Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ստել Քոչարյանը՝ ցուցմունքում գրելով, թե ջերմ ու մոտ է եղել Յուրի Բախշյանի հետ

Մայիս 14,2013 15:15

Օրերս կայքերում վերստին հրապարակվեցին Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքները Հոկտեմբերի 27-ի քրեական գործով: Ցուցմունքում Ռոբերտ Քոչարյանը նշել է, թե տուժածներից ում հետ ինչպիսի հարաբերություններ է ունեցել: Եվ Յուրի Բախշյանի հետ կապված՝ նա նշել է. «Յուրի Բախշյանին ճանաչել եմ ավելի վաղ, երբ քաղաքապետի տեղակալն էր, կարծեմ քաղաքապետ Վ. Խաչատրյանի օրոք: Եղել են ջերմ, մոտ հարաբերություններ»:

Այսօր Aravot.am-ը Յուրի Բախշյանի կնոջից՝ Անահիտ Բախշյանից հետաքրքրվեց, թե իսկապե՞ս մոտ եւ ջերմ հարաբերություններ են ունեցել իր ամուսինն ու ՀՀ երկրորդ նախագահը: Տիկին Բախշյանը վստահեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանն անկեղծ չէ, քանի որ նրանք մոտ չեն եղել. «Ես ընդհանրապես չեմ լսել Յուրայից, որ ինքը Քոչարյանի հետ հատկապես մոտ է: Ես այդ դեպքերից հետո, երբ Յուրայի գրասեղանի ամբողջ գրանցումները բերեցի եւ կարդացի, այնտեղ այո, մի քանի տեղ գրված էր՝ հանդիպում Քոչարյանի հետ եւ կողքն էլ ինչ-որ մարդկանց անուններ էին գրված: Այսինքն՝ գործնական հանդիպումներ, բայց՝ ոչ մոտ: Ես չեմ հավատում, որ ջերմ հարաբերություններ են եղել: Իհարկե, իրար հետ ծանոթ են եղել եւ գործնական հարաբերություններ են ունեցել»:

Ընդհանուր առմամբ, Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքը տիկին Բախշյանի համար նորություն չի եղել, քանի որ դատավարության ընթացքում հասկացել է, որ նա անկեղծ չի եղել:

Անահիտ Բախշյանը պատմեց, որ Հոկտեմբերի 27-ից հետո՝ նոյեմբերի 26-ին, Ռոբերտ Քոչարյանն ու առաջին տիկինը՝ Բելլա Քոչարյանը գնացել են իրենց տուն՝ ցավակցելու եւ մխիթարանքի. «Այդ օրը ես որեւէ կասկած չունեի, չէի ընկալում, թե ինչպես կարող է մարդը իր նստած ծառի ճյուղը կտրել: Հետագայում՝ դատավարության ընթացքում, ինձ համար շատ բաներ բացահայտվեցին եւ այդ հեռավորությունից նայելով՝ նորից կարդացի այդ ցուցմունքը: Հաստատ անկեղծ չէր եւ հաստատ իրականությունը չէր: Առնչությունը ամեն տեղ հերքում է, բայց դատավարությունն էլ ցույց տվեց, որ այնքան էլ անկեղծ չէ, հակառակ դեպքում բոլոր այն մարդկանց, ում մեր փաստաբանը ուզում էր հրավիրել հարցաքննության, դատարանը բոլորը մերժեց: Ես լավ հիշում եմ իր խոսքերը մեր տանը: Նա ասում էր, որ ամեն ինչ անելու եմ՝ բացահայտելու համա՜ր, դրսից մա՜րդ եմ բերելու, էս եմ անելո՜ւ: Ես էլ միամիտս հերթական անգամ ասացի, որ գիտեք, եթե դուք ամեն ինչ չանեք բացահայտելու համար, ձեզ են կասկածելու: Ասաց՝ գիտեմ: Հետեւաբար այդ հարցաքննությունը ֆորմալ չափ ու ձեւի մեջ արած բան է»:

Տիկին Բախշյանն ասաց, որ դա Ռոբերտ Քոչարյանի առաջին եւ վերջին այցելությունն է եղել իրենց տուն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031