«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների արդյունքում հատկացված մանդատները վերցնելու է, այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: «Վերջապես գերական դարձավ այն կարծիքը, որ անհրաժեշտ է քաղաքացու տված քվեին պատասխանել որակյալ աշխատանքով: Մեր ներկայացուցիչները ներկայանալու են ավագանի ու բարձրացնելու են այն խնդիրները, որոնց մասին խոսել են նախընտրական շրջանում ու փորձելու են լուծումներ գտնել դրանց»,- պարզաբանել է նա: Հարցին, թե խնդիրներ չե՞ն առաջանա աշխատել ՀՀԿ-ի հետ, որոնք, ինչպես շատերն են հայտարարում, ընտրակեղծիքներով է դարձել մեծամասնություն, Տ. Ուրիխանյանը պատասխանեց. «Խնդիրներն առաջացել են վաղուց, այն պահից, երբ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական, իրավական ու սոցիալական վիճակն առավել քան երբեւէ հրատապ փոփոխությունների անհրաժեշտություն ցուցաբերեց: Պետք է այստեղից սկսկել: Իսկ պատասխանատուների ու մեղավորների հետ մենք ունենք միայն մեկ լեզու` պահանջատիրություն, վերահսկողություն»:
Ինչ վերաբերում է «Բարեւ, Երեւան» դաշինքի հետ ավագանու ներսում հնարավոր համագործակցությանը, ապա ԲՀԿ խոսնակն ասել է, որ իրենք միշտ պատրաստ են համագործակցել ցանկացած ողջամիտ առաջարկի շուրջ, քննարկել դրանք, բայց այն դեպքում, եթե դրանք առաջարկները լինեն «կոնկրետ»: Անդրադառնալով դեռեւս նախընտրական շրջանում ԲՀԿ-ի հասցեին հնչեցրած մեղադրանքներին, քննադատություններին, թե «Բարգավաճ Հայաստանը» նախորդ ավագանու կազմում մշտապես աշխատել է ՀՀԿ-ի նման, հարցրել են, թե ԲՀԿ-ն այս ավագանու աշխատանքներում ի՞նչ գործելաոճ է որդեգրելու: Ի պատասխան, ԲՀԿ խոսնակն ասել է. «Դրա համար էլ ավագանու կազմը փոխվեց»:
Իսկ ԳԱԼԱ-ին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ տեւական ժամանակ քննարկումներից հետո ԲՀԿ-ն վերջապես կողմնորոշվել է, որ Երեւանի ավագանու ընտրություններում ձեռք բերված 17 մանդատները հետ չեն վերադարձնելու: «Որպես այդպիսին՝ խորքային քննարկումներ չեն եղել: Եղել է տեսակետ, որ պետք չէ վերցնել մանդատները, բայց գերակշռող էր այն տեսակետը, որ մենք բարոյական պարտավորություն ունենք այն հարյուր հազար երեւանցիների առջեւ, ովքեր իրենց վստահության քվեն տվել են ԲՀԿ-ին: Որոշվել է վերցնել մանդատները եւ փորձել Երեւանի ավագանիում բարձրացնել այն հարցերը, որոնք այսօր հրատապ կանգնած են Երեւանի եւ երեւանցու առջեւ: Հստակ կա Գագիկ Ծառուկյանի հանձնարարականը բոլոր նրանց, ովքեր ներկայացված կլինեն Երեւանի ավագանիում, որ իրենց հիմնական աշխատատեղը ոչ թե իրենց փափուկ հանգիստ, կոմֆորտ աշխատասենյակներն են լինելու քաղաքապետարանում, այլ` Երեւանի փողոցներում եւ բակերում, պետք է շարունակեն շփվել երեւանցու հետ եւ բոլոր խնդիրները, որ կան` բարձրացնել: Մենք այս ընթացքում տեսանք, թե ինչ լրջագույն խնդիրներ կային քաղաքում, հատկապես` Կենտրոնից դուրս գտնվող թաղերում եւ բակերում: Դրանք բոլորը պետք է փորձել բարձրացնել Երեւանի ավագանիում: Առաջին երեք տեղերը ինքնաբացարկ կներկայացնեն, այսօր` օրվա վերջում, պարզ կլինի բոլոր 17-ի անունը»: