Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետ. Արցախի պաշտպանական բանակը ադրբեջանական բանակից հզոր է

Մայիս 14,2013 12:05

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի գնահատմամբ, հետհրադադարային 19 տարիների ընթացքում Արցախը կայացել է եւ աշխարհի համար ավելի ընկալելի դարձել:

«Ի հակադրություն այս ամենի՝ Ադրբեջանում 1994 -ի համեմատ, երբ կնքվում էր հրադադարը, արդեն խոսում են արեւմտյան Ադրբեջանի մասին, ընդ որում այդ գաղափարը մասսայականացվում է: Անդրկովկասցի թուրքերի ընկալումներում Հայաստանը գոյություն չունի, որովհետեւ իրենց ներկայացվում է, որ սա եղել ու լինելու է Ադրբեջան: Այսինքն տասնինը տարիների ընթացքում, եթե Ադրբեջանում ինչ-որ մի բան փոխել են, ապա միայն ի վնաս հակամարտության կարգավորմանը: Ադրբեջանում հանրային դիրքորոշումները դարձել են ավելի ագրեսիվ»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց պարոն Ջամալյանը:

Նրա խոսքերով, Արցախի պաշտպանության բանակն էական առավելություններ ունի ադրբեջանական բանակից. «Մոբիլ բանակ է, արդյունավետ կառավարվող բանակ է… Ի հակադրություն սրա, ադրբեջանական բանակը լճացած, ճահճացած մթնոլորտում է գտնվում, կան բազմաթիվ խնդիրներ: Պոտենցիալ վտանգը, որը բխում է Ադրբեջանի զինված ուժերից կապվում է ուռճացված ռազմական բյուջեի հետ: Այո, մեծ գումարներ են վատնում պաշտպանական ծախսերի համար, բայց այդ մեծ գումարները դեռեւս որակի չեն վերածվել: Եթե վերածված լիներ որակի, ստիպված կլինեինք արդեն պատերազմի մեջ լինել»:

Պարոն Ջամալյանի խոսքերով, Ադրբեջանի սպառազինվելուն զուգընթաց ՀՀ ԶՈՒ-ն նույնպես որակյալ սպառազինություն է ձեռք բերում, եւ պատերազմը կանխելուն ուղղված ուժերի հարաբերակցությունը չի փոխվում ի վնաս մեզ. « Ադրբեջանը ձեռք չի բերել այնպիսի որակական գերազանցություն մեր նկատմամբ, որ թույլ տար նրանց խոսքից գործի անցնել: Հրադադարը խաղաղություն չէ, ընդամենը պատերազմի պասիվ փուլն է եւ ենթադրում է ապագայի հանդեպ անորոոշություն… Հարկավոր է փարատել հանրային տագնապները անորոշության վերաբերյալ, դա պետք է փարատել Հայաստանի պաշտպանունակությանն ուղղված միջոցառումները հրապարակայնացնելով: Մենք դատապարտված ենք խաղաղություն պարտադրելու: Հրադադարը լինելու է շատ երկար, մեր խաղաղությունը խրամատային խաղաղություն է լինելու, եւ ամենօրյա խաղաղությունը նվաճվելու է խրամատում, այնքան ժամանակ, քանի դեռ Անդրկովկասցի թուրքերը չեն համակերպվել ստեղծված իրավիճակին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031