Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ շարունակվեց Երեւանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ 1-ին նոտարական գրասենյակի նոտարների՝ զբաղեցրած տարածքից վտարելու պահանջի մասին:
Քաղաքապետարանի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետը հայտնեց, որ վիճելի գույքը՝ Բաղրամյանի նոտարական գրասենյակը համարվում է Երեւան համայնքի սեփականությունը եւ պատասխանողն առանց իրավական հիմքերի, չնայած բազմաթիվ զգուշացումներին, տնօրինում է այն:
Պատասխանող կողմը ներկայացնում էր 1-ին նոտարական գրասենյակի նախկին պատասխանատու, նոտարական պալատի նախկին նախագահ Ալվարդ Մելքոնյանը:Նա ասաց, որ դեռեւս 1972 թվականին, քաղսովետի որոշմամբ այդ տարածքը տրվել է նոտարներին: Նախկինում արդարադատության նախարարությունն է եղել վիճելի տարածքի սեփականատերը: Պատասխանողի տեղեկացմամբ, ԱՆ-ն չի ունեցել սակայն սեփականության վկայական:
Նա նաեւ տեղեկացրեց, որ երեք նոտարներով՝ Էմմա Շաբոյանը, ինքը եւ Նունե Սարգսյանը 50 000 դոլար գումար են ներդրել, որպեսզի «առնետանոց» հիշեցնող տարածքը, որն անհատույց տրվել էր իրենց, վերանորոգվի:
Կարդացեք նաև
Ալվարդ Մելքոնյանը հայտնեց նաեւ, որ քաղաքապետարանը չի կարող կազինո, ռեստորան, «նաչնոյ կլուբ» կամ այլ նպատակով այն օգտագործի, քանի որ իրենք՝ 1-ին նոտարական գրասենյակը, տարեկան 10 միլիոնից ավել գումար են բյուջե մուտքագրել:
Ալվարդ Մելքոնյանի ներկայացուցչի հարցին էլ, թե արդյոք նրանք «Նոտարիատի մասին» օրենքով նոտար են եղել, քաղաքապետարանի աշխատակիցը հաստատեց, միայն թե մեղադրում էր պատասխանողին, որ պայմանագիր չեն կնքել այդ տարածքի հետ կապված:
Ալվարդ Մելքոնյանն ասաց, որ չէր կարող պայմանագիր կնքել, քանի որ սեփականության վկայական չեն ունեցել, կադաստրը առանց դրա գործողություններ չէր կարող կատարել, իսկ իրենք էլ սեփականության վկայական ստանալու համար դիմել են քաղաքապետարանին, նախորդ քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Դրանք նա տրամադրեց նախկինում նոտար աշխատած դատավոր Գայանե Կարախանյանին:
Ալվարդ Մելքոնյանը հակընդդեմ հայցով պահանջում էր, որպեսզի պարտավորեցնեն քաղաքապետարանին՝ անհատույց պայմանագիր կնքելու իրենց հետ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ