Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանին հորդորեցին՝ մի քիչ շուտ-շուտ երեւացեք (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 14,2013 15:35
PrevPhoto
NextPhoto

Քիչ հետո Աբովյան քաղաքում  կսկսվի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կառուցած Սուրբ Հովհաննես եկեղեցու օծման արարողությունը: Այստեղ ներկա է քաղաքական դաշտի ողջ էլիտան:

Բացման արարողությանը մասնակցում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը ժամանել է տիկնոջ հետ: Նրանց դիմավորեց Գագիկ Ծառուկյանը: Պարոն Քոչարյանը չպատասխանեց լրագրողների հարցերին, ժպտալով, աջուձախ բարեւելով քաղաքական գործիչներին, մտավ եկեղեցի: ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանին դիմելով՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ «էլ թազա բաներ չունե՞ք պատմելու»: Հետեւի շարքում կանգնածներից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանին հորդորեց՝ մի քիչ շուտ-շուտ երեւացեք:

Ժամանել է նաեւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Նրան նույնպես դիմավորեց Գագիկ Ծառուկյանը: Վերջիններս արդեն բավականին երկար ժամանակ կանգնած զրուցում են:

Ի դեպ, լրագրողների հետ կարճ զրույցում Գագիկ Ծառուկյանն ասաց, որ նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին է հրավեր ուղարկել: Հիշեցնենք, որ եկեղեցու բացման արարողությանը հրավիրվել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Եկեղեցին բոլորինն է, հայ ժողովրդինը, բոլորին էլ հրավիրել ենք, բոլորի առաջ Աստծո դուռը բաց է»: Լրագրողներից մեկի հարցին՝ եթե իր հրավերները չընդունվեն՝ ինչպե՞ս կընկալվի, Գագիկ Ծառուկյանն ասաց՝ «Թող իրենք իրենց խղճի առաջ պատասխան տան: Մենք բոլորին հրավիրել ենք»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք իր այդ քայլով  պարոն Ծառուկյանը ցանկացել է միավորել բոլորին: Պարոն Ծառուկյանն ասաց. «Հետայսու պետք է միավորում լինի, որ հաջողություն, հաղթանակ ու զարգացում լինի»: Մեկ այլ հարցի՝ Ձեր առանցքի շո՞ւրջ է միավորումը լինելու, Ծառուկյանը պատասխանեց. «Ընդհանուր բոլորը իրար հետ պիտի կարողանան միավորվել, քանի որ մեր բոլորի ուզածը մի բան է՝ համերաշխություն, զարգացում, բարեկեցություն»:

Հարցին՝ ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է լինելու, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող լինել, քանի որ 3-4 ընդդիմադիր կուսակցություն կա: Նա ասաց, որ ԲՀԿ-ն արդեն հայտարարել է՝ կողմնակից է նրան, ինչն օգուտ ու ձեռնտու է մեր ժողովրդին.  «Մենք այդ սկզբունքով արել ենք ու շարունակելու ենք անել»:

Նա մեկ անգամ եւս կրկնեց, որ քաղաքականության մեջ չի մտել անձնական շահի, քծնանքի համար, այլ երկրի հզորացման ու զարգացման:

Ի դեպ, Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողությանը մասնակցում էր նաեւ նախագահ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, ով վերջերս նշանակվեց Վատիկանում ՀՀ դեսպան: Պարոն Մինասյանը լրագրողների հարցերին չպատասխանեց, անգամ չցանկացավ հստակեցնել՝ արդյոք այս առիթո՞վ է ժամանել Հայաստան:

Ներկա չէ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ani says:

    Մի լսեք հետևի շարքերում կանգնած կեղծավորներին: դուք պիտի ընդհանրապես չերևաք: Այդպես ավելի լավ կլինի համ Ձեր համար, համ մեր նյարդերի համար

  2. Maxim says:

    Իմչքաան ստրկամտություն կա իմ ազգի մեջ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031