Սպորտի եւ երիտասարդության հարցերի նոր նախարարի նշանակումից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որ վերջին տարիներին, փաստացի, իրականացնում էր հանրապետության մարզական քաղաքականությունը, դե ֆակտո զրկվեց նախարարական մեկ պորտֆելից: Ի՞նչ է լինելու հիմա: Դրանից սպորտը Հայաստանում, արդյոք, կտուժի՞: «Առավոտը» երեկ զրուցեց նախկին նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ:
– Նոր նախարարի նշանակումը քաղաքակա՞ն քայլ էր:
– Միանշանակ: Այդ հարցին պատասխանել եմ: Իմ համոզմամբ, պատասխանել են նաեւ նշանակողները:
– Իսկ մինչ այս, հանրապետության նախագահը տեղյա՞կ էր ձեր աշխատանքին եւ ինչպե՞ս էր գնահատում:
Կարդացեք նաև
– Դա, իմ կարծիքով, մամուլում արտացոլված է: Կարող եք ծանոթանալ ՀՀԿ քաղխորհրդում հանրապետության նախագահի ելույթին:
– Ճի՞շտ են այն լուրերը, որ մինչեւ նոր նախարար նշանակելը ձեզ առաջարկվել է համալրել ՀՀԿ շարքերը, ինչը դուք մերժել եք:
– Առանց մեկնաբանությունների: Կյանքում արժեքներ կան, որոնց դավաճանելու իրավունք չունես: Սպորտը միշտ ապաքաղաքական է եղել: Ես էլ, երբ նախարար էի նշանակվում, դուրս եկա ԲՀԿ-ից: Հիմա վերադառնում եմ: Դիմում եմ գրելու, որպեսզի ինձ ընդունեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը: Կրկնում եմ. սպորտը չպետք է քաղաքականացվի: Սպորտը Հայոց հաղթանակած բանակից հետո կայացած երկրորդ ոլորտն է՝ անկախ կուսակցություններից: Ով ինչ ուզում է՝ թող ասի, ինչպես ուզում է՝ թող գնահատի: Պարզապես, փաստերին պիտի ուղիղ նայել:
– Ձեր պաշտոնավարման ընթացքում բավականին ծրագրեր են մշակվել: Դրանք, ձեր կարծիքով, կիրականացվե՞ն, թե՞…
– Իմ ղեկավարության ժամանակ բոլոր ծրագրերը կազմվել են կոլեգիալության սկզբունքով, նախապես բոլոր կազմակերպությունների հետ բաց քննարկման արդյունքում, հաստատվել կառավարությունում եւ մտել 2013/2017 թթ. ծրագիր: Աստված տա, որ իրականացվեն: Ես միայն ուրախ կլինեմ եւ կողջունեմ: Բայց դրանք հավակնոտ ծրագրեր են եւ իրականացնելու համար բավականին ջանքեր են պահանջվելու: Ես Յուրի Վարդանյանին այդ, ինչպես նաեւ մյուս բոլոր հարցերում հաջողություն եմ մաղթում: Աստված տա՝ հասկանան, որ դա այն է, ինչ պետք է եւ իրականացնեն:
– Հայտնի է, որ մեծ սպորտի հետ կապված, երբ պետական կառույցի միջոցները չեն բավականացրել, Գագիկ Ծառուկյանն իր միջոցներով աջակցել է: Ձեր կարծիքով՝ հիմա ինչպե՞ս է լինելու:
– Պարոն Ծառուկյանի աջակցությունը միշտ էլ շատ մեծ է եղել: Հիշենք, թեկուզ, Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում անցկացված բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Պետական ոչ մի միջոց չի ծախսվել: Ամեն ինչ հոգացել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան եւ «Գագիկ Ծառուկյան հիմնադրամը»: Հիմա՞: ՀԱՕԿ-ը, ելնելով իր առաքելությունից եւ գործառույթներից, շարունակելու է ֆինանսավորել բոլոր ծրագրերը: Եվ արդեն ավելի շատ: Եթե առաջ ՀԱՕԿ-ը եւ անձամբ Գագիկ Ծառուկյանն աշխատում էր երկու ուղղությամբ, հիմա այդ ամենը, կարծում եմ, կանի մեկ ոլորտում: Օլիմպիական կոմիտեն համակարգում է մեծ սպորտը, ազգային ֆեդերացիաների գործունեությունը, պատասխանատու է բարձր արդյունքների համար: Սպորտը բոլորիս պարծանքն է: Եվ չկասկածեք, որ ՀԱՕԿ-ը կանի ամեն բան՝ բարձր արդյունքները շարունակել-զարգացնելու եւ մեր ժողովրդին ուրախացնելու համար:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ