Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ որոշումը բողոքարկվեց

Մայիս 13,2013 17:26

 Այսօր ՀՀ վարչական դատարան ներկայացվեց ԿԸՀ-ում «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի հայցադիմումը ԿԸՀ մայիսի 11-ին կայացրած 107-Ա որոշումը վիճարկելու մասին:

Մատնանշելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ, որոնք կոպտորեն խախտվել են ԿԸՀ գործողություններով եւ կայացրած 107-Ա որոշմամբ, դատարանից խնդրվել է նշյալ որոշումը վերացնել եւ ԿԸՀ-ին պարտավորեցնել քննարկելու «Բարեւ Երեւան» դաշինքի մայիսի 10-ի դիմումը Երեւանի ավագանու ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու մասին:

Վարչական դատարան է ներկայացվել նաեւ Երեւանի թիվ 13 ընտրատարածքի տեղամասերում ընտրախախտումների պատկերն ու փաստական աղբյուրներն արտացոլող աղյուսակ պատկերացում տալու համար, թե ինչ ծավալի եւ կարեւորության խախտումներ պետք է քննարկվեր ԿԸՀ-ում: Նման աղյուսակներ առկա են 12 ընտրատարածքների վերաբերյալ, որոնք նույնպես հաջորդաբար կտարածվեն լրատվամիջոցներին:

Ոստիկանությանը հետաքրքրող ընտրախախտումների վերաբերյալ աղյուսակում նշված աղբյուրների պատճենները պատրաստ ենք տրամադրել:

 

Կից ներկայացնոմ ենք հայցադիմումը:

Հ Ա Յ Ց Ա Դ Ի Մ ՈՒ Մ

ՀՀ ԿԸՀ “11 մայիսի, 2013թ.” թիվ 107-Ա որոշումը

վիճարկելու մասին

 

2013թ. մայիսի 5-ին կայացավ Երեւանի ավագանու ընտրություն, որի արդյունքը անվավեր ճանաչելու համար ՀՀ Ընտրական օրենսգրքի 46 հոդվածի 9-րդ մասի 5-րդ պարբերությամբ սահմանված կարգով, այն է՝ «Ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմում համապատասխան ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել ընտրության արդյունքներն ամփոփելու համար սույն օրենսգրքով սահմանված համապատասխան ժամկետի ավարտից ոչ ուշ, քան երկու օր առաջ՝ մինչեւ ժամը 18:00-ն», «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի կողմից ս. թ. մայիսի 10-ին, մինչեւ 18:00-ն ԿԸՀ է ներկայացվել դիմում 2013թ. Երեւանի ավագանու ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Դիմումը բաղկացած է եղել 4 էջից, կրել է հինգ ստորագրություն (ԿԸՀ-ում դաշինքի լիազոր ներկայացուցչի եւ դաշինքին մաս կազմող չորս կուսակցությունների ղեկավարների), ինչպես նաեւ կուսակցությունների ղեկավարների ստորագրությունները վավերացնող չորս կուսակցական  կնիքներ: (Դիմումի կրկնօրինակը կցվում է):

Դիմումը ԿԸՀ-ում ընդունվել է առանց առարկության: Հաջորդ օրը կեսօրին ԿԸՀ-ից զանգահարել են ինձ, եւ տեղեկացրել, որ նույն օրը 18:00-ին գումարվող ԿԸՀ նիստում կքննարկվի նաեւ իմ դիմումը, ինչին ի պատասխան ինքս գրություն եմ հղել ԿԸՀ նախագահին՝ խնդրելով մեր դիմումի քննարկումը կազմակերպել հաջորդ օրը, 15:00-ից հետո, որովհետեւ շուրջ 1500 էջ փաստական նյութ է համակարգվում, եւ ֆիզիկապես այդ աշխատանքը ավելի վաղ ավարտել չենք կարող: Այս գրությունը նույնպես ընդունվել է ԿԸՀ-ում, կցվել նախորդ դիմումին: (Օրինակը ներկայացվում է):

Այնուհետեւ, նույն օրը, 18:00-ին գումարված նիստում ԿԸՀ-ն ընդունել է թիվ 107-Ա որոշումը «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի դիմումով վարչական վարույթի հարուցումը մերժելու մասին»:

 

Հայաստանում գործում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, որի 30-րդ հոդվածը հստակ սահմանում է.

« 1. Վարչական վարույթ հարուցելու հիմքերն են՝

ա) անձի դիմումը, բողոքը.

բ) վարչական մարմնի նախաձեռնությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը համարվում է հարուցված՝ համապատասխան դիմումը կամ բողոքը վարչական մարմնում ստանալու օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը կամ բողոքը, սույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, վերահասցեագրվել է ըստ իրավասու վարչական մարմինների կամ վերադարձվել է դիմողին (բողոքող)»:

Այն, որ ԿԸՀ-ն որոշում է կայացնել «վարչական վարույթի հարուցումը մերժելու մասին», երբ այդ վարույթը նախորդ օրվանից արդեն հարուցված էր օրենքի ուժով (ի տես իրողության, որ դիմումը ոչ վերահասցեագրվել է, ոչ էլ ետ վերադարձվել դիմողին), խնդիր է տարրական իրավական գրագիտության հետ:

 

Գալով իրավական աճպարարությանը, թե 46 հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ սուբյեկտների որոշ խմբի է թույլատրված ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմում ներկայացնել, 2-րդ պարբերությանն անցնելուց առաջ վատ չէր լինի ԿԸՀ-ում  նույն մասի 1-ին պարբերությունն ընթերցեին: 43 հոդվածի 3-րդ մասը կարգավորում է ընտրականտեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու, եւ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմումների ներկայացման կարգը:

Խնդրո առարկա մասը առնչություն չունի ընտրությանարդյունքներըԿԸՀիկողմից անվավեր  ճանաչվելու համար դիմում ներկայացնելու հետ, որը կարգավորվում է 46 հոդվածի 9-րդ մասի 5-րդ պարբերությամբ:

 

Ի վերջո՝ ԸՕ որ հոդվածի որ մասի որ պարբերությամբ էլ լինի վարչական վարույթի հարուցումը, այն չպետք է ոտնահարի «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջները, մինչդեռ ԿԸՀ-ի գործողություններով եւ ընդունած 107-Ա որոշմամբ հենց դա է արվել:

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածը սահմանում է.

«1. Վարչական վարույթում վարույթի մասնակիցները կարող են մասնակցել ինքնուրույն, իրենց ներկայացուցիչների միջոցով կամ նրանց հետ միասին:

3. Լիազորված անձինք կամ օրինական ներկայացուցիչները վարչական մարմնի պահանջով պարտավոր են ներկայացնել լիազորագիր կամ օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթուղթ»;

Նույն օրենքի 31 հոդվածով սահմանված են վարչական վարույթի հարուցման հիմք ծառայող դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները, որի «է» կետը օրենքում մի քանի անգամ կատարված լրացումներից եւ փոփոխություններից հետո այժմ սահմանում է.

« Վարչական մարմնին դիմումը ներկայացվում է գրավոր եւ պետք է պարունակի՝

է/ դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը»:

«Իրավաբանական անձի կնիքը (ցանկության դեպքում բառերը անգամ օրենքից հանված են:

Մայիսի 10-ին ԿԸՀ ներկայացված դիմումը պարունակելով եւ «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի լիազորագրի պատճենը եւ դաշինքի կուսակցությունների իրավասու պաշտոնատար անձանց ոչ միայն ստորագրությունները, այլեւ կնիքները, լիովին եւ կատարելապես բավարարել է վարչական վարույթի համար դիմումին ներկայացվող բոլոր պահանջները:

 

Ավելին՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է. «1. … Արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով:

Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն եւ իր հաշվին ձեռնարկել միջոցներ՝ դրանց իսկության մեջ հավաստիանալու համար»:

Եթե ԿԸՀ-ն որեւէ հիմք ուներ կասկածելու, թե դաշինքի անդամ կուսակցությունների կողմից չի ներկայացված դիմումը կամ նրանց իրավասու պաշտոնատար անձանց կողմից չի ստորագրված, ավելին՝ նույնիսկ կնքված (ինչը կարող էր եւ չարվել), ապա թող բարեհաճեր միջոցներ ձեռնարկել դրանց իսկության մեջ հավաստիանալու եւ ոչ թե անհեթեթության հասներ՝ կայացներ «դիմումի հիման վրա վարույթ չհարուցելու որոշում»՝ օրենքի ուժով հարուցված վարույթի մասին:

 

Ամփոփելով՝ «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի դիմումը քննության չընդունելով ԿԸՀ-ն հիմնազուրկ կերպով չարաշահել է ձեւական պահանջները, ինչն ԱՐԳԵԼՎԱԾ Է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 5-րդ հոդվածով.

«Հոդված 5. Ձեւական պահանջները չարաշահելու արգելքը

Վարչարարություն իրականացնելիս վարչական մարմիններին արգելվում է միայն ձեւական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որեւէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են»:

 

Առաջնորդվելով վերոշարադրյալ իրողություններով, նաեւ նկատի առնելով, թե ինչ ծավալի եւ կարեւորության ընտրախախտումների քննարկումից է ԿԸՀ-ն միտումնավոր խուսափել՝ մեր դիմումը մերժելով (պատկերացում կազմելու համար տրամադրում ենք 13 ընտրատարածքներից ցանկացած մեկում ընտրախախտումների պատկերն ու փաստական աղբյուրներն արտացոլող աղյուսակ),

 

Խ Ն Դ Ր ՈՒ Մ     Ե Մ

վերացնել ՀՀ ԿԸՀ “2013թ. մայիսի 11-ի” N 107-Ա որոշումը եւ պարտավորեցնել ՀՀ ԿԸՀ-ին քննարկել «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի կողմից ՀՀ Ընտրական օրենսգրքի 46 հոդվածի 9-րդ մասի 5-րդ պարբերությամբ սահմանված կարգով ս. թ. մայիսի 10-ին, մինչեւ 18:00-ն ԿԸՀ ներկայացված դիմումը 2013թ. Երեւանի ավագանու ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջի մասին:

 

Դիմող      Լուսինե Պետրոսյան

 

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031