«Եկեղեցին դարեր շարունակ իր մեջ ունեցել է առողջ քննադատություն՝ ուղղելու, շտկելու որոշ երևույթների և անձանց, իսկ այսօր անդադար քարկոծում, դիտավորյալ հարձակում է գնում եկեղեցու նկատմամբ, ինչն անարդարացի է և անընդունելի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Բյուրավան գյուղի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար Քահանա Պետրոսյանը:
Նրա դիտարկմամբ՝ քննադատական այսպիսի ալիքը օգտակար է որոշ ուժերի համար, ովքեր ցանկանում են ավերել Մայր Եկեղեցին, և կառուցել իրենց ցանկացածը: «Անաստվածը և աղանդավորը ուզում է քանդել եկեղեցին, հասկանալի է՝ դա նրանց հիմնական առաքելությունն է: Ինձ համար, սակայն, անընդունելի է, երբ մայր եկեղեցու հետևորդը, իմ զավակը քննադատում է եկեղեցուն ինչ-որ մի մեքենայի համար, որը նվեր են տվել»,-հայտնի փաստը ակնարկեց հոգևոր հովիվը և ավելացրեց. «Եթե մի ճգնավոր մարդ, ով իր ողջ ունեցվածքը վաճառել, աղքատներին է տվել և քննադատում է եկեղեցուն, դա հասկանում եմ, բայց երբ մարդը անձի, նրա ունեցվածքի նկատմամբ նախանձից դրդված է քարկոծում, դա ինձ համար անընդունելի է, իսկ Աստծո առաջ մեղք է»:
Տեր Ղազարի պնդմամբ՝ եկեղեցին պետությունից անջատելը հայերիս մոտ կեղծ վիճակ է, քանի որ դրանք փոխկապակցված են: Ըստ նրա, արդարացի չէ եկեղեցուն քննադատելը՝ այս կամ այն համագումարին, իշխանական միջոցառմանը մասնակցելու համար:
«Մարդիկ շատ լավ գիտեն, որ եկեղեցին մշտապես եղել է ժողովրդի մեջ և օրհնել է ժողովրդին, հետևաբար՝ մասնակցել համագումարի և նմանատիպ գործընթացներին, եկեղեցու պարտավորությունն է՝ օրհնելու մարդկանց, բարի խոսք ասելու»,-ասաց Տեր Ղազարը:
Պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք հոգևորականների՝ մարդկանց կողքին լինելու և նրանց օրհնելու պարտականությունից չի բխում նաև անարդարությունից բողոքող, հանրահավաք անող ժողովրդի կողքին կանգնելը, քահանան, այնուամենայնիվ չանդրադառնալով բարձրաստիճան հոգևորականներին և Վեհափառին՝ ասաց. «Էդ դեպքում էլ հայ եկեղեցին ժողովրդի կողքին էր, ցույցերի մեջ շատ քահանաներ կային: Ժողովրդի մի հատվածը ցույց անող է, մյուսը՝ոչ: Ամեն մի հոգևորական իր կարծիքն ունի, որ գործընթացում ներգրավվի: Վեհափառի առաջնորդությունը և վերահսկողությունը երբեք անարդարացի եզրեր չի կրել, ես չեմ տեսել, որ վեհափառը կարգալույծ անի մի քահանայի, ով ինչ-որ ցույցի է մասնակցում»:
Հանդիպման վերջում քահանան հայ առաքելական եկեղեցու զավակներին պատգամ ուղղեց, որ նախ լսեն, հասկանան՝ ում ջրաղացին են ջուր լցնում, հետո նոր քննադատեն:
Անի Միրաքյան