Լրահոս
Օրվա լրահոսը

Կարկտահարված գյուղերի բնակիչների մեծ մասը վարկերի տակ են

Մայիս 14,2013 14:25

Կարկուտից տուժած գյուղացիներին առայժմ խորհրդատվական թերթիկներով են օգնում

Նախօրեին տեղացած ուժեղ կարկուտը, մասնավորապես երկու մարզերի՝ Արագածոտնի եւ Արմավիրի գյուղերում մեծ ավերածություններ է արել. Մրգաշատ, Օհանավան, Փարպի, Ոսկեվազ, Ոսկեհատ, Գետաշեն, Շենավան, Ջրաշեն, Ակնալիճ, Նոր Արմավիր, Նոր Արտագես, Ջրառատ, Նալբանդյան, Բերքաշատ եւ տասնյակ այլ գյուղերում տուն չկա, որ բերքի կորուստ չունենա:

Ըստ նախնական գնահատականների՝ կարկուտը փչացրել է գյուղատնտեսկան վարկերի ու հողի հարկերի բեռի տակ «ճռռացող» գյուղացիների բերքի մոտ 80 տոկոսը: Գյուղեր կան, որտեղ 100 տոկոսով բերքը ոչնչացել է: Հիմնականում տուժել են խաղողի, ծիրանի, խնձորի, կեռասի, բալի այգիները, ելակի թփերը եւ այլ մշակաբույսեր: Այս անգամ էլ հակակարկտային կայանները չեղածի հաշիվ են եղել եւ գյուղացիների բերքը չեն կարողացել փրկել: Մրգաշատի գյուղապետ Գեւորգ Դանիելյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ իրենց գյուղում կարկուտն «ահավոր վնաս» է տվել, եւ բերքի 99 տոկոսը փչացել է. «Մեր գյուղում ինչ որ աճում է, ամբողջը փչացել է, խաղողի այգիները, ծառապտուղ, բանջարեղեն, ոչ մի բան չի մնացել»: Մրգաշատը չունի հակակարկտային կայան, բայց մրգաշատցիները համոզվել են, որ հարեւան գյուղերում եղած կայանները ոչ մի անգամ էլ չեն կանխարգելում կարկուտը, եւ բերքը միեւնույն է՝ փչանում է: Վերջին անգամ Մրգաշատում գրեթե նույն ուժգնությամբ կարկուտ եկել է 4 տարի առաջ: Գյուղապետն ասաց, որ այս պահին աղետի հասցրած հետեւանքներն են հաշվարկում, որ ներկայացնեն գյուղնախարարության եւ մարզպետարանի պատասխանատուներին:

Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ կարկտահարությունից տուժել են մոտ 40 հեկտար այգիներ. «Մեր գյուղն ավելի շատ տուժել է ցրտահարությունից: Մի 20 օր առաջ ուժեղ ցրտահարություն է եղավ, եւ բերքի 80 տոկոսը տուժեց: Վնասվեցին ընկուզենիները»: Գյուղապետի տվյալներով՝ կարկուտի հետեւանքով 20 հեկտար ելակի ցանքատարածություն, 10 հեկտար պտղատու այգիներ, 5-10 հեկտար էլ խաղողի այգիներ են վնասվել: Փոխհատուցման մասին այս գյուղի բնակիչներին էլ առայժմ ոչ ոք ոչինչ չի ակնարկել:

«Մարզպետարանի աշխատակիցները եկել տեղում նայել են, ակտավորել են»,- ասաց պարոն Հովհաննիսյանը: Այս գյուղն ունի մոտ 5000 բնակիչ, որոնց 80-90 տոկոսը, ըստ գյուղապետի, հողօգտագործողներ են: Մեր հարցին, թե տեղյա՞կ են, որ գյուղնախարարությունը որոշել է սատիլներ բաժանել տուժած գյուղացիներին, արդյոք ուշացած չի՞ լինի դրանց տնկումը, Ոսկեվազի գյուղապետն ասաց. «Եթե ինչ-որ մի բանով էլ փոխհատուցում լինի, ինչ-որ տեղ օգնություն է ժողովրդին, նրանք մի բանի սպասում են»: Չնայած նրան, որ Ոսկեվազում 4 հակակարկտային կայան կա, եւ այդ կարկուտի օրը 4-ն էլ աշխատել են, բայց փաստ է՝ ոսկեվազցիների բերքը նույնպես փչացել է: Այս գյուղում հողօգտագործողների 90 տոկոսը գյուղատնտեսական վարկերի տակ է:

Օշականում նույնպես տուժել են խաղողի, ծիրանի, խնձորի, ընկույզի այգիները, ելակի ցանքատարածությունները: Գյուղապետ Արամ Ներսիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առայժմ Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցներն իրենց չեն այցելել, եւ վնասի մասին հաշվարկները սեփական ուժերով են արել՝ գյուղապետարանի մասնագետներով շրջելով գյուղի տարածքում եւ հանդիպելով գյուղացիներին. «Մեր գյուղի բերքի 40-50 տոկոսը վնասվել է: Հանդիպել ենք մարզպետարանի գյուղվարչության պետի հետ, այս քանի օրը կգան Օշական, եւ ավելի հստակ թվեր կունենանք, թե՝ ինչքան վնասներ են կրել օշականցիները»:

Օհանավան գյուղն ամենատուժածներից է: Գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանի տվյալներով՝ մշակվող հողերի 30-35 տոկոսի բերքը ոչնչացել է, տուժել են մոտ 250-300 հեկտար խնձորի, ծիրանի եւ կեռասի այգիներ, բայց թե գյուղի որ հատվածում՝ որքան, ըստ գյուղապետի, դեռ հստակ հաշվարկներ չունեն. «Մեր գյուղում 5 հատ հակակարկտային կայան կա, բոլորն էլ կրակել են, բայց մեր գյուղի համար նախատեսված է ընդհանուր առմամբ 12 հատ: Այդ 5 կայանը միայն խնձորի այգիների համար են, շատ մեծ տարածք է, հազիվ դրան է բավականացնում»: Օհանավանն ունի 700 տնտեսություն՝ 2500 բնակչով: Գյուղվարկեր ունեն նաեւ օհանավանցիները: Գյուղապետի խոսքերով. «Բնական է, մի տեղ որ ակնկալիք ունես բերք ունենալու, առաջինը մտածում ես ներդրում կատարելու մասին, իսկ ներդրում գյուղացին որտեղի՞ց պիտի կատարի՝ բանկից վարկ է վերցնում, ներդնում այգիների վրա, որ բերք ստանա, եկամտից վարկը մարի, բայց այս էլ որերորդ անգամ մնում են դատարկաձեռն»:

Փարպիի գյուղապետ Իշխան Առաքելյանը հայտնեց, որ իրենց գյուղի մի հատվածն է մնացել կարկուտի տակ. «Հիմնականում մեր պտղատու՝ խնձորի, ծիրանի, խաղողի այգիներն են տուժել»: Փարպիիում էլ սպասում են մարզպետարանի հանձնաժողովին, որ վնասի չափի վերջնական արդյունքներ ունենան:

«Առավոտի» հարցին, թե սատիլներ բաժանելով՝ արդյոք կթեթեւացնե՞ն գյուղացու կորուստը, այն դեպքում, երբ կարկուտի տակ են մնացել պտղատու այգիներ, եւ գյուղացիներն էլ վարկերի տակ են, գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն ասաց, որ մինչեւ ամփոփ տվյալներ չունենան, թե որ գյուղերում ինչ վնասներ են եղել, փոխհատուցման մասին չեն կարող խոսել. «Կա մարզային, համայնքային եւ հանրապետական հանձնաժողով, որոնք մշտապես գործում են եւ արտակարգ իրավիճակների դեպքում՝ նույնպես: Երեկ գյուղատնտեսության նախարարի հետ եղել ենք տարածաշրջանում ուսումնասիրություն ենք կատարել: Մարզպետի հետ միասին շրջել ենք մի շարք համայնքներում, հանդիպել գյուղացիների հետ: Մշակել ենք ձեւաթուղթ՝ ուսումնասիրության եւ գնահատման արդյունքները ամփոփելու համար՝ առանձին հողօգտագործողների անուն-ազգանուններով, հողատարածքով: Մշակաբույսը բաշխել ենք բանջարեղենի առանձին տեսակներով, կամ ասենք՝ խաղողի տեսակը տեխնիկակա՞ն է, թե՞ սեղանի եւ այլն, ամբողջությամբ բաժանել ենք բանջարեղենի առանձին տեսակները, վնասվածության աստիճանը: Համայնքային հանձնաժողովները ուսումնասիրում են, եւ առաջիկա օրերի ընթացքում կտրվի գնահատական: Տեղ կա, որ 100 տոկոսով է բերքը վնասվել, տեղ կա՝ 50 տոկոսով, տեղ կա 20 տոկոսով է վնասվել. այդ տվյալները կներկայացվի մարզային հանձնաժողովում, մարզպետարանը կամփոփի եւ կներկայացնի հանրապետական հանձնաժողով, նա էլ իր հերթին կամփոփի այդ տվյալները եւ կներկայացնի հանրապետության կառավարությանը: Ինչ վերաբերում է սատիլներին, ապա այն համայնքներում, որտեղ կա սատիլների կարիք, նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնել դրանք տրամադրելու: Կփորձենք մեր գիտական կենտրոնի հնարավորություններն օգտագործել եւ արագ կերպով կատարել սատիլների տրամադրումը, որպեսզի ժամկետների խնդիր չլինի, եւ շատ չուշացնենք»: Ըստ փոխնախարարի՝ խնդիր է խաղողի այգիների պարագայում, որտեղ բերքն ամբողջությամբ վնասվել է, եւ կորուստն անվերադարձ է. «Այստեղ ոչինչ հնարավոր չէ անել այս պահին, որպեսզի կարողանանք այդ կորուստը վերացնել: Նախարարության կարեւոր խնդիրներից մեկն է օգնել գյուղացուն, խորհուրդ տալ, թե ինչպես անի, որ այդ կարկտահարված վազերը ճիշտ էտի, որպեսզի եկող տարի էլ վազը կարողանա բերք տալ»:

Գառնիկ Պետրոսյանի խոսքերով՝ այս պահին գյուղացիներին խորհրդատվական թերթիկներ են բաժանվում այդ ամենի մասին:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031