«Ես նորից պիտի կրկնեմ, Հայաստանում ստրկատիրական եւ վախի մթնոլորտ է եւ ոչ մեկը իր վրա չի վերցնի, գա ասի`այո, իմ նկատմամբ տենց բան է եղել, չի գա էդ մարդը: Ես ոչ ոքի ոչ զրպարտել եմ իրականում, եւ այդ լուրը, որ իրենք համարում են զրպարտում, ինչո՞ւ տեղական մամուլի գրած հոդվածները 2010-2011 թվականներին, ոչ մի հերքում չեն պահանջել, եւ հարցը հենց Հայաստանի սահմաններից դուրս գնաց, այն ժամանակ սկսեցին պահանջել հերքում: Դրա համար ես ոչ ոքից ներողություն չեմ խնդրելու»,-ասաց Եղիա Ներսիսյանը` պատասխանելով Aravot.am-ի այն դիտարկմանը, որ «Դինո գոլդ մայնինգ» ընկերության ղեկավարը հայտարարել էր, որ չկա այնպիսի աշխատակից, որի վրա կիրառվել է էլեկտրաշոկ, եւ եթե Եղիա Ներսիսյանը ներողություն խնդրի, իրենք հայցը ետ կվերցնեն:
«Դատական նիստը կգնա, կշարունակվի, իրենք վերջում, միակ բանը, որ կարող են անել, ինձ ստիպեն, որ հերքեմ, իսկ ես չեմ հերքելու: Ես վստահ եմ, որ ավելի վատ բաներ էլ է եղել, եւ բոլոր հանքավայրերում ոչ միայն իրենցում»,-մեր հարցին ի պատասխան ասաց Եղիա Ներսիսյանը, իսկ թե ավելի վատ բաներ ասելով, ի՞նչ նկատի ունի պարոն Ներսիսյանը, մեր այս հարցը հունից հանեց Եղիա Ներսիսյանին:
Այսօր հերթական դատական նիստը պետք է լիներ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում «Դինո գոլդ մայնինգ քամփընիի» հայցով ընդդեմ Եղիա Ներսիսյանի, որը, սակայն, հետաձգվեց, պարոն Ներսիսյանի փաստաբանների գրավոր դիմումով, համաձայն որոնց փաստաբանները վատառողջ էին եւ չէին կարող ներկայանալ դատարան: Հաջորդ դատական նիստը հունիս 10-ին է:
Հիշեցնենք, որ Եղիա Ներսիսյանը նախորդ տարի ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, հղում անելով լրատվամիջոցներին, հայտարարել էր` «Հայաստանում, Դինո գոլդ մայնինգում աշխատակիցներին էլեկտրաշոկի են ենթարկում` 24 ժամ աշխատեցնելու համար»: Ընկերությունն էլ դիմել է դատարան եւ Եղիա Ներսիսյանից պահանջում է հերքել այդ խոսքերն ու 1 դրամ գանձել»:
Կարդացեք նաև
Ամեն դատական նիստից առաջ բնապահպան ակտիվիստները ակցիա էին կազմակերպում դատարանի շենքի առջեւ`«Հանքակե՛ր, մարդակեր», «Ինչպես տատս էր ասում`հաջորդը դատարանում Թեղուտ, Ամուլսար, Քաջարան», «Դինո գոլդ, փակ ստրկատիրական ընկերություն», «Կանադական էկոգաղութարար, դո՛ւրս մեր երկրից», «Մարդն է արժեք, ոչ թե հումքը» կոչերով, բայց այսօր ակտիվիստներն ավելի խաղաղ էին սատարում Եղիա Ներսիսյանին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ