Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր հիմնադրած «Պարալլելս ֆիլմ փրոդաքշնը» այս տարի Կաննի կինոշուկային կմասնակցի չորս նախագծերով՝ «Փասիանի որսորդը», «Կիսալուսնի ծովածոցը», «Լուսավոր շրջան» (արտադրողներ`«Պարալլելս ֆիլմ»,«Կոսմոպոլիս ֆիլմ».Ֆրանսիա) եւ «Կորած թռչուններ» (արտադրողներ՝ «Kara Kedi Film», Թուրքիա, «Պարալլելս ֆիլմ»):
Մասնավորապես խոսելով «Պարալլելս ֆիլմի» ու թուրքական «Kara Kedi Film»-ի համատեղ «Կորած թռչունների» մասին, կինոռեժիսորը նշեց, որ նախագիծը դեռեւս զարգացման վաղ փուլում է: Ֆիլմի պրոդյուսերներն են Արեն Պերդեցին եւ Էլա Ալյամաչը՝ թուրքական կողմից, իսկ հայկականից` Հովհաննես Գալստյանը:
Մեր զրուցակիցը հավելեց, որ Պերդեցին հայկական ծագում ունի, ու շատ է ցանկանում, որ հայկական շնչով ֆիլմ նկարահանվի. «Նա ուզում է, որ հայ լինի նկարիչը, կոմպոզիտորը: Անձամբ ինձ, շատ է դուր եկել պատմությունը, որը Արենի ցեղի պատմությունն է: Կարծում եմ՝ ազնիվ ֆիլմ է: Մենք ուզում ենք, որ հայկական մասնակցությունը ավելի շատ լինի այս ֆիլմում»:
Հովհաննես Գալստյանի հետ զրույցի մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Լուսանկարում Հովհաննես Գալստյանը (ձախից)՝ Սերժ Ավեդիկյանի հետ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ