Այսօր Սինոփսիս Արմենիայի գիտաարտադրական կենտրոնում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգեւի «Հաղթողների ակումբի» անդամները եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միկրոէլեկտրոնային սխեմաների ոլորտի ուսանողները բացառիկ հնարավորություն ունեցան հանդիպել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հանդիպմանը ներկա գտնվելու կապակցությամբ Հայաստան էր այսօր ժամանել Սինոփսիս ընկերության մարքեթինգի գծով փոխնախագահ եւ Սինոփսիս Արմենիա ՓԲԸ- ի գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը:
«Հեղինակավոր մարդկանց հետ նման հանդիպումները չափազանց կարեւոր են մեր ուսանողների եւ կրթական պարգեւի հաղթողների համար:Նրանք անմիջական շփում են ունենում հետաքրքիր եւ հարուստ կենսափորձ ունեցող մարդկանց հետ եւ հնարավորություն են ունենում ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները»,-հանդիպման ընթացքում ասաց Նախագահական կրթական պարգեւի մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը, հավելելով, որ նման հանդիպումները կարեւոր են նաեւ հյուրերի համար, ովքեր շփվում են լավագույն ուսանողների հետ`ստանալով իրատեսական արձագանք երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Հանդիպումը տեղի ունեցավ «խարույկի շուրջ զրույցի» (fireside chat) ձեւաչափով, որտեղ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ Ռիչ Գոլդմանը ոչ ֆորմալ զրույց վարեցին տարբեր թեմաներով, այդ թվում քննարկեցին դեսպանի անցած ուղին, նրա ակնկալիքները Հայաստանից, ինչպես նաեւ ՏՏ ոլորտը, սոցիալական ձեռներեցությունը, սոցիալական մեդիան, տնտեսությունը եւ կրթությունը: Ավանդույթի համաձայն, խոսնակին շնորհվեց «Հաղթողների ակումբի» պատվավոր անդամի կոչում եւ հանձնվեց «Հաղթողների ակումբի» անդամի կրծքանշան:
Դեսպանը՝ խոսելով Հայաստանում իր ամենամեծ անակնկալների մասին ասաց. «Ես իսկապես կարծում եմ, որ ՏՏ ոլորտը փոխակերպող ոլորտ է Հայաստանի համար: Ես, հավատում եմ, որ Հայաստանի ապագան գիտելիքահենք տնտեսությունն է, եւ որ այս տաղանդավոր երիտասարդները այն մարդիկ են, ովքեր Հայաստանը հաջողակ եւ բարգավաճ երկիր են դարձնելու»:
Կարդացեք նաև
Հանդիպմանը ներկա էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը, Յունիքոմփ ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Բալդրյանը, Վիասֆեր Ինթերնեյշնլ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն եւ համանախագահ Թոնի Մորոյանը եւ այլ հյուրեր:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ