Հայաստանի նախագահի 2013թ. ընտրությանը հետևող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է ընտրական վերջնական զեկույցը: Փաստաթղթում անդրադարձ է կատարվում քարոզարշավի ընթացքին ու նշվում, որ հիմնարար ազատությունները ընդհանուր առմամբ հարգված էին, և բոլոր մրցակիցները քարոզարշավն իրականացրին առանց արգելքների, սակայն հօգուտ գործող նախագահի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները նկատել են պետական կառավարման և վարչական ռեսուրսների չարաշահում:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանից Aravot.am-ը հետաքրքրվեց` համամի՞տ է զեկույցում հնչած գնահատականներին և ո՞րն է իր գնահատականը զեկույցի վերաբերյալ: Նա ընդհանուր առմամբ ասաց հետևյալը. «Երևի դիտորդներին շատ են խմացրել ու նրանք խառնել են ամեն ինչ, քանի որ ես իրենց հետ հանդիպման ժամանակ էլ եմ ասել, որ խայտառակ վիճակ է, որ ճնշումներ են, լուսաբանումը լավ չի կատարվում, որ խեղաթյուրված են ներկայացվում փաստերը: Չգիտեմ ինչի ազդեցության տակ են նման բան խոսել: Մեր իշխանություններն իրենց պետք են թույլ վիճակում: Ես իրենց էլ եմ ասել, որ իրենց ցանկացած հայտարարության հետևում քաղաքական շահ կա: Մյուս կողմից էլ՝ եթե նայում ենք, տեսնում ենք, որ ՀՀ մտնող ամեն ինչ փչանում է, այդ թվում նաև եվրոպացիները: Դա գալիս է գործող իշխանություններից: Նրանցից ինչքան շուտ ազատվենք, այնքան Հայաստանի ու մեր ժողովրդի համար լավ կլինի»:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանն էլ ասաց. «Այնտեղ, ուր կա պետական կառավարման և վարչական ռեսուրսների չարաշահում՝ հօգուտ գործող իշխանության թեկնածուի, տրամաբանական չէ հայտարարել հիմնարար ազատությունների ընդհանուր առմամբ հարգված լինելու և բոլոր մրցակիցների` քարոզարշավ իրականացնելու հավասար հնարավորությունների մասին: Ինձ համար հասկանալի է զեկույցի հեղինակների` ընտրությունների իրական պատկերը խեղելու ձգտումը, էսթետիկական հաճույք է պատճառում այդ համատեքստում փաստերն ու տեղեկատվությունը ընտրողաբար ու թիրախային նպատակաուղղվածությամբ օգտագործելու նրանց մասնագիտական վարպետությունը: Սակայն կատարվածին փոքրիշատե ծանոթ լինելով, չեմ կարող կիսել զեկույցում տեղ գտած շատ պնդումներ: Նաև չեմ կարող չնկատել, որ բազմաթիվ կարևոր փաստեր զեկույցում լուսաբանված չեն»:
«Ժառանգության» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ նկատեց, որ զեկույցը շատ մեղմ է և չի արտացոլում այն իրականությունը, որ իշխանությունը բռնազավթվել է գործող իշխանության կողմից: Հետո հավելեց. «Ուղղակի կարող եմ ենթադրել, որ այն աջակցությունը, որ ցուցաբերվել է այս զեկույցով իշխանությանը, ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ: Մեծ հաշվով նման մեղմ գնահատականներով անընդհատ աջակցություն է ցուցաբերվում իշխանությանը: Իհարկե, նաև ողջունելի են այն դրույթները, որոնք արտացոլում են արատավոր իրողությունները , բայց ընդհանուր առմամբ գնահատում ենք, որ դա չափից դուրս մեղմ զեկույց է և ընդհանուր առմամբ չի արտացոլում այն իրողությունը, որը տեղի ունեցավ փետրվարի 18-ին»:
Կարդացեք նաև
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն էլ համարում է, որ զեկույցն իրականում նպատակ է ունեցել ծառայել Սերժ Սարգսյանի ընտրության լեգիտիմացմանը. «Զեկույցում չկա որևէ անդրադարձ այն կարևոր հանգամանքին, որ ՀՀ-ում քաղաքացիներն ու քաղաքական ուժերը առաջ են քաշել շինծու ընտրությունների խնդիրը: Որևէ գնահատական տրված չէ այն փաստին, որ ՀՀ-ում արդեն բացահայտ քաղաքական պրոցեսներ են իրականացվում ընտրությունների փոխարեն: Նաև այն գնահատականը, թե հիմնական ազատությունները հարգված էին, կեղծ է, քանի որ զեկույց կազմողներն իրենք իրենց հակասում են: Եթե մատնանշվում է, որ եղել է պետության կողմից հարկադրանք, ապա ի՞նչ հիմնարար ազատությունների հարգանքի մասին կարող է խոսք լինել: Հասկանալի է, որ այդ նախադասությունն ընդամենը ներառվել է զեկույցում, որ օգտագործվի որպես կլիշե, քանի որ հակասում է զեկույցում արված մյուս բոլոր եզրակացություններին»:
Շարունակելով՝ Ա. Ղուկասյանը նշեց. «Ստացվում է, որ ԵԱՀԿ-ն խորհուրդ է տալիս իշխող կուսակցությանը ՀՀ-ում քրեական հանցագործություն չկատարել, քանի որ ընտրությունների ժամանակ քաղաքական հարկադրանքը, կաշառելը քրեորեն պատժելի են: Չնայած բացահայտ էր ընտրակաշառքի կիրառումը ՀՀԿ-ի կողմից, ամեն կերպ դիտորդները փորձում էին դա չտեսնել: Սա հիմք է մտածել, որ դիտորդները ոչ մի պատասխանատվություն չեն կրում և շփվելով կրիմինալ ռեժիմի հետ`որևէ երաշխիք չկա, որ այդ տեսակ դիտորդական առաքելությունները օրինական աշխատանք չկատարեն, իսկ ԵԱՀԿ-ն չսպառի իրեն որպես մարդու իրավունքներ պաշտպանող կառույց»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ