Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԸՀ անդամներին ես անվանում եմ ռեժիմի հարճեր»

Մայիս 14,2013 14:31

Ընդդիմության երեք սխալները՝ ըստ Ստեփան Սաֆարյանի

– Շաբաթ օրը ԿԸՀ-ն մերժեց հանձնաժողովում «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի դիմումը՝ մայիսի 5-ի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին: Երեկ դաշինքը որոշեց ԿԸՀ-ի որոշումը վիճարկել դատական կարգով: Ի՞նչ ակնկալիքներով, մանավանդ, որ առանձին տեղամասերում վերահաշվարկը ցույց տվեց, որ էական փոփոխություններ չեն լինում:

– Ես եւս մեկ անգամ ցանկանում եմ հստակեցնել, որ «Բարեւ Երեւան» դաշինքը վերահաշվարկի պահանջներ ներկայացնելիս առավելապես ցանկություն է ունեցել ծանոթանալ գրանցամատյաններում առկա արձանագրությունների եւ ստորագրություններով ընտրացուցակների հետ: Մենք ցանկանում էինք ստուգել այն տվյալները, որոնք քաղաքացիները փոխանցել էին մեզ մինչ ընտրությունները՝ ընտրացուցակներում առկա ընտրողների կամ բացակայող ընտրողների վերաբերյալ: Միգուցե մյուս քաղաքական ուժերը վերահաշվարկ պահանջելիս մտածում էին, որ քվեաթերթիկներում ինչ-որ անճշտություններ կան, բայց մենք այդ խնդիրներին ծանոթանում էինք հենց ընտրությունների ընթացքում, քանի որ ի տարբերություն նախագահական ընտրությունների՝ չնչին բացառություններով բոլոր տեղամասերում էլ մեր ներկայացուցիչներն ունեինք: Վերահաշվարկը մեզ տվեց մեկ այլ բան՝ բազմաթիվ արձանագրություններ մեր եւ այլ քաղաքական ուժերի վստահված անձերի կողմից կազմվել էին հենց գրանցամատյաններում: Մեր ձեռքի տակ են դրանց բոլորի պատճենները, եւ մինչ վերահաշվարկն արդեն մեր ձեռքի տակ եղած արձանագրությունների հետ հսկայական տվյալների բազա են: Դրանք վերաբերում են տեղամասերի առնվազն 1/3-ում, եթե ոչ ավելիում, տեղ գտած թերացումներին, որտեղ ընտրությունները կարող են անվավեր ճանաչվել: ԿԸՀ-ն, իմանալով այս ամենի մասին, ոչ պատահականորեն մերժեց դիմումը՝ հղում անելով հարցի ֆորմալ կողմին, թե իբր դիմումատուն պատշաճ դիմումատու չէ, պետք է դաշինքը դիմեր: Իրականում ես վստահեցնում եմ, որ ԿԸՀ-ն մտահոգված էր հենց այն փաստից, որ վերջին ընտրություններում սա առաջին դեպքն էր, որ չափազանց լավ, հանգամանորեն վերլուծված, բծախնդրորեն կազմված ապացույցներով դիմում էր ներկայացվել: Պատահական չէր նաեւ այն, որ վերահաշվարկի ողջ ընթացքում հեռուստաընկերություններով առավելապես փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե վերահաշվարկը որեւէ արդյունք չի տալիս, ամեն ինչ նորմալ է: Մինչդեռ իրականում ընտրատեղամասերում կան կազմված այնպիսի արձանագրություններ, որոնք վկայում են, որ տվյալ տեղամասում պատշաճ ընտրական գործընթաց չի կազմվել, ընտրական հանձնաժողովն ու ոստիկանությունն էլ բացարձակապես չեն իրականացրել իրենց հիմնական գործառույթները՝ թե կուտակումների, թե այնպիսի մարդկանց ներկայությունը կանխելու համար, որոնք տեղամասերում գտնվելու իրավունք չունեին եւ այլն: Չափազանց շատ են նման փաստերը:

– Եթե նման ծանրակշիռ փաստարկներ կային, ինչո՞ւ ԿԸՀ-ի դիմումը պատշաճ չներկայացվեց:

– Վրիպումը ֆորմալ է, բայց ԿԸՀ-ն, որն իրականում կոչված է բովանդակային մասով ընտրությունները վերահսկել, մի կողմ է դնում այն, թե ինչ խախտումներ են եղել, ու ասում է, թե դիմումը պատշաճ չէ: Մենք իրենց ասում ենք՝ փրկենք երկրի  ընտրական համակարգը, իրենք ասում են՝ ոչ, դիմումատուն պատշաճ չէ: Զավեշտ է: ԿԸՀ անդամներին ես անվանում եմ ռեժիմի հարճեր՝ այլ անվանում կրելու արժանիքը նրանք չունեն, քանի որ արդեն որերորդ ընտրությունն է՝ ցույց են տալիս, որ ընտրությունն իրենց համար ընդամենը ֆորմալություն է, ոչ ավելին: Նրանք նստած են այնտեղ՝ օրինականացնելու իշխանության ուզուրպացիան, անօրինական վերարտադրությունը:

– Ինչպես բոլորս, այդպես էլ «Ժառանգությունում» շատ լավ գիտեին այդ իրողությունները, մի՞թե բարդ էր այդ ֆորմալ, ձեւական կողմը պահելով դիմումը ներկայացնել ԿԸՀ:

– Բայց եթե դաշինքը ԿԸՀ-ում ունի լիազոր ներկայացուցիչ, կոնկրետ ինչ-որ մի անձի լիազորել է իր շահերը ներկայացնելու՝ կներեք, բայց իրենց վեճը բացարձակ տեղին չէ: Այդ դեպքում ինչո՞ւ մնացյալ հարցերում չէին ասում՝ թող Լուսինե Պետրոսյանը չներկայացնի դաշինքի շահերը ԿԸՀ-ում: Բա լիազոր ներկայացուցիչը հենց նրա համար է, որ շահերն ու բողոքները ներկայացնի: Նախկինում իրենք՝ ԿԸՀ-ն, մշտապես ստել են, թե՝ խախտումների վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվել, ստել են այն պարզ պատճառով, որ գրանցամատյանները պահվել են իրենց մոտ, եւ մենք չէինք կարող ունենալ ամբողջ հանրապետության տարածքում առկա գրանցամատյանների պատճենները: Այս անգամ, մենք ստացել էինք  բոլոր գրանցամատյանները եւ արձանագրությունների պատճենները. իրենք դրանից են անհանգստացած եւ դրա համար էլ այդ «վեճը» սկսեցին:

Ի դեպ, Ավանի ընտրությունները վիճարկելիս ինձ անգամ ֆորմալ առումով ներկայացնելու բան չեն ունեցել, բայց դրանից բան չի փոխվում: Իրենք ուղղակի ռեժիմի կամակատարներն են եւ այնտեղ դրված են այլ ֆունկցիա իրականացնելու համար ու կատարում են այդ ֆունկցիան: Եթե ես ասեմ, որ մենք սպասում էինք, որ ԿԸՀ-ն ընտրությունները չեղյալ է հայտարարելու, սուտ կլինի: Պարզապես դա հետընտրական բողոքարկման եւս մեկ հնարավորություն է, որն արել ենք:

– ԿԸՀ-ի որոշումը վիճարկելն է՞լ այդ տրամաբանության մեջ է:

– Այո, իհարկե: Բայց իրենք այնքան վախեցած են, որ որոշ տեղամասերում մեր հանձնաժողովների անդամներին ինչ-որ շնորհակալական թղթեր են պարտադրել ստորագրել: Իրենք գիտեն, որ «կեղտը տակն է», պարզապես փորձում են հանրային կարծիք ձեւավորել, թե այս ընտրությունները լավն են եղել, ընդդիմությունն էլ չի բողոքում: Բայց հանձնաժողովի անդամը կամ վստահված անձն ի՞նչ իմանա, որ օրինակ, Եղեգնաձորից, Գառնիից մարդ են բերել քվեարկելու: Քվեարկության մեխանիկական գործընթացի հետ կապված՝ այդ մարդիկ որեւէ բան չէին կարող նկատել: Ու քանի որ իշխանությունն ամեն ինչ արել է ընդամենը հանրային կարծիք ձեւավորելու համար, հետեւաբար ինչ պատճառաբանությամբ էլ մերժեն, մեկ է՝ իրենք հանցավոր բանդա են:

– Ի դեպ, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը դեռ նախընտրական փուլում հայտարարել էր, որ տեղամասային հանձնաժողովներում «Բարեւ Երեւանի» տեղերը լրացնում են ՀՀԿ-ի անդամները: Օրերս նման մեղադրանք հնչեցրեց նաեւ ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը: «Բարեւ Երեւանը» խոստացել էր դատի տալ Տիգրան Ուրիխանյանին: Ի՞նչ եղավ:

– Դատական գործի հետ կապված տեղեկություն չունեմ, բայց դա պարզ զրպարտություն էր: Անգամ այս ընտրություններից հետո եթե նման փաստերի մասին խոսել լինի, հավատացնում եմ, «Ժառանգությունն» ավելի շատ խոսելու թեմա ունի: Բայց նման հարցերով եթե մենք որեւէ դիտարկում, խոսելու թեմա ենք ունենում՝ այս կամ այն հանձնաժողովում ԲՀԿ-ի կամ ՀԱԿ-ի հանձնաժողովականների հետ կապված, գերադասում ենք  առանց շոուների դա փոխանցել իրենց: Առանձին դեպքերում ես չեմ բացառում, որ մենք, ինչպես նաեւ մյուս բոլոր կուսակցությունները, կարող էինք ունենալ եւ անտարբեր մարդիկ, եւ այլ վարքագծով մարդիկ: Բայց մոտ 60-ին մոտ տեղամասեր եղել են իմ համակարգման ներքո, եւ ես վստահ եմ, որ «Ժառանգության» հանձնաժողովականները հիմնականում լավ են աշխատել: Միգուցե ոչ բոլորը՝ գերազանց, բայց հիմնականում լավ են աշխատել: Եվ եթե կան դժգոհություններ, ապա դրանք սահմանափակ տեղամասերի թվով են:

Իսկ ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի հայտարարությունները մինչեւ քվեարկությունն, անկեղծ ասած, ճիշտ չէին:

– Իսկ ինչո՞ւ ընդդիմությունը չհաջողեց, ինչո՞ւ չկարողացան կյանքի կոչել մինչ ընտրությունները արվող հայտարարությունները:

– Մենք երեք բան չարեցինք. փետրվարի 18-ից հետո երկրորդ քայլը չարեցինք՝ Րաֆֆիին եւ ժողովրդին ուժեղացնելու, ամբիցիաների պատճառով չմիավորվեցինք Երեւանի ավագանու ընտրություններում միասնական թիմով հանդես գալու եւ անգամ նվազագույնը չարեցինք՝ ընտրակեղծիքների մեզ հայտնի տարբերակները կանխելու համար: Ընտրակեղծիքների դեմ պայքարելը  դրսից անազնիվ ձեւով քվեներ բերելը եւ ներսում այդ քվեները ամրագրելը չէ: Որքան էլ տարփողեն ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի իմ գործընկերները, թե ընտրությունների օրն իրենք համագործակցում էին, ներեցեք, դա ինձ համար քվեարկություն չէ: Ինձ համար քվեարկությունն ընտրողի կամքի ազատ ձեւավորումն է, եւ մենք տեղամասից դուրս ոչինչ չարեցինք՝ գնալով ավելի շատ ահազանգեր էինք ստանում, որ մարզերից բերել եւ գրանցել են, մենք չկարողացանք մեր ուժերը կենտրոնացնել, ցուցակները մաքրել, պայքարել ոստիկանության դեմ՝ թույլ չտալով այդ գրանցումները, հին ու նոր անձնագրերի տրամադրումները չկարողացանք վերահսկողության տակ պահել, չկարողացանք պայմանավորվել, որ ոչ մի քաղաքական ուժ ընտրակաշառք չի բաժանում, ավտոբուսներով ընտրող չի բերում:

– «Բարեւ Երեւանի» ներկայացուցիչներն ավագանիում համագործակցելո՞ւ են ԲՀԿ խմբակցության հետ:

– Ես շատ կցանկանամ, որ մենք նույն դաշտում գործենք: Մի բան է գործել 6 հոգով, մի բան՝ 6+17:

– ԲՀԿ-ն կգործի՞ ընդդիմադիր դաշտում, Դուք տեսնո՞ւմ եք նման նախադրյալներ:

– Դա մի հարց է, որի պատասխանն իրենք պետք է տան:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031