Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Խաչաղբյուր գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Հակոբ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. փետրվարի 5-ին խոչընդոտել է «Հայկական ժամ» թերթի լրագրող Հերմինե Մանուկյանի կողմից Խաչաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Ղազարյանից հարցազրույց վերցնելուն, լուսանկարելուն, փորձել է լրագրողի ձեռքից վերցնել լուսանկարչական ապարատը, խոընդոտել է լրագրողական գործունեությանը: Հակոբ Ղազարյանը դպրոցի տնօրեն Սամվել Ղազարյանի որդին է:
Նախկինում չդատված Հ. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով: Սույն հոդվածով նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
Ամբաստանյալի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Այս գործով դատական առաջին նիստը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է վաղը՝ մայիսի 15-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ