Լրահոս
Օրվա լրահոսը

Կապիտալի արտահոսքը երկրից ավելանում է

Մայիս 14,2013 11:53

Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտները շարունակում են ավելանալ։ Թեպետ այս տարի արձանագրվել է աճի տեմպի նվազում։ Բայց որ ավելի մտահոգիչ է, ավելացման միտում ունի Հայաստանից ոչ առեւտրային նպատակներով կատարվող մասնավոր փոխանցումների արտահոսքը։

Դրան զուգահեռ, տրանսֆերտների ավանդական մեծ հոսքեր ապահովող մի շարք երկրներից նկատելի է մուտքերի կրճատում։ Մասնավորապես նվազել են Միացյալ Նահանգներից ստացվող տրանսֆերտային գումարները։
Սովորաբար մասնավոր փոխանցումներն ուղղակիորեն կապված են տվյալ երկրի տնտեսության եւ սոցիալական կացության հետ։ Դժվար է ասել, որ անցած տարվա համեմատ տնտեսական կամ սոցիալական վիճակը ԱՄՆ-ում վատացել է։ Սակայն տեղի է ունեցել մասնավոր ոչ առեւտրային փոխանցումների կրճատում։ Մի բան, որ, ըստ ամենայնի, վերջին մեկ-երկու տարիներին այստեղ բնակվող հայերին առնչվող մի շարք ֆինանսական բացահայտումների հետեւանք է։
Այս տարվա առաջին երեք ամիսներին բանկային համակարգի միջոցով Միացյալ Նահանգներից ստացվել է 17,2 մլն դոլարի մասնավոր տրանսֆերտ, որը 1,5 միլիոնով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Շատ ավելին է զուտ ներհոսքի կրճատումը։ Այն անցնում է 3,5 միլիոնը, ինչը նշանակում է, որ ավելացել է Հայաստանից այս երկիր ոչ առեւտրային նպատակով կատարվող փոխանցումների հոսքը։
Միացյալ Նահանգներից եկող գումարների ուղիղ կեսը դարձյալ հետ է դառնում։ Ընդ որում, այդ երեւույթը նկատելի է ոչ միայն Միացյալ Նահանգների դեպքում։
Ընդհանուր առմամբ տարեսկզբի երեք ամիսներին Հայաստանից մասնավոր փոխանցումների տեսքով արտահոսել է ավելի քան 70 մլն դոլար։ Սա հասնում է ստացված մուտքերի 23 տոկոսին։ Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում արտահոսքի ծավալները աստիճանաբար ավելանում են։ Ասենք, որ 2011թ. առաջին եռամսյակում արտահոսքը եղել է ներհոսքի ընդամենը 21 տոկոսը։
Այս փոփոխությունը պայմանավորված է Հայաստանից դեպի արտերկիր ֆինանսական մասնավոր հոսքերի ծավալների ավելի արագ աճով։ Թեեւ ավելանում են նաեւ արտերկրից փոխանցումները, այնուհանդերձ տրանսֆերտների արտահոսքի աճի տեմպն ավելի մեծ է (տարեսկզբին գերազանցել է 16,6 տոկոսը)։ Այն դեպքում, երբ ընդհանուր տրանսֆերտային հոսքերն ավելացել են 10 տոկոսով։ Ավելի փոքր է զուտ ներհոսքի աճը՝ ընդամենը 8,7 տոկոս, անցած տարվա նույն ժամանակահատվածի 9,6-ի դիմաց։
Տրանսֆերտային գումարները կրճատվել են ոչ միայն Միացյալ Նահանգներից, այլեւ այդ առումով Հայաստանի երրորդ գործընկեր Ուկրաինայից։ Անցած տարի ստացվել էր 3,8 միլիոն, այս տարի՝ 3,7 մլն դոլար։
Սովորական է դարձել իսպանական տրանսֆերտների կրճատումը։ Այդ միտումը շարունակվում է արդեն մի քանի տարի՝ կապված Իսպանիայի տնտեսության մեջ ձեւավորված պարտքային ճգնաժամի եւ տնտեսական իրավիճակի վատացման հետ։ Այս երկրից առաջին եռամսյակում ստացվել է ընդամենը 1,3 մլն դոլար՝ անցած տարվա շուրջ 1,6 միլիոնի դիմաց։
Մինչդեռ գրեթե կրկնապատկվել է Հայաստանից Իսպանիա փոխանցվող գումարի ծավալը։ Ճիշտ է, այն շատ մեծ չէ՝ հասնում է գրեթե 900 հազար դոլարի, բայց երեւույթը մտահոգիչ է։ Ստացված 1,3 մլն դոլարից ընդամենը 400 հարյուր հազարն է մնացել երկրում։
Մի շարք երկրների հետ Հայաստանի տրանսֆերտային փոխանակումները նույնիսկ բացասական են. արտահոսքն ավելի մեծ է, քան ներհոսքը։ Մասնավորապես այդպիսին են հարաբերությունները Չինաստանի, Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։
Դրանով հանդերձ, Հայաստանի տրանսֆերտային շուկայի զուտ ներհոսքը շարունակում է մեծանալ։ Աճի տեմպը դժվար է համեմատել 5-6 տարի առաջվա հետ, երբ այն հասնում էր մինչեւ 25-30 տոկոսի, սակայն դրական միտումը պահպանվում է։
Տարեսկզբի երեք ամիսներին դրսից կատարված ոչ առեւտրային փոխանցումների ծավալը գերազանցել է 305 մլն դոլարը։ Ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը եղել է 235 մլն դոլար, ինչը նախորդ տարվանից ավել է 19 միլիոնով։ Այսինքն՝ արտաքին տրանսֆերտների տեսքով այդքանով ավել գումար է մտել Հայաստան (հիմնականում Ռուսաստանից)։
Նկատելի է նաեւ ռուսական շուկայից փոխանցվող գումարների աճի դանդաղում։ Անցած տարեսկզբին դրանք ավելացել էին 14 տոկոսով կամ 24 մլն դոլարով։ Այն դեպքում, երբ այս տարի աճը եղել է 8,3 տոկոս։ Գումարային արտահայտությամբ ռուսական տրանսֆերտներն ավելացել են 16 մլն դոլարով։ Ավելի քիչ, քան անցած տարի։
Բայց դա չի խանգարել, որ ռուսական շուկան մնա Հայաստան մտնող ֆինանսական փոխանցումների հիմնական աղբյուրը։ Գումարների ավելի քան 80 տոկոսը ստացվում է այս երկրից։ 305 մլն դոլար մուտքերից ռուսական շուկան ապահովել է ավելի քան 246 միլիոնը։ Տարբերությունն ավելի փոքր է զուտ ներհոսքի առումով։ Հայաստան մտնող ոչ առեւտրային բնույթի փոխանցումների ընդամենը 27 մլն դոլար զուտ ներհոսքն է ստացվել այլ երկրներից։ Մնացած 208 միլիոնը եղել են ռուսական ֆինանսական շուկայից ուղարկված տրանսֆերտները։
Տարեսկզբին մասնավոր փոխանցումների ծավալը համարժեք է եղել Հայաստանի պետական բյուջեի միջոցներով իրականացված բոլոր տեսակի ծախսերի 60 տոկոսին։ Խոսքը միայն բանկային համակարգով ստացված գումարների մասին է։
Թե ինչքան են եղել այլ ճանապարհով կամ կանխիկ ձեւով ստացված ֆինանսական միջոցները, հստակ տվյալներ չկան։ Ամեն դեպքում միայն բանկային համակարգով մուտք եղած տրանսֆերտային հոսքերն արդեն բավական են պատկերացում կազմելու դրանց նշանակության մասին։
Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031