businessinsider.com պարբերականը, օգտվելով Սթիվ Ջոբսի հայտնի խոսքերից, հոդված է հրապարակել այն մասին, թե ինչպես կարելի է հասնել հաջողության: «Առավոտ երիտասարդականը» առանձնացրել է առավել կարևոր կետերը:
.Կյանքում ոչինչ հեշտ չի լինում: Եթե Դուք ուզում եք անել մեծ աշխատանք ու հասնել արդյունքի, Դուք պետք է ջանասիրաբար այն կատարեք: Գուցե դրանից տուժի Ձեր հարմարավետությունը, քանի որ հարկ կլինի զիջումների գնալ:
.Օգտվեք հնարավորություններից, որոնք նույնիսկ կարող են ռիսկային թվալ և վախեցնել Ձեզ:
.Հիշեք, որ Ձեր ժամանակը սահմանափակ է: Մի ապրեք ուրիշի կյանքով: Թույլ մի տվեք, աղմուկը և ուրիշների կարծիքները խեղդեն ձեր սեփական ներքին ձայնը:
.Մեծ աշխատանք կատարելու միակ ճանապարհն այն է, որ Դուք սիրով անեք այն: Եթե Դուք դեռ չեք գտել Ձեր նպատակը, մի նահանջեք, փնտրեք այն:
.Դուք չպետք է փորձեք լինել նա, ով Դուք չեք: Ահա այդ պարզ պատճառը. Դուք կյանքում կարևոր ոչնչի չեք հասնի, մինչև որ չճանաչեք Ձեր իրական ես-ը: Ճանաչելով ինքներդ ձեզ՝ Դուք Ձեզ ավելի հարմարավետ կզգաք. դա կնվազեցնի սթրեսն ու անհանգստությունը: Այս կերպ փորձեք լինել ամենալավը Ձեր տեսակի մեջ, որ երբևէ կարող եք լինել:
.Բիզնեսում կա հնարավորություն արժեք հասկացությունը: Երբ Դուք գերադասում եք մեկի ընտրությունը մյուսից, Դուք բաց եք թողնում մյուս հնարավորությունները, որոնք գուցե և կատարեիք: Մարդիկ հազվադեպ են կանգ առնում մտածելու, որ օգտագործեն այդ շանսը, քանի դեռ չափազանց ուշ է:
.Մենք կյանքում սիրում ենք ճանապարհորդություններ, նախքան որևէ հնարավորություն օգտագործելը Դուք չգիտեք՝ արդյոք կհասնե՞ք հաջողության, ի՞նչ կբացահայտեք. Այս ամենն իմանալու համար Դուք պետք է սկսեք ճանապարհորդությունը:
«Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց, թե ինչպիսի պատկերացումներ ունեն երիտասարդները հաջողության վերաբերյալ: «Հաջողության հասնելու համար պետք է ուժեղ կամք ունենալ, որպեսզի կարողանալ դժվարությունների միջով անցնել, սակայն դա չի նշանակում, որ պիտի անտեսեն զգացմունքներն ու վերածվեն անզգա մեխանիկի, ով պատրաստ է նույնիսկ իր խղճի հաշվին իր հարազատների վրայով անցնել: Ըստ իս` հաջողակ մարդը նախևառաջ պետք է բարի ու նրբանկատ լինի»,-ասում է 23-ամյա Լիլիթը: Իսկ 16-ամյա Մարգարի կարծիքով՝ հաջողությունը բաժին է ընկնում նրան, ով իսկապես գիտակցում է դրա արժեքը. «Հաջողակ մարդիկ հիմնականում ծանր ու դժվար կյանք ապրածներն են, որովհետև նրանք հասկանում են՝ ի՞նչ է իրենց պետք, և ինչ պետք չէ, նրանք արդեն իսկ տեսել են բազում խոչընդոտներ ու գնահատում են իրենց ուժն ու հնարավորությունները»,-ասում է նա: «Հաջողությանը հասնում են ոչ թե մեկ օրվա, այլ տարիների ընթացքում, ամենակարևոր գործոնը համբերությունն է»,-ասում է 21-ամյա Դիանան:
Նազենի Բաղդասարյան