«Բարև Երևան» դաշինքով Երևանի ավագանու անդամ ընտրված Մեսրոպ Մովսիսյանը պատրաստվում է հրաժարվել մանդատից: Այսօր այդ մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց ինքը` թեկնածուն: Պատճառը ժամանակի սղությունն է: Մեր այն հարցին, թե առաջադրվելիս հաշվի չէ՞ր առել այդ գործոնը, պատասխանեց. «Էն ժամանակ ուրիշ տեմպ էր, հիմա մի քիչ ուրիշ տեմպ է, չի ստացվում: Հետո` ինձանից ավելի հաջող թեկնածուներ էլ կան, թող զբաղվեն»:
Թե իր փոխարեն դաշինքի կազմից հատկապես ում կուզենար տեսնել ավագանու կազմում, պատասխանեց. «Այնտեղ շատ արժանի մարդիկ կան, իհարկե: Չգիտեմ` Դաշինքն ինչ կորոշի, դա արդեն իրենց որոշելու բանն է: Այսօր հանդիպում ենք ունենալու, այդ հարցը քննարկելու ենք: Հավանական է, որ ես կտամ հրաժարական, բայց դեռ 100%-ով չի քննարկվում, թե ով է լինելու: Իսկ եթե ես ինքնաբացարկը ներկայացնեմ, արդեն Դաշինքը կորոշի, թե ով կլինի: Ինձ թվում է` հերթական համարն է անցնելու»:
«Բարև Երևան» դաշինքի անդամների տրամադրվածությունից երևում է, որ նրանք հակված են վերցնել մանդատները: Մեսրոպ Մովսիսյանի գնահատմամբ` ճիշտ է այդ մոտեցումը. «Նախ` դա դաշինքի խնդիրն է: Ես հակված եմ, որ վերցնեն և լուրջ աշխատանք ծավալեն»:
Արմինե Վարդանյան