Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սիրիահայերի տեղափոխումը թեկուզ Անտարկտիդա և ԼՂ հարցի լուծման խնդիրը

Մայիս 14,2013 12:20

«Ես կարծում եմ, որ պետք է պատրաստ լինել հայերին Սիրիայից մասսայաբար հանել, թեկուզ Անտարկտիդա»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Լիբանանում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, Diplomat.am կայքի ղեկավար Արման Նավասարդյանը:

Շարունակելով սիրիահայերի ճակատագրի և Սիրիայում զարգացումների թեման՝ պարոն Նավասարդյանն ասաց. «Եթե Ասադը գնա և ծայրահեղ իսլամիստները գան, ապա դա կլինի հայերի համար Բարդուղիմեոսյան գիշեր: Խնդրի լուծման համար կա երկու ճանապարհ. առաջինը օգտագործել պետական մակարդակով դիվանագիտական խողովակներով բանակցություններ, գոնե կոնտակտների մեջ մտնել այն ուժերի հետ, որոնք դերակատարներ են: Հենց նույն ծայրահեղականների հետ մենք որպես պետականություն ունեցող համայնք պետք է գոնե ինչ-որ երաշխիքներ ձեռք բերենք, գոնե նրանք հասկանան, որ այս համայնքի հետևում կանգնած է պետական ուժ: Պարտադիր չէ, որ գնա Նալբանդյանը խոսի, դա կարող է անել մեզ համակրող ամերիկյան մի քաղաքացի: Հայերի մտքին դիմադրելը կա, նրանք համեմատում են լիբանանյան դեպքերի հետ, բայց դա իհարկե ուտոպիա էր, դա այլ աշխարհ էր, ուժերի այլ հարաբերակցություն»:

Վերոնշյալ հարցում հայկական դիվանագիտության ուղղությանը լրագրողների խնդրանքով գնահատական տալով, Ա. Նավասարդյանը նշեց. «Ագրեսիայի աստիճանի հասնող ակտիվ պիտի լինի հայկական, դիվանագիտությունը, քանի որ պասիվ դիվանագիտությունը Ղարաբաղյան հարցում բերեց իր վատ հետևանքները: Մենք չենք ունեցել դիվանագիտություն, կարոտ ենք այդ բանին, հիմա բոլորն աշխատում են այդ ուղղությամբ»:

Լրագրողները պարոն Նավասարդյանից հետաքրքրվեցին՝ ինչպիսի՞ գնահատական կտա ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այն կարծիքին, թե ԵԽ ամբիոնը չպետք է օգտագործվի ԼՂ հակամարտության լուծման համար: Ա. Նավասարդյանը պատասխանեց. «ԼՂ հարցը Ադրբեջանը բարձրացնում է անգամ այնպիսի երկրներում, որ քարտեզից էլ գաղափար չունեն: Կարծում եմ, որ բոլոր հնարավոր առիթները, բոլոր միջոցները նույնիսկ թույլատրելի և անթույլատրելի, պետք է օգտագործել, որ մենք աշխարհին կարողանանք հասցնել այն, ինչ պիտի հասցնել»:

Սիրիայի շուրջ հավակնությունների մասին էլ պարոն Նավասարդյանն ասաց. «Եթե ԱՄՆ-ն ցանկանար, Սիրիային կխփեին և վերջ: Ամերիկյան կողմը համառ կերպով հանդես է գալիս այն բանի օգտին, որ զենք տրվի ընդդիմությանը, որ Ասադը վերջնական պարտություն կրի ու հեռանա: Ռուսական կողմն ունի երեք հիմնական խնդիրներ: Սիրիայի չհանձնելու պատճառն առաջին հերթին հենակետն է, որ եթե ՌԴ-ն հանձնեց, կկորցնի իր հնարավորությունները, առանց այդ էլ արաբական աշխարհը խաչ է քաշել ՌԴ վրա: Մյուսը զենքի մատակարարման շնորհիվ բերվող գումարներն են, և, ամենակարևորը, սունիզմի խնդիրն է, որը կյանքի և մահու նշանակություն ունի ՌԴ-ի և Պուտինի ողջ փիլիսոփայության համար: Նա ամենադաժան ձևով խեղդեց այդ շարժումը, բայց նա վախենում է, որ չի կարող այժմ դա անել Սիրիայում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031