Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը՝ Կաննի կինոփառատոնի կինոշուկայի առանձնահատկությունների մասին
«Պարալլելս ֆիլմ փրոդաքշնը», ի դեմս հիմնադիր, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի, այս տարի արդեն չորրորդ անգամ է մասնակցում Կաննի կինոփառատոնի կինոշուկային: Կանն մեկնելուց առաջ, «Առավոտի» հետ զրույցում արվեստագետն ասաց. «Եթե դու անկախ ֆիլմարտադրող ես Հայաստանում, ուրեմն պարտավոր ես գտնել այդ 2000-3000 եվրոն եւ գնալ Կանն, որովհետեւ դա սահմանափակ շուկայից դուրս գալու միակ տարբերակն է: Ճիշտ է, ուրիշ փառատոներ ու շուկաներ էլ կան, բայց Կաննի պես արդյունավետ չեն: Եթե մի քանի տարի գնում ես Կանն, քո անունը հայտնվում է իրենց բոլոր ցանցերում, ու քեզ հետ կապը դառնում է ավելի հեշտ: Քո ուղարկած e-mail-ներին պատասխաններ են գալիս, քեզ հետ ուզում են հանդիպել ու դու գիտես՝ ինչպես ներկայացնել նախագծերդ»:
Մեր զրուցակիցը փաստում է, որ անկախ պլանավորածից, անձամբ իր պարագայում միշտ անակնկալներ են լինում. «Բոլորը գալիս են աշխատելու, դրական պայմանագրեր կնքելու, միասին առաջ գնալու: Օրինակ՝ անցյալ տարի մեր հիմնական գործը Կաննում այն էր, որ «Լուսավոր շրջան» նախագծի շնորհանդեսն անեինք, տարածեինք ինֆորմացիան, ինչը եւ կայացավ Ռուսաստանի տաղավարում: Այս տարի չունենք լայն շնորհանդեսներ, ուղղակի հանդիպելու ենք կոնկրետ մարդկանց, որոնց հետ երկար տարիներ աշխատում ենք»:
«Պարալլելս ֆիլմ փրոդաքշնի» կողմից Կանն տարվող նախագծերն են՝ «Փասիանի որսորդը», «Կիսալուսնի ծովածոցը», «Լուսավոր շրջան» (արտադրողներ՝ «Պարալլելս ֆիլմ», «Կոսմոպոլիս ֆիլմ», Ֆրանսիա) եւ «Կորած թռչուններ» ֆիլմը (արտադրողներ՝ «Kara Kedi Film», Թուրքիա, «Պարալլելս ֆիլմ»):
«Փասիանի որսորդը» կինոնախագիծը մտահղացվել եւ իրականացվում է Վիլյամ Սարոյանի ծննդյան 105-ամյակի առթիվ: Այն Սարոյանի պատմվածքների հիման վրա նկարահանվող «Կիսալուսնի ծովածոցը» լիամետրաժ խաղարկային ֆիլմի մի հատվածն է: «Կիսալուսնի ծովածոցի» արտադրության նախապատրաստական աշխատանքները հեղինակները սկսել են ինքնուրույն՝ ապավինելով սեփական ֆինանսական հնարավորություններին եւ ընկերների պրոֆեսիոնալ թիմի աջակցությանը: Նախապատրաստական փուլը բարեհաջող ավարտելով՝ ստացել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությունը, ֆիլմի առաջին հատվածը նկարահանելու համար: 2012-ի մայիսին կինոնախագծի փաթեթը մեծ ուշադրության է արժանացել Կաննի կինոշուկայում, որից հետո մտել լիարժեք արտադրական փուլ:
Հովհաննես Գալստյանը նշեց, որ «Կիսալուսնի ծովածոցի» նկարահանման աշխատանքներն ավարտվել են 2 օր առաջ եւ ֆիլմն ավարտուն տեսքի բերելու համար գումարի կարիք ունեն: Կաննում այդ «մասով» հաջողություններ գրանցելու դեպքում կինոնախագիծը էկրանին կհայտնվի գրողի ծննդյան օրը՝ այս տարվա օգոստոսի 31-ին: Ինչ վերաբերում է «Լուսավոր շրջանին», վերջինիս առաջին հրապարակային ներկայացումը անցյալ տարի կայացել է Կաննում: Այնուհետեւ՝ եվրոպական «Աուդիովիզուալ Ձեռնարկատերեր» կառույցի կողմից նախագիծը ընդգրկվել է Եվրոպայի հեռանկարային 10 կինոնախագծերի «BEST՝ Producer՚s workshop» կրթական ծրագրում: Հենց այդ ծրագրի ավարտին՝ 2012-ին Տալլինի միջազգային կինոփառատոնում կայացել է ֆիլմի շնորհանդեսային տեսահոլովակի ներկայացումը՝ Եվրոպական կինոինդուստրիայի ներկայացուցիչներին: Կինոռեժիսորի ասելով, ֆիլմը էկրան կբարձրանա 2014-ի ամռանը:
«Մնում է՝ Կաննում մի քանի արտադրողով հանդիպենք եւ գանք վերջնական համաձայնության, թե ով ինչքան է վճարում, որովհետեւ ֆիլմում ունենք նաեւ ֆրանսիացի դերասաններ, որոնք ունեն ֆրանսիացի ագենտներ»,- ասում է ռեժիսորը:
Նա հավելում է, որ «Պարալլելս ֆիլմի» ու թուրքական «Kara Kedi Film»-ի համատեղ «Կորած թռչունները» նախագիծը եւս կներկայացվի կինոշուկայում, չնայած առայժմ զարգացման վաղ փուլում է: Ֆիլմի պրոդյուսերներն են Արեն Պերդեցին եւ Էլա Ալյամաչը՝ թուրքական կողմից, իսկ հայկականից՝ Հովհաննես Գալստյանը:
«Պերդեցին հայկական ծագում ունի, ու շատ է ցանկանում, որ հայկական շնչով ֆիլմ նկարահանվի: Նա ուզում է, որ հայ լինի նկարիչը, կոմպոզիտորը: Ինձ շատ է դուր եկել պատմությունը, որը Արենի ցեղի պատմությունն է: Կարծում եմ՝ շատ ազնիվ ֆիլմ է: Մենք ուզում ենք, որ հայկական մասնակցությունը ավելի շատ լինի»,- ընդգծում է Գալստյանը: Նրա ձեւակերպմամբ, բոլոր 4 նախագծերն էլ ունեն նորմալ փաթեթներ:
Հովհաննես Գալստյանը համոզված է, որ այս տարի եւս Կաննից ձեռնունայն չի վերադառնա. «Իմ կարծիքով՝ հետ կգանք նրանով, որ մի քանի փառատոների կներկայացնենք «Փասիանի որսորդը», «Կիսալուսնի ծովածոցի» համար ինչ-ինչ գումարների հնարավորություն կգտնենք: Ամենակարեւոր բանն այն է, որ անգլիական Pollinger Limited ընկերության հետ 8 ամիս բանակցելուց հետո Սարոյանի էկրանավորման իրավունքն ենք ստացել, թե չէ՝ հակառակ դեպքում շուկա չէինք կարող մտնել: Հույս ունեմ նաեւ «Լուսավոր շրջանի» համար համատեղ արտադրության պայմանագիր կնքել: Այդ ամենը պլանավորված է, իսկ մնացածը բոնուսներ են, եթե ստացվեց՝ ստացվեց: Եթե կարողանամ նաեւ լավ ֆիլմեր էլ նայել, ամեն ինչ կատարյալ կլինի»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ