Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր խմբագիրը մինչեւ սպանվելը ենթարկվել էր սեռական բռնությա՞ն

Մայիս 13,2013 17:46

dat-rshtuni dat-pashpan dat-dataxazner dat-tujoxi-majryԿենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Վաղարշակ եւ Հակոբ Աբաջյանների դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը:

Դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց ամբաստանյալների դեմ այս գործով տուժողներ Արմենուհի Ստեփանյանի, դաժանորեն սպանված Յուրա Սրապյանի մոր եւ եղբոր հայցադիմումները: Ըստ այդ հայցադիմումների, նրանք պահանջում էին ամբաստանյալ, «Խաչակիրներ» հասարակական կազմակերպության նախագահ Վաղարշակ Աբաջյանից համապատասխանաբար 12 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2 միլիոն 35 հազար դրամ, եւ 2 միլիոն 961 հազար դրամ, որպես գույքային վնաս: Դատարանը տուժողներին ճանաչեց քաղհայցվոր, իսկ ամբաստանյալին՝ քաղպատասխանող:

Նախորդ դատական նիստին ցուցմունք էր տվել Վաղարշակ Աբաջյանը, որի նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները մեղադրողներ Վլադիմիր Հովհաննիսյանը եւ Հովսեփ Հովսեփյանը միջնորդեցին, որպեսզի հրապարակվի:Ամբաստանյալի պաշտպան Ռուբեն Ռշտունին դեմ էր, քանի որ ըստ նրա դրանք եղել են վկայի ցուցմունքներ, եւ ոչ թե ամբաստանյալի, հետեւաբար, ըստ պաշտպանի, հակասություններ չէին կարող լինել:

Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Վաղարշակ Աբաջյանը հայտնել էր, որ նախկինում եղել է ոստիկանության աշխատակից: Նա 1996-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման սպանության փորձի համար: 2002թ-ին ազատվելով կալանավայրից, լրագրող Սուրեն Գեղամյանի հետ հիմնել է «Խաչակիրներ» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվել է ռազմահայրենասիրական գործունեությամբ: Նրա միջոցով էլ Մամուլի շենքում ծանոթացել է «Մենք մերոնցով» թերթի խմբագիր, հանգուցյալ Ալվարդ Աբրահամյանի հետ:

Ըստ այս ցուցմունքի, իմանում է, որ Ալվարդը կապերի մեջ է եղել գործարար շրջանակների հետ: Նա մի անգամ դիմում է Վաղարշակ Աբաջյանին՝ հայտնելով, որ Ռուսաստանի գործարարներից մեկը՝ Զալո անունով, ցանկանում է էլիտար մանկապարտեզներ կառուցել, դրա համար պատրաստ է տրամադրել 50 000 դոլար գումար: Համատեղ որոշում են, որ ինքն էլ ներդրում կանի, եւ Ալվարդին է տրամադրում, առանց կողմնակի անձանց ներկայության, 15 000 դոլար, ապա 3500 դոլար: Հետագայում տեսնում է, որ Ալվարդը «սուտ գործերի» մեջ է, նա պահանջում է գումարը, եւ Ալվարդը իրեն պարտք է մնում 1,5 միլիոն դրամ գումար:

Ամբաստանյալը ներկայացրել էր նաեւ Ալվարդի ամուսնուն՝ Յուրային իրենց տուն կանչելը, որտեղ ըստ այս ցուցմունքի, նա իմանում է կնոջ գումար վերցնելու եւ քայլերի մասին:

Նա դատարանում ներկայացրել էր Յուրայի հետ Սեւան՝ խեցգետին ուտելու գնալը, ապա Յուրայի հետ վեճի մտնելու, ապա նրա դիակը թաքցնելու մասին:

Ամբաստանյալի որդին՝ Հակոբ Աբաջյանը, որը բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող էր եւ որսորդ միության անդամ, Ազատամարտի վետերանների կոմիտեի կողմից պարգեւատրված, այս դրվագի ժամանակ, երբ պիտի ասեր ինչպես է եղել, վատացավ: Դատավորին հետաքրքրում էր, թե երեքով գնացել էին, չհարցրեց հորը, թե ուր է Յուրան, նա ասաց, որ երբ եկել է Յուրան չկար. «Ես այդ պահին այն վիճակում չէի, հայրս մանրամասն պատմել է: Ինձ այդ պահին հորս վիճակն էր հետաքրքրում: Տեսա, պապան գույնը գցած:Ասի, ոնց ես, ոչ մի ռեակցիա:Ոնց որ ինձ չէր ճանաչում:Ճնշումը բարձր էր, դեղը դրել եմ բերանը, կապակցված խոսք չկար»:

Ի դեպ, Վաղարշակ Աբաջյանը հայտնել էր, որ երբ Յուրայի դիակը թաքցնում էր, տղան իր կողքին չի եղել:

Դատարանում այսկերպ հրապարակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին ուղարկված Վաղարշակ Աբաջյանի գրությունը:Առգրավված նամակ էր, որը ամբաստանյալն ասաց, թե կնոջն է գրել: Այդ նամակում անդրադարձ կար Ալվարդ Աբրահամյանի դիակի զննության մասին, համաձայն որի ակնարկվում էր սեռական բռնության մասին, ինչի կապակցությամբ քննություն չի իրականացվել:

Ի դեպ, հսկող դատախազն է եղել ՀՔԾ պետ նշանակված Վահրամ Շահինյանը: Այս գործով ոստիկանները բռնություններ են կիրառել ամբաստանյալ Հակոբ Աբաջյանի վրա, ինչի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կա վարույթ:

Դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալ Հակոբ Աբաջյանի համար բժիշկներ կանչելու, նրան ներարկելու եւ Վաղարշակ Աբաջյանի ճնշման բարձրացման պատճառով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031