Ազատամարտիկները Ազատության հրապարակում նստացույց են անում, որովհետեւ թշվառ վիճակում են, չեն կարողանում ընտանիք պահել։
Մեկ այլ ազատամարտիկ ետ է վերադարձնում պետությունից ստացած մեդալը, որովհետեւ 23 հազար դրամ հաշմանդամության թոշակ է ստանում եւ էլ չի դիմանում նման անարգանքի։
Գյուղացիները փակել են Երեւան-Հոկտեմբերյան մայրուղին, որովհետեւ կարկուտը ոչնչացրել է բերքը, եւ նրանք կառավարությունից փոխհատուցում են պահանջում։
Վարդենիկ գյուղում էշը հարվածել եւ սպանել է ծեր տիրոջը, որովհետեւ վերջինս անխնա ծեծի է ենթարկել նրան։
Կարդացեք նաև
Երեւանի Հյուսիսային պողոտայում պիտբուլը կերել է փոքր շանը, եւ տարածքը հսկող ոստիկանները կանգնած հետեւել են, թե դա ինչպես է տեղի ունենում։
Գյումրիում հերթական վրաերթն է տեղի ունեցել՝ մայրը մահացել է, որդին ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Վրաստանում ավտովթարի զոհ են դարձել «Սիվիլնեթ»-ի աշխատակիցներ՝ ԱՄՆ-ում ծնված եւ մեծացած՝ մոտ մեկ տարի առաջ Հայաստանում պսակադրված եւ հայրենիք տեղափոխված Ալենը եւ Սոսեն։
Երեւանում հորդ անձրեւ է եկել եւ քաղաքը վերածվել է մի մեծ ջրափոսի՝ մեքենաների եւ հետիոտնի համար։
Լուկաշենկոն ժամանել է Երեւան եւ մեծ շուքով Սերժ Սարգսյանի հետ միասին՝ Գագիկ Ծառուկյանի եկեղեցին եւ խաղատունն են բացելու։
Երեւանից եւ մյուս բոլոր մարզերից ավտոբուսները շարունակում են ՀՀ քաղաքացիներին տեղափոխել այլ երկրներ՝ հիմնականում Ռուսաստան, բնակության…:
Սա վերջին չորս օրվա, որոնք ի դեպ տոնական էին, հայաստանյան լրահոսի հիմնական թողարկումների ընդհանուր պատկերն է։ Եթե որեւէ լուր մոռացա հիշատակել, միեւնույն է՝ դրանից ոչինչ չի փոխվում, որովհետեւ նույնիսկ իմ մոռացած լուրը պետք է լիներ նույնքան բացասական, որքան վերը հիշատակածներս։ Դժվար է աշխարհում գտնել մի երկրորդ երկիր, որտեղ մթնոլորտն այս աստիճան ռեպրեսիվ է, լրահոսը՝ հագեցած միայն ու միայն բացասական տեղեկատվությամբ, կամ տեղեկատվությամբ, որը ընթերցողի մոտ միայն ու միայն բացասական հույզեր է առաջացնում։
Բայց այս լրահոսը դեռ ամբողջը չէ։ Այն ամբողջանում է դրան նախորդած իրադարձություններով՝ օրինակ կեղծված եւ նվաստացուցիչ ավագանու ընտրություններ, դրանից առաջ կեղծված եւ նվաստացուցիչ նախագահի ընտրություններ, հերթական անհաջողության մատնված «հեղափոխություն», օր օրի թանկացող սննդամթերք եւ լայն սպառման կենցաղային ապրանքներ, ամեն օր հեռուստաէկրաններից եւ մամուլի սրահներից քաղաքացիներին ցինիկաբար ծաղրի ենթարկող պաշտոնյաներ, միլիարդավոր դոլարների հարստություն հայտարարագրող թեկնածուներ, իշխանությունների հետ գործարքներ կնքած ընդդիմադիրներ։
Ցանկը կարելի է անվերջ շարունակել, սակայն կարճ, թե երկար՝ այն մի բանի մասին է. Հայաստանում ապրելը իր քաղաքացու համար դարձել է անհաղթահարելի մարտահրավեր։ Կյանքը մեր երկրում վերածվել է մի մեծ սթրեսի, որին ամեն քայլափոխի եւ ամեն վայրկյան ենթարկվում են տարեց, թե մանուկ, հարուստ, թե աղքատ, կրթված, թե անկիրթ, խելոք, թե անխելք։
«Հայկական ժամանակ»