Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանի ՔԿՀ-ի պետի տեղակալի մայրը կավա՞տ

Մայիս 14,2013 11:27

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ընթանում է Հռիփսիմե Հարությունյանի, Էլզա Սահակովայի եւ Զվարթ Ալավերդյանի գործով դատավարությունը։ Այս կանայք մեղադրվում են «Լիլիթ» հյուրանոցային համալիրում երկու եւ ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սույն հյուրանոցային համալիրը պատկանում է Հրազդանի ՔԿՀ-ի պետի տեղակալ Մարատ Գրիգորյանին։

Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Էլզա Սահակովան եւ Զվարթ Ալավերդյանը հյուրանոցի մատուցողուհիներն են, իսկ Հռիփսիմե Հարությունյանը՝ նրանց փաստացի ղեկավարը։ 64-ամյա Հռիփսիկը «Լիլիթ-2» ՍՊԸ տնօրեն Մամիկոն Գրիգորյանի այրին է։ Ամուսնու մահից հետո նա է իր ձեռքը վերցրել ՍՊԸ-ի, այդ թվում՝ ընկերության կազմի մեջ մտնող «Լիլիթ» հյուրանոցային համալիրի ղեկավարումը։

Ըստ մեղադրանքի՝ Աբովյան քաղաքի Սեւանի փողոցի 11 հասցեում գործող համալիրի գործունեությունը եկամտաբեր դարձնելու, գույքային օգուտ ստանալու ակնկալիքով Հռիփսիկ Հարությունյանը մատուցողուհիներ Էլզայի եւ Զվարթի օժանդակությամբ հյուրանոցը պահել ու ղեկավարել է երկու եւ ավելի անձանց օգտագործելով՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար։

2012թ. փետրվարից միևչեւ հուլիս ընկած ժամանակահատվածում նա հաստատության առանձնասենյակները 6-հազարական դրամով տրամադրել է մոտ մեկ տասնյակ մարմնավաճառների, իսկ ստացած գումարները «տնօրինել միանձնյա»։ Ըստ մեր տեղեկությունների՝ «Լիլիթ» հյուրանոցային համալիրը Հրազդանի ՔԿՀ-ի պետի տեղակալ Մարատ Գրիգորյանի սեփականությունն է, որի հետ «Ժողովուրդ»-ի զրույցը ներկայացնում ենք ստորեւ։

– Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Ձեզ պատկանող «Լիլիթ» հյուրանոցային համալիրում նման վիճակ է տիրել։

– Ես դրա հետ կապ չունեմ։ Դա մեր ընտանեկան սեփականությունն է։ Հյուրանոցային համալիրի 80 տոկոսը պատկանում էր հայրիկիս՝ Մամիկոն Գրիգորյանին, մյուս համասեփականատերը մայրս է՝ Հռիփսիկ Հարությունյանը, որին պատկանում է 20 տոկոսը։ Հայրս 2012թ. մահացել է, քաղցկեղով հիվանդ էր, եւ իրավական տեսանկյունից մնացած բաժնեմասը դեռ մայրիկիս անունով վերաձեւակերպված էլ չէ, քանի որ հորս մահվանից հետո նրան նույնպես վիրահատել ենք։

– Այսինքն՝ Հ. Հարությունյանը, որը մեղադրվում է «Լիլիթ» հյուրանոցային համալիրում երկու եւ ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար, Ձեր մա՞յրն է:

– Այո՛, նա իմ մայրն է, բայց եթե Դուք մտնեք Աբովյան քաղաք եւ հարցնեք իմ մայրիկից, բոլորը նրան գիտեն որպես շատ հարգված կին, եւ ավելին, Ձեզ ասեմ, որ մայրս հյուրանոց հաճախ չի այցելել, եւ հյուրանոցի հարցերով զբաղվել է քրոջս ամուսինը՝ Հրայրը։

– Բայց ըստ գործի նյութերի՝ բավական չէ, որ Ձեր հյուրանոցը հարմար վայր է եղել պոռնկության համար, մարմնավաճառությունն այնտեղ ծաղկել է անձամբ Ձեր մայրիկի ղեկավարությամբ։

– Իմ մայրն այս ամենի հետ կապ չունի։ Այս ամեն ինչի գլուխը թաքնված է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի հետեւում, եւ նրա պատվերով է ամեն ինչ այսպես ներկայացվում։ Իմ մայրիկը նամուսով շատ զուսպ կին է, եւ եթե նման բան լիներ, առաջինը ես ինձ կվերացնեի։ Մենք այդ աստիճանի մարդ չենք, որ այդ քայլին գնանք։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031