Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Կիրակոսյան. Եթե ՀՀԿ-ն ուժեղ լիներ՝ խախտումներ երբեք տեղի չէին ունենա

Մայիս 14,2013 12:29

Հատված Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հետ հարցազրույցից:

Պարոն Կիրակոսյան, եթե փորձենք գնահատել Հայաստանի քաղաքական իրադարձությունների վերջին շրջանի երկու կարևոր հանգրվանները՝ ապրիլի 9-ը՝ հետընտրական զարգացումների ավարտը, և մայիսի 5-ը՝ Երևանի ավագանու ընտրությունները, արդյոք կարո՞ղ ենք համարել, որ դրանց արդյունքում ընդդիմությունը և նրան աջակցող, իշխանությունից դժգոհ հասարակության ստվար հատվածը պարտվեց։

– Նախագահի երդմնակալությունից մինչև Երևանի ընտրություններն ընկած ժամանակահատվածում մենք տեսանք երկու կարևոր զարգացումներ, առաջինը՝ վերաբերում է ընդդիմությանը, երկրորդը՝ իշխանությանը։ Առաջինը՝ ընդդիմությունը կորցրեց միավորվելու հնարավորությունը, ընդդիմադիր ուժերը չկարողացան հաղթահարել իրենց տարաձայնությունները և սեփական էգոն՝ ինքնահավանությունը, և այդ պատճառով պատժվեցին ընտրողների կողմից։

Երկրորդ գործոնը վերաբերում է իշխանությանը. Երևանի ավագանու ընտրությունների անցկացումը ևս մի կորսված հնարավորություն էր իշխանությունների համար՝ ավելի ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, ժողովրդավարության զարգացման և այս անընդունելի ընտրախախտումներին վերջ տալու համար։ Այլ կերպ ասած՝ չնայած այն հանգամանքին, որ Երևանի ավագանու ընտրությունները շատ ավելի փոքր մասշտաբներ ունեին, սակայն ավելի վատ անցկացվեցին, ընտրախախտումներն ավելի կոպիտ էին, ավելի ակնհայտ և ավելի անընդունելի։

Իսկ կարելի՞ է ասել, որ դրա պատճառը նախագահական ընտրություններում իշխանության հաղթանակն էր և դրա հետևանքով առաջացած վստահությունը։

– Նախ՝ Երևանի ընտրությունները, որոնք հաջորդեցին նախագահական ընտրություններին, պետք է շատ ավելի քաղաքակիրթ լինեին, քան եղան, իշխանությունները պետք է շատ ավելի ինքնավստահ լինեին ազատ և արդար ընտրություններ անցկացնելու հարցում։ Եվ միաժամանակ հիմնական գործոնը դարձավ տեղական ընտրատարածքներում իշխող Հանրապետական կուսակցության աջակիցների համակարգը, այսինքն, չհաշված «Բարգավաճ Հայաստանի» կողմից կատարված մի քանի ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը, հիմնականում Հանրապետական կուսակցությունն էր, որը խայտառակեց ինքն իրեն։ Այս առումով՝ պետք է ընդգծեմ մի շարք օլիգարխների, հատկապես՝ Սամվել Ալեքսանյանի պահվածքը, և բացի այդ՝ Հանրապետական կուսակցության համար խայտառակություն էր այն, որ ամենաակնառու ընտրախախտումների մեջ էին ներգրավվել կուսակցության վատագույն վարքագիծ ունեցող տարրերն ու աջակիցները։ Այլ խոսքերով ասած՝ ընտրությունների անցկացման գործընթացն ընտրությունների օրը բացահայտեց Հանրապետական կուսակցության ամենավատ կողմերը, իսկ ընտրությունների արդյունքները ցուցադրեցին Հանրապետական կուսակցության և դրա ներկայացուցիչների անընդունելի կեցվածքը։

Եվ վերջապես, պետք է ավելացնել, որ իրական մարտահրավերն իշխանությունների համար նրանց ուղղված հետևյալ ուշագրավ հարցն է. եթե Հանրապետական կուսակցության ղեկավարությունը և նախագահն այդքան ուժեղ են, ապա ինչո՞ւ տեղի ունեցան այս բոլոր անկարգություններն ընտրությունների ժամանակ, կամ միգուցե նրանք այնքան թույլ են, որ չկարողացա՞ն անգամ վերահսկել իրենց իսկ կուսակցության անդամներին։ Այսինքն՝ եթե նրանք ուժեղ լինեին, խախտումներ երբեք տեղի չէին ունենա, հետևաբար՝ իրականում նրանք թույլ են:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031