Լեգենդար ռոք կիթառահար Ջիմի Հենդրիքսի եւ ջազ շեփորահար Մայլզ Դեւիսի երկրպագուների համար հայտնի փաստ էր, որ նրանք համատեղ ալբոմ ձայնագրելու մտադրություն ունեին 1970-ին Հենդրիքսի անսպասելի վախճանից մեկ տարի առաջ: Սակայն, ինչպես պարզվում է, նրանք հույս ունեին, որ այդ ձայնագրության ժամանակ բաս-կիթառահարի պարտականությունները կստանձներ «բիթլ» Փոլ Մաքքարթնին:
Երբ 1969-ի հոկտեմբերին Հենդրիքսը, Դեւիսը եւ հարվածահար Թոնի Ուիլյամսը նախապատրաստվում էին ձայնագրություն կազմակերպել Նյու Յորքում՝ պրոդյուսեր Ալան Դուգլասի հետ, նրանք հեռագիր էին ուղարկել The Beatles-ին պատկանող Apple Records-ի հասցեով, որում առաջարկում էին Փոլ Մաքքարթնիին միանալ նրանց:
The Associated Press-ի փոխանցմամբ, 1969թ. հոկտեմբերի 21-ին ուղարկված հեռագրում ասվում էր. «Մենք այս հանգստյան օրերին միասին սկավառակ ենք ձայնագրում Նյու Յորքում: Միգուցե միանա՞ս բաս նվագելու, վերջակետ, զանգահարիր Ալան Դուգլասին, 212-5812212: Խաղաղություն. Ջիմի Հենդրիքս, Մայլզ Դեւիս, Թոնի Ուիլյամս»:
Այնուամենայնիվ պարզ չէ, արդյոք Մաքքարթնին տեղյա՞կ էր պահվել այս անսպասելի հեռագրի մասին, որն առաջարկում էր նրան շտապ մեկնել Լոնդոնից Նյու Յորք՝ պլանավորված ձայնագրությանը մասնակցելու համար: The Beatles-ի օգնական Պիտեր Բրաունը հաջորդ օրը պատասխանել է Հենդրիքսին, ասելով, որ Մաքքարթնին հանգստի է մեկնել Շոտլանդիա եւ մոտակա երկու շաբաթը չի վերադառնա:
Այս հրավերը եկավ Փոլ Մաքքարթնիի համար չափազանց ծանր ժամանակահատվածում: Հենց այդ նույն օրը նյույորքյան հանրահայտ ռադիոհաղորդավար Ռոբի Յոնգը ծավալուն նյութ էր հեռարձակել տարածվող լուրերի մասին, թե իրականում Փոլ Մաքքարթնին մահացել է ավտովթարից եւ The Beatles-ի անդամները նրա փոխարեն նմանակ են վերցրել խումբ: Այս մասին ակնարկներ, իբր թե, պարունակվում են թե՛ բիթլզյան ձայնասկավառակների շապիկների վրա եւ թե՛ երգերի խոսքերում քողարկված (այս բիթլզյան առասպելը լայն տարածում է գտել երաժշտասերների շրջանում եւ պահպանվում է մինչ օրս): Միեւնույն ժամանակ The Beatles-ը քանդվում էր, եւ գործնական ու ստեղծագործական տարաձայնությունները ավելի ու ավելի էին զգացնել տալիս: Հավանաբար այս ամենը ստիպել էր Փոլ Մաքքարթնիին ընտանիքի հետ առանձնանալ Շոտլանդիայում իրեն պատկանող ֆերմայում: Այս ամենը հաշվի առնելով՝ քիչ հավանական է թվում Փոլ Մաքքարթնիի մասնակցությունը Ջիմի Հենդրիքսի եւ Մայլզ Դեւիսի հիանալի նախաձեռնությանը:
Այդ ժամանակահատվածում Մայլզ Դեւիսը հեռանում էր իր ջազային արմատներից եւ փորձում էր գտնել նոր հնչողություն, այնպես որ, պարզ չէ, թե ինչ տեսակի երաժշտություն կձայնագրեր սուպերխումբը, եթե վերջապես հանդիպեր ստուդիայում: 1990-ին լույս տեսած իր ինքնակենսագրության մեջ Մայլզ Դեւիսը գրել է, թե հաճախ է ջեմ արել Ջիմի Հենդրիքսի հետ իր նյույորքյան բնակարանում, սակայն ֆինանսական հարցերն ու ծանրաբեռնված աշխատանքային օրակարգը խանգարել է նրանց միասին ստուդիա մտնել: Դեւիսը նաեւ գրել է, որ նա եւ գործիքավորող Ջիլ Իվանսը Եվրոպայում էին ու պլանավորում էին վերջապես ձայնագրվել Հենդրիքսի հետ, երբ Լոնդոնից վրա հասավ կիթառահարի անսպասելի վախճանի լուրը:
Այս պատմական հեռագիրը գնվել էր աճուրդի ժամանակ՝ դեռեւս 1995-ին եւ Hard Rock Cafe հավաքածուի մաս է կազմում, բայց այն հայտնվեց ուշադրության կենտրոնում Ջիմի Հենդրիքսի չթողարկված 12 երգերից բաղկացած People, Hell and Angels սկավառակի լույս տեսնելուց հետո միայն:
«Ջիմի Հենդրիքսի խոշոր գիտակները տեղյակ էին այս հեռագրի մասին,- ասում է Hard Rock պատմաբան Ջեֆ Նոլանը,- դա կարող էր լինել ամենախելագար սուպերխմբերից մեկը: Այս չորս կատուները հաստատաբար վերահայտնագործել էին իրենց գործիքներն ու դրանք ընկալելու ձեւը»: Հեռագիրն այժմ ցուցադրվում է Պրահայի Hard Rock Cafe-ում, Չեխիայում:
Հայկական ռոք ասոցիացիա
«Առավոտ» օրաթերթ