Ազատամարտիկներն այսօր առավոտից Ազատության հրապարակում նստացույց են անում` նոր կառավարությունից պահանջելով բարձրացնել իրենց կենսաթոշակները եւ արտոնություններ սահմանել:
Իրենց խնդիրներն ի մի են բերել, պահանջները հստակեցրել ու նամակ փոխանցել ՀՀ վարչապետին: «Գիշերը քնեցի, առավոտն արթնացա, որոշեցի պետք է գնամ նստեմ նստացույցի, որովհետեւ իմ մարտական բոլոր ընկերները խնդիրներ ունեն: Տարբեր հասարակական կազմակերպությունների դիմել ենք, ոչ մի խնդիր չի լուծվել: Սա ընդհանուր պահանջ է, ընտրությունների հետ կապ չունեն»,- պատմեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:
«Չունենք ոչ մի արտոնություն ոչ մի բնագավառում, մարդկային վերաբերմունք չկա մեր հանդեպ: Մեր համբավով դարձել են ղեկավար, Ազգային ժողովի պատգամավորներ, մեզ կոխ են տվել, մոռացել են: Մենք ազգի նվիրյալներ ենք, գնացել ենք գյուլլի բերան, բայց մեր մասին չեն հիշում»,- շարունակեց Գարսեւան Տոնոյանը:
Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանն էլ վստահեցրեց, իրենց բարձրացրած հարցը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անպատասխան չի թողնելու. «Բոլորը այստեղ չեն էլ կասկածում, որ Սերժ Սարգսյանը չի արձագանքելու: Մարդը ինքն էլ է պատերազմ անցել… Եթե ուրիշ ինչ-որ մեկը, որ պատերազմ անցած չլիներ հաստատ չէր հասկանա»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ