Երեկ՝ մայիսի 12-ին, Համազգային պետական թատրոնում բացվեց «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնը: Այն բաղակցած է երկու փուլից և գալա համերգից: Այս տարի մրցույթ-փառատոնին հայտագրվել են թվով 24 երաժշտական ներկայացումներ՝ քաղաք Երևանից և ՀՀ 9 մարզերից: Առաջին փուլի դիտումների արդյունքում մրցույթ-փառատոնի 2-րդ փուլում մասնակցելու համար հանձաժողովը 24 ներկայացումներից ընտրել է 10 լավագույն ներկայացումները:
Բացման խոսքով հանդես եկավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսումնական մասի ղեկավար, երաժշտագետ Նոնա Ոսկանյանը, ում համոզմամբ՝ թատրոնը երեխայի համար հիանալի միջոց է բացահայտելու իր զգացմունքները, երգելու, խաղալու, փորձելու իր ուժերը թատերական բեմերում. «Մանկությունն այն շրջանն է, երբ երեխան կարողանում է յուրովի հասկանալ իրեն շրջապատող աշխարհը և այն առողջ հիմքերը, որ դրել է այս փառատոնը, գալիս են վկայելու այն փաստը, որ նախաձեռնությունը կայացել է ու ստացել լավագույն արձագանքները», – ասաց նա: Խոսելով երեխաների երաժշտական տաղանդի մասին՝ երաժշտագետը նշեց, որ դրան հանդիսատեսը, ինչպես նաև ժյուրին կկարողանան ծանոթանալ առաջիկա օրերի ընթացքում, այդ թվում՝ մայիսի 15-ին Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում և մայիսի 16-ին՝ Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Վերջում երաժշտագետը ցիտեց նաև Էքզյուպերիի հայտնի տողերը՝ «Մենք բոլորս գալիս ենք մանկությունից»:
Նշենք նաև, որ «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական ամենամյա մրցույթ-փառատոնը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ: Այս տարի մրցույթ-փառատոնը անցկացվում է ՀՀ Մշակույթի նախարարության, «Առաջ, երեխաներ» կրթամշակութային հասարակական կազմակերպության և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ:
Կարդացեք նաև
Մրցութային վերջին օրը հանձնաժողովը կընտրի 6 լավագույն ներկայացումները, և հաղթող խմբերը հունիսի 1-ին և 5-ին հանդես կգան եզրափակիչ գալա համերգներով:
Տիգրանուհի Թասլակյան
Լուսանկարները տրամադրել է «ՍՓՐԻՆ ԳՐՈՒՊ» PR ընկերությունը