Այսօր հատկապես երիտասարդությունը նախընտրում է իր հեղինակին փնտրել ու գտնել հենց համացանցի միջոցով: Ներբեռնել գիրքը, հարմար տեղավորվել համակարգչի առջև և սկսել իր ընթերցանությունը: Շատերը նախընտրում են այս տարբերակը, ոմանք կտրականապես դեմ են օնլայն ընթերցանությանը` պատճառաբանելով, որ իրենք նախընտրում են գրքի հետ անմիջական շփումը: Նրանք սիրում են գիրքը ձեռքերի մեջ վերցնել, շոշափել, զգալ գիրքն ու նրա թերթերի հոտը: Այս երկուսից բացի՝ կա նաև մարդկանց մի հատված, ովքեր ավելի գնահատում են աուդիոգրքերը: Հատկապես վերջին տարիներին համացանցում լայն տարածում գտան «Խոսող գրքերը» :
«Խոսող գրքեր» նախագիծը, որ ստեղծվել է 2005 թվականին, նպատակ ունի օգնել հատկապես տեսողական խնդիրներ ունեցողներին և նրանց համար հասանելի դարձնել հայ և արտասահմանյան գրական ստեղծագործությունները: Բավական է ունկնդրել մեր սիրելի դերասանների ընթերցումները և կհասկանաք, թե որքան մանրակրկիտ եւ նուրբ աշխատանք են նրանք կատարել գրական նյութը ճիշտ մատուցելու համար,- նշում է նախագծի հեղինակ Գայանե Կլեկչյանը եւ ավելացնում,- աշխատելով Խարբերդի մանկատանը, «Փյունիկ» հաշմանդամային միությունում, այնուհետև «Զատիկ» մանկատանը՝ ես հասկացա, որ պետք է այնպիսի նախագիծ մշակեմ, որով կկարողանամ օգնել երեխաներին: Սկզբում մտածում էի գրքերը Բրայլյան համակարգով տպագրել, բայց դա բավականին թանկ էր, բացի դա՝ գրքի ծավալը երկու անգամ ավելանում և ծանրանում էր, տեղափոխման խնդիր էր առաջանում և այլն: Ի վերջո, երկար փնտրտուքներից հետո որոշեցի գրքերը ներկայացնել աուդիո տարբերակով»:
Նախագծի հեղինակի խոսքով՝ 2005թ-ից սկսած գրականության ցանկը գնալով էլ ավելի ընդլայնվեց, սկզբում ներկայացվեց Հովհաննես Թումանյանի հեքիաթները, հետո Օսկար Ուայլդի «Աստղամանուկը», «Երջանիկ արքայազնը», «Եսամոլ հսկան», Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը», Գրիմ Եղբայրների «Մոխրոտիկը», Եղիշե Չարենցի «Նավզիկեն», Վիլյամ Սարոյանի «Նարինջները», Լեոնիդ Ենգիբարյանի նովելները, Սայաթ-Նովայի բանաստեղծությունները, Անտուան դը Սնետ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Ղազարոս Աղայանի «Զանգի-զրանգի», «Օձամանուկ և Արևահատ», «Քիչ էլ, քիչ էլ» գործերը, Ստեփան Զորյանի «Դատավոր հովիվը», «Սիրտը», Հանս Քրիստիան Անդերսենի «Անագե տոկուն զինվորիկը», «Թիթեռնիկը», Վահան Տերյանի, Պարույր Սևակի, Համո Սահյանի, Եղիշե Չարենցի բանաստեղծություններն ու Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»: «Խոսող գրքեր»-ում տեքստերը կարդում են ՀՀ վաստակավոր արտիստներ Տիգրան Ներսիսյանը, Ժիրայր Դադասյանը, Արման Նավասարդյանը, Դավիթ Հակոբյանը, Ռուբեն Կարապետյանը, ՀՀ ժող. արտիստ Գուժ Մանուկյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանը, Աննա Էլբակյանը և այլք:
«Ապրիլի 19-ից պատրաստ է նաև թվով 6-րդ սկավառակը, որը MP3 ձևաչափով է, այն իր մեջ ներառում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը», «Ամենագեղեցիկ ջրահեղձը աշխարհում», Օ’ Հենրիի «Վերջին տերևը» և Վահան Վարդանյանի ստեղծագործությունները:
«Խոսող գրքեր» նախագիծը հիմնական շեշտը դրել է մատուցվող գրական ստեղծագործությունների երաժշտական ձեւավորման և չկրկնվող գրականության վրա: Մեր կարծիքով հաջողվել է ընտրված գրական երկերին համապատասխան և ճաշակով երաժշտական գեղեցիկ ձևավորում հրամցնել ունկնդրին, ինչպես նաև ձայնային էֆեկտներ ապահովել»,- ասում է Գայանե Կլեկչյանը:
Նա ընդգծում է, որ «Խոսող գրքեր»-ը դրամաշնորհային կամ կոմերցիոն նախագիծ չէ: Ձայնասկավառակների թողարկման գործընթացին ներգրավված բոլոր մասնակիցներն իրենց գործը կատարել են անշահախնդրորեն և անվարձահատույց:
«Մեր սկզբմունքն է գրական ստեղծագործությունը ներկայացնել այնպես, որ ունկնդիրը ոչ միայն լսի, այլ նաև տեսնի ու զգա: Ի դեպ ստեղծագործությունները երբեք չեն կրճատվում, պատմվածքները ներկայացվում են ամբողջությամբ: Ճիշտ է փոքր գործ ենք անում, բայց ամենը անում ենք մեծ սիրով և նվիրումով: Ձայնասկավառակները անվճար տրամադրում ենք տարբեր դպրոցների և տեղադրվում ենք նաև համացանցում:Երբեք չենք մտածել, որ կարիք ունենք օժանդակության, ամենը փորձում ենք անել, որպեսզի գոհացնենք ունկնդիրներին»,- ասում է Գայանե Կլեկչյանը:
Կարդացեք նաև
Օվսաննա Սիմոնյան