Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեքը մի տեղ չեն հավաքվում

Մայիս 14,2013 13:45

Ինչպիսի բռնապետ էլ Լուկաշենկոն լինի, այն փաստը, որ Բելառուսը եւ Հայաստանը լավ, բարեկամական հարաբերություններ ունեն, կարող է միայն ուրախացնել: Որ Աբովյան քաղաքում եկեղեցի է բացվել՝ նույնպես շատ ուրախալի է: Դրական է նաեւ, որ այդ միջոցառմանը հրավեր են ստացել Հայաստանի երեք նախագահները: Դրականն այստեղ ավարտվում է, որովհետեւ կարող եմ 99 տոկոսով կանխատեսել, որ  այդ հրավերը կընդունեն երկուսը:

Նույն Բելառուսում այդ խնդիրը չկա, որովհետեւ այդ երկրում բացի Լուկաշենկոյից՝ ուրիշ նախագահ չի եղել (Ստանիսլավ Շուշկեւիչը Գերագույն խորհրդի նախագահ էր) եւ մոտակա տարիներին դժվար էլ լինի: 1994 թվականից սկսած՝ Բելառուսի ամբողջ պատմությունը կենտրոնացված է մեկ մարդու դեմքի մեջ: «Փոխարենը,- կասեն մեր շատ համաքաղաքացիներ,- Բելառուսի ժողովուրդը սիրում է իր նախագահին»: Իհարկե, սիրում է: Թուրքմենբաշիին էլ էին սիրում, Սիմ Չեն Իրին էլ, իսկ Ստալինի համար պարզապես գժվում էին: Ես կգերադասեմ, որ լինի մեր տարբերակը, երբ հայաստանցիները չեն սիրում իրենց նախագահներին՝ համենայնդեպս, այն ժամանակ, երբ նրանք իշխանության գլխին են: Ղեկավարի նկատմամբ սերը, առավել եւս՝ պաշտամունքը ոչ մի լավ բանի մասին չի վկայում:

Այդ երեք գործիչներն էլ բացարձակապես պարտավոր չեն իրար սիրել: Բայց նրանք պարտավոր են իրար հետ պահպանել զուսպ, կոռեկտ հարաբերություններ, եւ եթե նույնիսկ տարբեր քաղաքական հոսանքների ներկայացուցիչներ են, իրենց հակասությունների մասին հայտարարեն քաղաքակիրթ եղանակով: Ենթադրում եմ, օրինակ, որ Բուշ ավագն ու որդին Բարաք Օբամայի աչքի լույսը չեն, բայց երբ նրանք եւ մյուս նախկին նախագահները իրար ժպտում են եւ իրար հետ նկարվում են, նրանք մտածում են ոչ թե սեփական էմոցիաների, այլ  նախագահի ինստիտուտի հեղինակության եւ, հետեւաբար, պետության մասին:

Ցավոք, այդ երանելի վիճակին մենք առայժմ չենք հասել: Առաջինը վատ ավանդույթի հիմքը դրեց երկրորդ նախագահը, որի քարոզիչները հենց 1998 թվականի փետրվարից սկսեցին հարձակվել «նախորդ հանցավոր ռեժիմի» վրա՝ փորձելով Ռոբերտ Քոչարյանի համար հեղինակություն ստեղծել «նախկինների» հաշվին: Այդ ավանդույթը մասամբ շարունակվում է նաեւ այսօր, երբ փորձում են նսեմացնել Տեր-Պետրոսյանի դերը Արցախի ազատամարտում, ինչը (այլ բառ չեմ գտնում) քստմնելի է: Ինքը՝ առաջին նախագահը, շարունակեց այդ վատ ավանդույթը՝ 2007-ին վերադառնալով քաղաքականություն եւ սկսելով քննադատել իշխանությանը ճիշտ այն բառապաշարով, որով 90-ականներին քննադատում էին իրեն: Հետո երեքն էլ ասում են՝ ինչու պետությունը այն չի, ինչին մենք ձգտում ենք: Բա ո՞վ պետք է առաջինը օրինակ ցույց տա:

2014 թվականին լրանալու է «Առավոտ» թերթի 20-ամյակը: Հրավիրելու եմ 3 նախագահներին: Մեկ էլ տեսար՝ երեքն էլ եկան:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Կեցցե’ս Արամ: Երբևէ հայ լրագրողի գրած ամենաուժեղ խմբագրականն է: Պատգամ նախագահներին` ներկա և ապագա:

  2. goroskop75 says:

    Հարգելի խմբագիր,

    եթե նախագահներից մեկը համարում է, որ գործողն իրականում չի հաղթել և հաղթանակը գողացել է իրենից, կամ էլ համարում է, որ մյուսը պալատական դավադրությամբ է տիրացել իր աթոռին, զարմանալի չի լինի, եթե այդքանն ասելուց հետո ժպտալով նկարվի նրանց հետ զուտ նրա համար, որ ցույց տա իր հարգանքը նախագահի ինստիտուտի հանդեպ ???:

  3. Maxim says:

    Իսկ արդյոք պե՞տք է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր բոլոր թերություններով հանդերձ այնքան իջնի,
    որ հավասարվի վերջին երկու ինքնակոչ գավառական, կիսագրագետ՝ նախագահներին, որոնց անունը
    տալը՝ զզվելի է: Մի՞ թե՛ իմ ազգի մեծամասնությունը այդքան տգետ է, որ չի նկատում այդ ամենը: Կարելի է երկար շարունակել, բայց եթե այսքանն էլ տպվի, հասկացողի համար բավական է:

  4. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հերթական ցուցադրական,աննպատակ,օլիգարխային եկեղեցին` մի երկրում,որտեղ մարդկանց 2/3-ը աղքատ/չքավոր է: ՍԻՆ էգոիզմի հերթական դրսևորումը. այդ փողով,օրինակ, Գյումրիի անհույս/անապագա տնակներում հազիվ գոյատևող քո հայրենակիցներին օգնելը ավելի հայրենասեր ու ազգասեր չէ՞ ր լինի: Ամեն 100 մետրը մի օլիգարխահոտ խաչ ու եկեղեցի եք տնգցրել,որ ի՞ նչ անեք-այ ՔՈ աստվածներին ՈՒՐԱՑԱԾ ազգ: Հայը դեռ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՀԱՍԿԱՆԱԼ/ընդունել,որ եկեղեցի կառուցելը չէ(ր) քո փրկությունը. Դեր-Զորում այդ օտարածին «փրկիչը» քեզ փրկե՞ց: ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ պիտի պատմությունը քեզ հիմարացնի:………………………………. ՀԳ-1. Ամբողջ Արևմուտքը Լուկաշենկոյին անվանում է «եվրոպայի վերջին դիկտատորը»: Ի նչ պատկեր- «արդար» կերպով գերհարստացած օլիգարխը, եվրոպայի վերջին դիկտատորը և նեո-բոլշևիկյան ,թվեր որսացող ՀՀԿ-ականը հրեա Յահվեյի որդու «սուրբ» տանը` կողք կողքի:——— «Հայր օլիգարխ,որ կազինոյում ես, եկեսցե արքայությունը քո»:………………………. ՀԳ-2. Ինչպես Ալեքսանդր Վարպետյանն է ասում` ազգերը մեռնում են իրենց տխմարությունից: Յահվեի հայրենիք Իսրայելը տնտեսապես և ռազմապես հզորացնում է Ադրբեջանին, իսկ դու ԴԵՌ նույն եկեղեցին ես կառուցում- «խելացի» Հայ: Վկան` Արևմտյան Հայաստանում փոշիացած ԲԱԶՄԱՀԱԶԱՐ եկեղեցիներդ:

  5. Ruben says:

    «Առավոտ» թերթի 20-ամյակին հրավիրեք Վանո Սիրադեղյանին եւ երեք նախագահներն էլ պարտադիր կժամանեն.

  6. Կարո Մելիքյան says:

    Ինչպես միշտ՝նախագահները Ձեզ մոտ միշտ առաջին պլանում էն,ասել է թե արքունական լրագրող,իսկ սովահար ժողովուրդը՝ Ձեզ մոտ չի հիշատակվում ոչ մի ձևով, թե ինչպես էին իրար հրմշտում,եկեղեցու բակում Ծառուկյանի կողմից նետված փշրանքների համար ու արդյոք՞ սա՝ երեք նախագահների գործունեության արգասիքը չէ։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Երբ գրում էր այս տեքստը (երկուշաբթի երեկոյան), Ձեր հիշատակած իրադարձությունները դեռ տեղի չէին ունեցել: Կարդացեք այսօրվա հոդվածը:

  7. Anahit says:

    Երբ արդեն բոլորին շատ ծանոթ մեթոդներով «ընտրվեց» II նախագահը, լրագրողի հարցին,թե ինչպես պետք է պատասխանատվության ենթարկվեն Լ.Տ.Պ.-ի օրոք արված հանցագործություններ կատարողները, պատասխանեց. «Բերեք նախկին պրեզիդենտ պատժելը սովորություն չդարձնենք»: Ախր նա ինչ ախորժակով էր եկել…
    Անպատժելիությունից ծնվեցին նոր, ավելի մեծ հանցագործություններ, ունեցանք այն, ինչ ունենք…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031