Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայերին Հայաստանում պահելու թատերական նախագիծ

Մայիս 14,2013 14:15

Հայաստանցի բեմադրիչ Գառնիկ Սեյրանյանի մտահղացումը

Բեմադրիչ Գառնիկ Սեյրանյանի (լուսանկարում) հետ «Առավոտն» ուներ հանդիպման երեք առիթ. ապրիլին նրա սցենարով ու ռեժիսուրայով Բուլղարիայում ցուցադրվեց «Երկյուղած լռություն» մոնոդրաման, օրերս իր աշխատավայրում՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում Սարոյանի «Քո կյանքի ժամանակը» պիեսի պրեմիերան էր եւ, ըստ մեր տեղեկությունների՝ բեմադրիչը նախաձեռնել է Սիրիայից հայրենիք վերադարձած սիրողական թատերախմբերի անդամներին մեկտեղել մի հարկի տակ եւ թատրոն հիմնել:

Գառնիկ Սեյրանյանի արվեստին թատերասերը ծանոթ է ժամանակին հեռուստառադիո բեմադրություններից, մոտ 12 տարի «Մետրո» թատրոնում նրա շուրջ 15 մանկական ներկայացումներից եւ 7 տարի է, ինչ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում հանդիսատեսի դատին է հանձնել 10 բեմադրություն, այդ թվում՝ ըստ միջնադարյան ֆարսերի՝ «Միայն ֆարս», Պալ Բեկեղի «Դուռը», Ֆրենսիս Վեբերի «Հյուրանոց երկուսի համար», Սարոյանի «Հերսոտած մի գնա», Թումանյանի հեքիաթների մոտիվներով «Ձախորդ Փանոսի կտակը» եւ այլն:

Մենք ներկա էինք Սարոյանի «Քո կյանքի ժամանակը» ներկայացման պրեմիերային: Այս պիեսը ներկայացնում է պանդոկում միաժամանակ հայտնված 13 մարդկային խեղված ճակատագրեր: Նրանց համար պանդոկը դառնում է մի «լուսավոր հանգրվան», ուր ծավալված խոսքուզրույցի ընթացքում, մեկը մյուսին օգնելով, «ուրվագծվում» է նրանց հետագա կյանքի բնականոն ընթացքը: Մասնագիտական խոսքը թողնելով թատերագետներին, նշենք, որ հանդիսատեսը երկար ժամանակ ծափողջույններով բեմից բաց չէր թողնում գլխավոր դերակատարներին, այդ թվում՝ Քնարիկ Զաքարյանին, Հայկ Սարգսյանին, Արսեն Գրիգորյանին, Վահագն Գասպարյանին եւ մյուսներին: Դերասանները կատակեցին, թե Սեյրանյանը տարված է Սարոյանի երկերով, քանի որ նրանք ծնվել են նույն ամսվա նույն օրը՝ օգոստոսի 31-ին: Հետո էլ փոխանցեցին՝ պրեմիերայի հաջողության պատճառը Գառնիկ Սեյրանյանի «դերասանական» ռեժիսոր լինելն է, այսինքն՝ բեմադրիչը թողնում է, որ դերասանը ինքը ընկալի, մարսի ասելիքը:

«Առավոտի» հետ զրույցում բեմադրիչը հայտնեց, որ իր սցենարով ու ռեժիսուրայով «Երկյուղած լռություն» մոնոներկայացումը դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանի խաղով ներկայացվել է Սոֆիայում եւ Պլովդիվում: Հետաքրքրությանը, թե ինչպե՞ս ընդունվեց այն բուլղարացիների կողմից, Գառնիկ Սեյրանյանը նշեց, որ Հասմիկը հիանալի է մարմնավորում մեծանուն դերասանուհի Սիրանույշի կերպարը, որն աղերսներ ունի Ցեղասպանության թեմայի հետ: Բեմադրիչը հավելեց, որ «Երկյուղած լռությանը» անդրադարձել է բուլղարական մամուլը:

Ինչ վերաբերում է սիրիահայերով թատերախումբ ստեղծելուն, պարոն Սեյրանյանը նախ նշեց, թե Հալեպի «Համազգայինի» թատրոնում ժամանակին իրականացրել է Ժակ Հակոբյանի «Կռունկը կկանչե» եւ Սամվել Խալաթյանի «Գիսաստղ Նազար» պիեսների բեմադրությունները, հետո էլ հիշեց. «2008-ին երբ Հալեպում էի, չգիտեմ ինչ կանխազգացումից ելնելով, առաջարկեցի՝ կեսկատակ-կեսլուրջ ասելով, թե շուրջ 30 հազար հայ եք, եկեք հայրենիք, հիմնեք Նոր Հալեպ թաղամաս, կաշխատեք ձեր մասնագիտությամբ, եւ չի բացառվում, որ հնարավորություն կունենաք պրոֆեսիոնալ արտիստների հետ հայրենիքում բեմ բարձրանալ… Մի խոսքով՝ չլսեցին»: Ասածն էլ պարզաբանեց՝ ինքը ոչ թե թատերախումբ է ցանկանում հիմնել, այլ ոգեւորել այն 11 սիրիահայերին, ովքեր հայրենիքում են հաստատվել ու առանց թատրոնի իրենց կյանքը չեն պատկերացնում: Մեր զրուցակցի համոզմամբ, դա նաեւ այդ մարդկանց հայրենիքին կապելու միջոց է: Ռեպլիկին՝ թե այդ նպատակով ի՞նչ է արվում, Գառնիկ Սեյրանյանն առանց մանրամասնելու ասաց, որ այս գաղափարն իրականացնելու համար դեռ քայլեր են արվում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031