի: Եթե հանցագործության մասին դիմում և փաստեր կան, որ դա պիտի եղած լինի, պիտի քրեական գործի շրջանակներում պարզվի, թե տվյալ դեպքը տեղի ունեցե՞լ է, ովքե՞ր են եղել կազմակերպիչները»:

Հետաքրքրվեցինք` այդ գործերի արդար քննության հարցում նկատվո՞ւմ է ՀՀ իշխանությունների և դատական համակարգի կամքի դրսևորում: Պարոն Մեժլումյանը պատասխանեց. «Ավելի շատ հակված եմ կարծել, որ կամք չկա: Հակառակ դեպքում մամուլի հաղորդագրությունների, ԶԼՄ հրապարակումների փաստերի առթիվ քրեական գործ կհարուցվեր: Եթե պրակտիկ տեսանկյունից ենք նայում, ապա իմաստ չունի, հեռանկարը շատ քիչ է: Մյուս կողմից էլ քաղաքական և իրավական նպատակներից ելնելով անհրաժեշտ է այդպիսի դիմումներ տալը, քանի որ սա ևս մի ամբիոն է առկա խախտումները նորից ցույց տալու համար»:

«Ֆորում իրավունքի կենտրոնի» նախագահ Տիգրան Տեր-Եսայանն էլ ասաց. «Ի՞նչ ընթացքի մասին է խոսքը, քանի որ բովանդակությունը մոտավորապես բոլորին պարզ է: Մենք ուզում ենք, որ այս պետությունը կայանա և նմանատիպ դիմումներն իրենց ընթացակարգով լսվեն: Ինձ թվում է, որ մարդիկ շատ ժամանակ ուղերձ են ուղարկում բնակչին` խնդրելով իրենց ձայնը տալ իրեն ու իր թիմին, բայց պիտի հաշվի առնեն, որ վաղը մյուս օրը նրանք հիշելու են իրենց ուղարկած ուղերձները: Դա լինի նախագահական ընտրություն, ԱԺ ընտրություն, թե ավագանու, թե գյուղապետի: Չեք կարող ընտրություն անել, թողեք գնացեք: Թե չէ դիմում ուղարկելը, քանի տարի դիմումները կմնան առանց քննության, քննություն կլինի, կազդի, թե չի ազդի ընթացակարգի վրա, ձեռառնոցի է: Սա մանկապարտե՞զ է, թե՞ պետություն: Ասենք ՀԱԿ-ն ու «Բարև Երևանը» դիմել են: Հետո ինչ, թաղայինին կտան ոստիկանապետ, ոստիկանապետին կտան էկոնոմիկայի նախարար, էկոնոմիկայի նախարարին կուղարկեն մարզում ավագ տեսուչ»:

ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանից էլ հետաքրքրվեցինք` ի՞նչ ակնկալիքներ ունեն ՀՔԾ-ից` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մամուլում բազում ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումների առիթով այդպես էլ քրեական գործեր չհարուցվեցին: Պարոն Խաչատրյանը ի պատասխան նշեց. «Ակնկալիքն այն է, որ մեղավոր անձանց նկատմամբ սկսվի քրեական հետապնդում և նրանք ենթարկվեն պատասխանատվության: Այլ ակնկալիք ՀՔԾ-ից օրենքով նախատեսված չէ սպասել: Ու եթե ակնկալիք չունենայինք, հաղորդումները չէինք ուղարկի: Այն, որ ՀՔԾ-ն սպասարկել է իշխանությանը, ակնհայտ է, բայց մյուս կողմից էլ կան հարուցված քրեական գործեր, որոնց նախաքննությունը կատարվում է: Դրանց ավարտից հետո մեկ անգամ ևս պարզ կլինի ՀՔԾ-ն սպասարկե՞ց իշխանություններին, կամ եթե ակնհայտ հանցագործությունների դեպքերի արդյունքում մեղադրական եզրակացություններով գործը գնա դատարան, կարձանագրվի, որ ՀՔԾ-ն կատարել է իր պարտականությունները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031