Հատված ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ հարցազրույցից:
–Ավագանու ընտրություններից հետո տեսակետներ հնչեցին, թե Հանրապետականը վերածվել է կոմկուսի, Հայաստանը՝ փոքր ԽՍՀՄ–ի, որտեղ իշխող կուսակցությունը միանձնյա տնօրինում էր բոլոր հարցերը։
-Ինձ համար, որպես մի անձնավորության, որը ոչ վաղ անցյալում պայքարել է հանուն Հայաստանի անկախության եւ դրա համար իր ընկերների հետ դատապարտվել է ազատազրկման, այդ համեմատությունը մի քիչ վիրավորական է։ Գաղափարական այդ շերտը կրողներից, հին պայքարող տղաներից շատերը դեռեւս Հանրապետականի անդամներ են, եւ ասել, թե ՀՀԿ-ն վերածվել է կոմկուսի, երկիրը՝ փոքր ԽՍՀՄ-ի, առնվազն սխալ մոտեցում է։ ՀՀԿ-ն երբեք կոմկուսի չի կարող վերածվել։
Ժողովուրդն է որոշում՝ ում վստահել պետության ղեկը, եւ եթե 100 տարի էլ ընտրի Հանրապետականին, էլի մենք ենք տնօրինելու երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության հարցերը։ Դիկտատուրա չէ, որ ասեն՝ եկան ու գրավեցին իշխանությունը։
Խնդրեմ՝ նայեք վերջին ընտրությունների արդյունքները։ Ո՞վ է մեղավոր, որ ՀՀԿ-ն շատ ձայն ստացավ, ի դեմս Տարոն Մարգարյանի, մյուսները՝ քիչ։ Ի վերջո, բաց ընտրություններ էին, եւ միջազգային դիտորդներն էլ արձանագրեցին, որ թեպետ թերություններ եղել են, բայց կոպիտ խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, չեն արձանագրվել։
–Մինչդեռ ընդդիմադիր ուժերը շարունակում են խոսել համատարած ընտրակաշառքների, վերեւից ներքեւ «կեղծված ընտրությունների» մասին։
-Ընտրությունների կազմակերպման հիմնական պատասխանատուն, իհարկե, իշխանությունն է, բայց անընդունելի է, երբ ընդդիմությունը միայն քննադատում է, անընդհատ մեղադրում իշխանություններին, ամեն ինչ բարդում Հանրապետականի վրա՝ չտեսնելով պատասխանատվության իր բաժինը երկրում տեղի ունեցող գործընթացների համար։ Այդպես չէ։ Բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ ընդդիմությունը, չեմ ասում՝ հավասարապես, բայց նույնպես պատասխանատու են ամեն ինչի համար։
Ժամանակին ասել եմ, պիտի կրկնեմ՝ այն քաղաքական ուժերը, որոնք գոնե մեկ անգամ բաց են թողել, չեն մասնակցել ընտրություններին, լինի խորհրդարանական, նախագահական թե տեղական, արդեն չեն կարող համարվել կենսունակ քաղաքական միավորներ։ Սպառված, հոգնած, բեզարած քաղաքական ուժեր են, որոնց վրա հասարակությունը չի կարող հույս դնել, վստահել, նրանց վրա դնել իր անվտանգության, սահմանների պաշտպանության, սոցիալական վիճակի բարելավման պատասխանատվությունը։
Եթե նկատել եք, զանգվածային կեղծիքներից ամենից շատ բողոքում են հենց այն քաղաքական ուժերը, որոնք չեն մասնակցել նախագահական ընտրություններին։
–Այսինքն՝ դուք էլ եք այն կարծիքին, որ ընտրողները պատժեցին ընդդիմադիր ուժերին իրենց ձայներն «անտեր» թողնելու համար։
-Միանշանակ այդպես է։ Յուրաքանչյուր առողջ քաղաքական ուժ անընդհատ պետք է լինի քաղաքական պայքարի մեջ, առաջարկի իր ծրագրերը հասարակությանը, նույնիսկ եթե չի կարողանում իշխանության գալ՝ փորձի կայանալ, հզորանալ, ընդլայնել իր ընտրազանգվածը եւ հնարավորության սահմաններում իրականացնել այդ ծրագրերը։
Չի կարելի տանը նստել, հեռուստատեսությամբ հետեւել, թե ինչ են անում հանրապետականները եւ «ժառանգականները», հետո հարցազրույցներ տալ եւ քննադատել իշխանություններին ընտրությունները կեղծելու, տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների ծրագրերը տապալելու համար։ Այդպես չի՛ լինում։
Նույնիսկ եթե 5 տոկոս ես հավաքելու, պիտի թեւքերը քշտած մտնես մրցակցության մեջ, ցույց տաս, որ ունես ծրագիր, ունես գաղափարներ եւ պատրաստ ես պայքարել դրանց համար։ Այդ առումով, այո, հասարակությունը պատժեց այն քաղաքական ուժերին, որոնք չմասնակցեցին նախագահական ընտրություններին։ Հանրապետականն ապացուցեց, որ պատրաստ է պատասխանատվություն ստանձնել, եւ հասարակությունն իր ձայնը տվեց մեզ։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց աշխարհ»