Լրահոս
Օրվա լրահոսը

Երբեւէ որեւէ մեկը կպատկերացնե՞ր, որ ընդդիմության առաջնորդին պատկանող ամենամեծ կազինոյի բացման արարողությանը կմասնակցեր Սերժ Սարգսյանը մեկ այլ երկրի նախագահի հետ

Մայիս 14,2013 10:38

Երեկվանից պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ալեքսանդր Լուկաշենկոն Սերժ Սարգսյանի հետ այսօր կմասնակցի Գագիկ Ծառուկյանի փողերով կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությանը, որից հետո, կրկին Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ կգնա բացելու «Փարավոն» համալիրն ու այնտեղ կըմբոշխնի իր պատվին տրվող պաշտոնական ընթրիքը։ Այլ պայմաններում, այլ հանգամանքներում, այլ գործող անձանց պարագայում՝ այս իրադարձությունը հնարավոր չէր լինի համարել պատմական, առավելեւս՝ շրջադարձային։ Բայց սա այդ դեպքը չէ։ Խնդիրն այն է, որ մեկ այլ երկրի նախագահ պաշտոնական այցով գալիս է Հայաստան, ու նրան ուղեկցող Սերժ Սարգսյանի հետ գնում՝ բացելու ընդդիմության ապագա առաջնորդին պատկանող կազինոն։ Ու այսքանը դեռ բավարար չէ, այդ կազինոն ամենամեծն է Հայաստանում։

Ուրեմն ինչն է այստեղ «պատմականն» ու «շրջադարձայինը»։ Երբեւէ որեւէ մեկը կպատկերացնե՞ր, որ Հայաստանում ընդդիմության առաջնորդը կարող է ունենալ խիստ եկամտաբեր բիզնեսներ, այդ թվում նաեւ՝ կազինոներ։

Երբեւէ որեւէ մեկը կմտածե՞ր, որ Հայաստանում ընդդիմության առաջնորդին կարող է պատկանել երկրի ամենամեծ կազինոն։

Երբեւէ որեւէ մեկը կպատկերացնե՞ր, որ ընդդիմության առաջնորդին պատկանող ամենամեծ կազինոյի բացման արարողությանը կմասնակցեր Սերժ Սարգսյանը մեկ այլ երկրի նախագահի հետ։

Այսքանից հետո պարզ է չէ՞, որ տեղի ունենալիք արարողությունը պատմական է ու շրջադարձային։ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն։ Ընդդիմությունը այլեւս չի հալածվում, չի ունեզրկվում, չի հոշոտվում, բանտերում չի հայտնվում, հարկայինի ասպատակություններին չի ենթարկվում… այլ իրեն պատկանող կազինոներում պաշտոնական ընթրիքներ է կազմակերպում այլ երկրների նախագահների համար, որոնց մասնակցում է նաեւ Սերժ Սարգսյանը։ Հայաստանում երբեւէ նման ընդդիմություն եւ ընդդիմության առաջնորդ չի եղել՝ այդքան գաղափարական, այդքան սկզբունքային, այդքան համարձակ։ Կարելի է չկասկածել, որ Գագիկ Ծառուկյանը կարդարացնի բոլոր նրանց սպասելիքները, ովքեր մեծ հույսեր են կապում նրա՝ ընդդիմադիր գործունեության հետ։ Ընդամենը ավելացնենք, որ Ծառուկյանի կազինոյում տրվելիք պաշտոնական ընթրիքին կմասնակցի նաեւ Ռոբերտ Քոչարյանը։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031