Այսօր Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն են ժամանել իտալացի սրտաբաններ, ովքեր կնքված պայմանագրի համաձայն` սեպտեմբերից սկսելու են սրտի բաց վիրահատությունները: Հայաստանում այս տիպի վիրահատություն անցկացվում է միայն Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում: Իտալացիները 3 տարվա ծրագիր են իրականացնելու Գյումրիում, տարվա մեջ վեց անգամ ժամանելու են հանրապետության երկրորդ քաղաք, այստեղ վերապատրաստելու են տեղի կադրերին, նույն նպատակի համար 3 բուժաշխատողների էլ տանելու են Իտալիա, որոնց ընտրությունը կատարվել է այսօր: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու առողջապահական կենտրոնի նորընտիր տնօրեն Արմեն Իսահակյանը: Ըստ նրա, մինչ իտալացիների սկսելը,Գյումրիում սրտի վիրահատություններ կանցկացնեն Էրեբունի բժշկական կենտրոնի պրոֆեսորները: Այս կենտրոնի հետ պայմանագիր է կնքվել, ճանաչված ու հեղինակավոր բժիշկները նախապես սահմանված ժամանակացույցով ու ընդհանուր հիմունքներով կժամանեն Գյումրի ու բուժումներ կանցկացնեն տարբեր հիվանդությունների գծով:
Արմեն Իսահակյանի տեղեկացմամբ, այս պահին շահագործվում է նաեւ իրենց հիվանդանոցի թանկարժեք սարքավորումներից մեկը` մոտ 60 հազար դոլարանոց լապորոսկոպիկ սարքը, որն առաջին անգամ աշխատեցրել է գլենդելաբնակ գյումրեցի Գեւորգ Մութաֆյանը: Վերջինս, Արմեն Իսահակյանի փաստմամբ, կատարում է կույրաղիքի ու լեղապարկի վիրահատություններ`փակ եղանակով, իսկ թութքը վիրահատում է նոր, արդյունավետ մեթոդներով, ամբուլատոր պայմաններում`առանց ցավազրկման, 10-15 րոպեում: Նա միջին հաշվով օրական 6-7 վիրահատություն է կատարում: Գեւորգ Մութաֆյանը իր հայրենի քաղաքում է բարեգործական հիմունքներով, նա իր մեթոդները սովորեցնում է տեղի բժիշկներին, թեեւ մի քանի գյումրեցի բժիշկներ առաջիկայում կգնան ԱՄՆ`վերապատրաստման:
Նշենք, որ Գեւորգ Մութաֆյանը աշխատում է Գլենդելի երկու խոշոր կլինիկաներում`«Մեմորիալ»»-ում եւ «Ատվենտիս»-ում: Նա սովորել է Լենինգրադի ռազմաբժշկական ակադեմիայում, որից հետո ուսումը շարունակել է ԱՄՆ-ում ու այնտեղ էլ հաստատվել է: Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնը պայմանագիր է կնքել նաեւ երեւանյան «Պրոմտեստ» անկախ լաբորատորիայի հետ, որպեսզի այն անալիզները, որոնք հնարավորություն չկա անելու Գյումրիում, անցկացվեն վերոնշյալ լաբորատորիայում:
Նշենք նաեւ, որ Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնում մտադրություններ կան արտերկրում բնակվող այլ հայտնի բժիշկների եւս համոզել ու տեղափոխել Գյումրի` բնակության:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
очень хорошая новость!Спасибо всем тем .ктопомогает этому настрадавшему городу!