Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը՝ ՀՀԿ-ին. «Դո՞ւք ինչի համար եք պայքարում, ձերը ադաթ է, մերը՝ բեդա՞թ» (Տեսանյութ)

Մայիս 14,2013 13:04

Այսօր «Հայելի» ակումբում «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը պատմեց, որ մինչ ասուլիսի գալն այցելել է Ազատության հրապարակում գտնվող ազատամարտիկներին: Նրանք տեղեկացրել են, որ ժամը 12-ից գնալու են տուն, քանի որ կառավարությունը խոստումներ է տվել: Ըստ տիկին Բախշյանի, այս պետությանն ամոթ է. «Մեր իրականության ամենացավոտ խնդիրն են բարձրացրել ազատամարտիկները: Գործող նախագահը պետք է ամենաօպտիմալ, արագ լուծումները գտնի: Ոչ թե ժամանակավոր, այլ գլոբալ, արմատական վերանայեն այդ մարդկանց խնդիրները՝ նորմալ, մարդավայել ապրելու համար: Նրանք ուզում են արժանապատիվ կյանք: Այդ մարդիկ ունեն ամեն տեսակ բարոյական իրավունք՝ այդ հարցը բարձրացնելու»:

ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը համաձայնեց, որ խնդիրը կա, եւ որ ազատամարտիկներին պետք է ոչ միայն Մայիսի 8-ին հիշեն: Բայց նա վստահեցրեց, թե ազատամարտիկներին ամեն տարի բնակարաններ են տալիս. «Առաջին հերթին զոհվածներին, մյուսներին՝ երկրորդ հերթին»:

Երբ լրագրողները աղմուկ բարձրացրեցին, որ հենց օպերա դուրս եկած ազատամարտիկների մեծ մասը բնակարանի խնդիր ուներ՝ Սուքիաս Ավետիսյանն ի պատասխան հորդորեց բացել ՊՆ-ի կայքն ու տեսնել, թե ում եւ քանի հոգու են բնակարան տվել:

Սուքիաս Ավետիսյանի գնահատականով՝ ազատամարտիկներ կան, որոնք կռվել են եւ շատ վատ վիճակում են, եւ կան, որ շատ լավ վիճակում են, դրա համար էլ այսօր վատ վիճակում ապրողները բողոքում են:

Անահիտ Բախշյանի խոսքերով՝ այդ կառավարությունը հենց այդ մարդկանց շնորհիվ է իշխանության եկել. «Թող ՀՀԿ-ի անդամները չասեն, որ միջոց չկա: Բոլորը գիտեն, թե ինչպես են գումարները գնում գեներալների գրպանները: Արդարություն չկա մեր երկրում»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ազատամարտիկները փաստորեն ընդդիմության հետ էլ հույսեր չեն կապում, որ դուրս են եկել նստացույցի՝ Անահիտ Բախշյանն ասաց, որ իրենք պայքարում են, պայքարը շարունակում են, իսկ հիասթափվողներ կլինեն: Սուքիաս Ավետիսյանը նետեց, թե պայքարում եք մենակ իշխանության գալու համար: Անահիտ Բախշյանն էլ հակադարձեց, թե բա դո՞ւք ինչի համար եք պայքարում. «Ձերը ադաթ է, մերը՝ բեդա՞թ»:

Հարցին, թե ազատամարտիկների հարցի հետ կապված ի՞նչ է անելու կառավարությունը՝ Սուքիաս Ավետիսյանը հեղհեղուկ պատասխան տվեց՝ ասելով, որ դեռ կառավարությունում քննարկվում է: Անահիտ Բախշյանն էլ նշեց, որ իրենք՝ ազատամարտիկներն էլ չեն սպասում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031