Այս տարվա չորս ամիսներին կառավարությունն ու Կենտրոնական բանկը 2,2 անգամ ավելի շատ միջոցներ են ուղղել արտաքին պետական պարտքի սպասարկմանը, քան ներգրավել։ Այս հանգամանքը, ինչպես նաև համաշխարհային հիմնական արժույթների փոխարժեքների վարքագիծը նպաստել են, որ ընթացիկ տարվա չորս ամիսներին արտաքին պետպարտքը նվազի 3,2%-ով։
Ֆինանսների նախարարության պետական պարտքի ամսական հաշվետվության համաձայն՝ ապրիլի վերջին Հայաստանի արտաքին պետական պարտքը դրամային արտահայտությամբ կազմել է Դ1,743 տրլն՝ դեկտեմբերի վերջի համեմատ կրճատվելով 1,1%-ով։ Դոլարային արտահայտությամբ այն նվազել է 2,8%-ով՝ մինչև $4,248 մլրդ։ Տարբերությունը պայմանավորված է նրանով, որ դեկտեմբերի վերջին հաշվարկման հիմքում դրվել է Դ403,58/$1 փոխարժեքը, ապրիլի վերջին՝ Դ410,45/$1-ը։
Ապրիլի վերջին Հայաստանի արտաքին պարտքն ընդհանուր առմամբ կազմել է Դ3,619 մլրդ, որի 84,8%-ը բաժին է ընկել կառավարությանը։
Ամսական հաշվետվությունից երևում է, որ այս տարվա չորս ամիսներին կառավարությունն ու ԿԲ-ն արտաքին պետպարտքի սպասարկմանն ուղղել են $80,4 մլն ($69 մլն-ը՝ մայր գումարի մարմանը, $11,4 մլն-ը՝ տոկոսավճարներին)։ Միևնույն ժամանակ, ներգրավվել են $36,4 մլն-ի նոր վարկեր, որից $30,9-ը՝ կառավարության կողմից։
Կարդացեք նաև
Այլ հավասար պայմաններում Հայաստանի արտաքին պարտքը չորս ամիսներին պետք է նվազեր $44 մլն-ով, այնինչ կրճատվել է $120 մլն-ով։ Սա պայմանավորված է համաշխարհային հիմնական արժույթների փոխարժեքներով։
Ֆինանսների նախարարությունն արտաքին պարտքը հաշվարկում է դոլարով, այն դեպքում, երբ Հայաստանի արտաքին պարտքի 59,8%-ը SDR-ով (ԱՄՀ փոխառության հատուկ իրավունք) է, 8,6%-ը՝ ճապոնական յենով, 9,2%-ը՝ եվրոյով, և ընդամենը 22,2%-ը՝ դոլարով։ Հասկանալի է, որ համաշխարհային հիմնական արժույթների նկատմամբ դոլարի թուլացումը կամ ամրապնդումը անխուսափելիորեն արտացոլվելու է Հայաստանի արտաքին պարտքում։
2013թ. ընթացքում արտաքին պետական պարտքի գծով նախատեսվում է սպասարկել $418,6 մլն, որից $354,2 մլն-ը ուղղել հիմնական գումարի մարմանը և $64,4 մլն-ը՝ տոկոսավճարին։ Ընդ որում՝ արտաքին պետպարտքի սպասարկմանն ուղղվող միջոցների 53,4%-ը բաժին է ընկնելու կառավարությանը։ Տարվա ընթացքում ծրագրվում է ներգրավել ընդհանուր առմամբ $479 մլն-ի վարկային միջոցներ։ Արդյունքում տարեվերջին Հայաստանի արտաքին պետական պարտքը կկազմի $3,984 մլրդ:
«Օրակարգ»