Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ-ում ավիաընկերությունները չհիմնավորեցին, թե ինչու են թանկացրել տոմսերը

Մայիս 14,2013 15:45

Այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը

դեպի Հայաստան եւ մեր հանրապետությունից դուրս չվերթներ իրականացնող ավիաընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նիստ էր հրավիրել, հենց ավիաընկերությունների ներկայացուցիչներից պարզելու, թե «Արմավիա»-ի փակվելուց հետո նրանցից ոմանք ինչու են թանկացրել ավիատոմսերի գները: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտնեց, որ ուղեւորներից մեկի դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ն «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցել: Տվյալ ուղեւորը դեպի Դուբայ տոմսը գնել է բավականին թանկ գնով: Եվ բացի այդ, հանձնաժողովին տեղեկություններ է հասել, որ այս ավիաընկերությունը նույնպես օգտվելով առիթից, որ ավիաշուկայում «Արմավիա»-ից հետո միակն է մնացել դեպի Դուբայ չվերթ կատարող, կտրուկ բարձրացրել է իր ավիատոմսերի գները:

Պարոն Շաբոյանը նշեց, որ հայաստանյան ավիացիայի ոլորտում մեկ ամիս ուսումնասիրություն կատարելու համար հանձնաժողովը հրավիրել է ԱՄՆ տնտեսական մրցակցության ոլորտի փորձագետի:

Նշենք, որ տոմսերի գները բարձրացրած ավիաընկերությունների ներկայացուցիչներն այդպես էլ ամբողջական տեղեկատվություն չէին տրամադրել հանձնաժողովին, թե որտեղից են գոյացել տոմսերի թանկ գները, ինչ հաշվարկներով եւ այլն:
«Ֆլայ Դուբայ» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վաչագան Սարգսյանն ընդունեց, որ ավիատոմսերի գնային փոփոխություն իրենց մոտ տեղի է ունեցել, սակայն այդ փաստը պարոն Սարգսյանը պայմանավորեց ոչ թե «Արմավիա»-ի շուկայից հանկարծակի դուրս գալով, այլ «Ֆլայ Դուբայում» որոշ սեզոնի իրականացրած մեծ ակցիաներով, ինչի արդյունքում մոտ 40 հազար դրամով նվազել է ավիատոմսի գինը. «Արդեն երրորդ տարին հունվար, փետրվար, մարտ ամիսներին իրականացնում ենք հատուկ ակցիաներ՝ խթանելու ուղեւորների հոսքը: Ամեն երկրոդ ուղեւորին 40 հազար դրամ զեղչ է արվել, իրականացրել ենք մեծ վաճառք տոմսերի, ամեն չվերթի վրա մենք ապահովել ենք 100 ուղեւոր: Ինչ վերաբերում է բարձր գնով ավիատոմսը ձեռք բերած ուղեւորին, ապա 189 տեղանոց ինքնաթիռում մնացել էր ընդամենը երկու տեղ, որոնք թանկ տեղեր էին»:

Ակցիայից հետո «Ֆլայ Դուբայը» ավիատոմսերի գները բարձրացրել է ակցիայի

հետեւանքով ունեցած վնասները ծածկելու համար:

Վ. Սարգսյանը նշեց, որ «Արմավիա»-ի փակվելուց հետո իսկապես հավելյալ պահանջարկ կա, ուստի ընկերությունը դիմել է ՀՀ քաղավիացիա, շաբաթական յոթ չվերթ իրականացնելու համար, սակայն մերժում է ստացել: Քաղավիացիայի ներկայացուցիչը մերժումն այսպես բացատրեց. «Քանի որ պասիվ սեզոնին «Ֆլայ Դուբայ»-ի ինքնաթիռները թռչում են 50-60 դատարկ նստատեղով, բացի այդ, հայկական ավիաշուկա մտնելու ցանկություն է հայտնել «Ալ Արաբիա» ավիաընկերությունը, այդ պարագայում շուկան կլինի գերհագեցած, վաղը իր առաջարկը պահանջարկից շատ կլինի, որը կբերի նրա չվերթների դադարեցման»:

«Սիբիրավիա» ավիաընկերության ներկայացուցիչ Մուշեղ Սահակյանը Երեւան-Մոսկվա-Երեւան ավիատոմսի գնի բարձրացումը պայմանավորեց մեկնելու համար ակտիվ սեզոնով՝ վստահեցնելով, որ ուղեւորահոսքը ապահովել են «խոպանչիները», որոնք ապրիլին Հայաստանից մեկնել են արտագնա աշխատանքի. «Մի որեւէ ավիաընկերություն, որն առանց զգուշացման շուկայից դուրս է գալիս, բնական է, որ պետք է տեղի ունենան փոփոխություններ»:

Մուշեղ Սահակյանն օրինակ բերելով Մոսկվա-Թբիլիսի եւ Մոսկվա-Բաքու ուղղությունը, վստահեցրեց, որ Մոսկվա-Երեւան ավիատոմսը դեռ մի բան էլ էժան է:

Գների կարճաժամկետ ցնցումը բնական համարեց նաեւ «Իրան Ասեմա» ավիաընկերության ներկայացուցիչ Առլեն Դավուդյանը. «Մի օրվա մեջ մի ավիաընկերություն միանգամից կորում է: Եթե մեզ համար գոնե պարզ լինի այն սցենարը, որ Հայաստանը կունենա, թե չի ունենա ազգային ավիափոխադրող, մեզ կօգնի պլանավորել մեր աշխատանքը, չգիտենք ընդգրկենք լրացուցիչ օդանավ, թե ոչ, Թեհրանի պարագայում ամառային չվացուցակով ենք ներկա դրությամբ ծառայություն մատուցում, եւ մեր գներն այն է, ինչով սկսել ենք, եթե կարողանանք օդանավի տիպերը փոխենք, ավելի լավ կլինի»:

«Ավստրիական ավիաուղիների» ներկայացուցիչ Լուկաս Նեգեդլին հավաստիացրեց, որ «Արմավիա»-ի փակվելը ոչ մի կերպ չի ազդել իրենց գնային քաղաքականության վրա եւ այս ավիաընկերությունը ինչքանով որ վաճառել է ավիատոմսերը, այդքանով էլ ներկայումս է վաճառում:

Արտակ Շաբոյանը ԱՄՆ-ից ժամանած փորձագետին խնդրեց հակիրճ կարծիք հայտնել: «Գնային աճը բնական է առաջարկի կրճատման պահանջարկի մեծացման պարագայում»,-բավականին հակիրճ ասաց փորձագետը:

Հիշեցնենք, որ «Արմավիա» ավիաընկերության փակվելուց հետո, մեր երկրում ավիատոմսերի գները միանգամից բարձրացան: Հիմնականում թանկացան այն ուղղությունները, որտեղ հայերը շատ են մեկնում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031