Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Համենայնդեպս փաստ է, որ ԲՀԿ-ն առ այսօր պաշտոնապես չի շնորհավորել Սերժ Սարգսյանին»

Մայիս 13,2013 21:49

ՀԱԿ դաշինքի նախկին անդամ Սասուն Միքայելյանը վերջերս հրավիրած ասուլիսում վստահեցրել էր, որ երբեք չի անդամակցի ՀԱԿ կուսակցությանը եւ հույս էր հայտնել, որ շուտով նոր ընդդիմություն կձեւավորվի ընդդիմադիր դաշտում: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ ինքն իրեն հին ուժ չի համարում եւ իր համար պարզ չի, թե ովքեր են թարմ ուժերը. «Ընդդիմությունը մշտապես թարմացման անհրաժեշտություն ունի, որքան շատ նոր դեմքեր են միավորվում ընդդիմադիր շարժմանը, այնքան ընդդիմության արդյունավետությունը բնականաբար բարձրանում է: Ես հակված չեմ այն մտքին, որ պետք է անպայման ինչ-որ բան քանդել, որպեսզի նորը կառուցեն: Մենք, ունենալով 5 տարվա պայքարի լրջագույն բազա, հնարավորություն ունենք թարմացվելու, նորացվելու: Այստեղ անձերի խնդիր չէ: Կյանքն առաջ է գնում, պրոբլեմները չեն վերանում, եւ այդ պրոբլեմները լուծելու համար որքան շատ համախոհներ են լինում, այնքան արդյունավետ է մեր աշխատանքը: Դժբախտաբար, ամենալուրջ համախմբումը որ եղավ, դա 2008-ին էր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ: Ես կարծում եմ, որ այդ ընդդիմությունն իր խնդիրը մասամբ կարողացել էր լուծել: Որոշ խնդիրներ, որոնք դրվել էին մեր առջեւ, դրանք կարծես թե լուծվեցին: Համենայնդեպս, 5 տարվա պայքարի արդյունքում ծնվեցին նոր քաղաքական դեմքեր, հասարակակական-քաղաքացիական շարժումներ, նախաձեռնություններ, որոնք էլ կարող են որպես ընդդիմադիրներ համախմբվել մեզ: Մեր տարիների փորձը, իմաստությունը օգտակար է նոր ընդդիմությանը, որի մեջ ես տեսնում եմ նաեւ մեզ բոլորիս»:

Մեր հարցին՝ ընդդիմությունն իրեն չի՞ սպառել արդեն՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Եթե կան ավելի լուրջ ուժեր, որոնք կարող են ավելի դրական փորձ ունենալով հասնել ինչ-որ բանի, ես միայն կողջունեմ: Գիտեք, երբեք չի կարելի խաչ քաշել հնի վրա, քանի դեռ նորը չկա: Երբ կլինեն այդ ուժերը, միգուցե ես համամիտ կլինեմ այդ մտքի հետ, որ հին ուժերն իրենց սպառել են կամ չեն կարողանում պայքարի արդյունավետ ճանապարհը գտնել: Երբ կանցնեն 5 տարվա թոհուբոհով եւ արդյունքի կհասնեն, ես միայն ուրախ կլինեմ, որ ձեւավորվել է նոր ընդդիմադիր սերունդ, որն ավելի արդյունավետ է, քան գործող  քաղաքական ուժերը»:

Հարցին այսօր ընդդիմություն կա՞՝ նա պատասխանեց, որ այսօր ՍԴՀԿ-ին համարում է լրջագույն ընդդիմադիր ուժ. «Դուք գիտեք, մենք արմատական ընդդիմություն ենք, իսկ մյուսների մասով դիմեք իրենց, միգուցե եւ ձեզ հետ համաձայնեն, բայց ես կարծում եմ, որ այսօր ՀԱԿ կուսակցությունը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ շարունակում է մնալ լրջագույն քաղաքական ընդդիմադիր ուժը: Ընդդիամադիր քաղաքական դաշտում բացի մեզանից, որպես արմատական ընդդիմություն ես տեսնում եմ ՀԱԿ-ին, որոնք ոչ մի քայլ հետ չեն նահանջել իրենց նպատակներից: Չմոռանանք, որ ՀԱԿ-ը գլխավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, որոնց մեջ կուտակված է 5 տարվա ահավոր պայքարի, զրկանքների գնով որոշակի ձեռքբերումների լրջագույն փորձ, եւ դա ոչ ոք չի կարող անտեսել կամ ուրանալ: Այսօրվա բոլոր շարժումները ձեւավորվել են մեր պայքարի, վախի մթնոլորտը կոտրելու արդյունքում նաեւ, իսկ դա չի կարելի ուրանալ»:

Մեր դիտարկմանը, որ Կոնգրեսը շարունակում է իր հույսը դնել, հենվել ԲՀԿ-ի վրա, նորմա՞լ է, երբ մի քաղաքական հզոր ուժը հենվում է մեկ այլ ուժի վրա եւ հույսը կապում նրա հետ՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա, թե ով էր ճիշտ, ով՝ սխալ: Ես այսօր իրավունք չունեմ նման գնահատական տալու: Գործընթացը շարունակվում է: Եթե ընդհատվեր այդ գործընթացը, կարելի էր համարել, որ սխալ է, բայց եթե այն շարունակվում է, ԲՀԿ-ն ձգտում է բարեփոխումների հասնել ընդդիմության հետ համատեղ, ապա չի կարելի ասել, որ ԲՀԿ-ի հետ համագործակցությունն արդյունավետ չի եղել: Համենայնդեպս փաստ է, որ ԲՀԿ-ն կոալիցիայի մեջ չմտավ, համենայնդեպս փաստ է, որ չաջակցեց 2013-ի նախագահական ընտրություններում ՍԵրժ Սարգսյանին եւ առ այսօր պաշտոնապես չի շնորհավորել: Հետեւաբար նրա ձգտումները ընդդիմադիր դաշտում արմատական դառնալու, առանցքային դերակատարություն ստանձնելու, ես կարծում եմ ողջունելի է, իսկ ժամանակը ցույց կտա, թե ով էր ճիշտ, ով՝ սխալ: Վաղ է գնահատական տալը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031