Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյանը ՀԱԿ-ի հավաքած քիչ ձայները «մթնոլորտով» է բացատրում

Մայիս 13,2013 15:32
vahagn xachatryan

ՀԱԿ -ը ավագանու ընտրությունների վերաբերյալ իր ներկայացրած դիմումների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումները պատրաստվում է բողոքարկել Վարչական դատարանում, իսկ ընտրախախտումներին վերաբերող առանձին դեպքերով հնարավոր է դատախազություն դիմեն:

Պարոն Խաչատրյանը դժգոհում է, որ ԿԸՀ-ն ու որոշ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ իրենց հնարավորություն չտվեցին առանձին տեղամասերի արդյունքների վերաբերյալ լիարժեք քննարկումներ կազմակերպել:

«Որոշ տեղամասերում վերահաշվարկ չեղավ հանձնաժողովների օրենքի շրջանակներից դուրս գործունեություն ծավալելու հետեւանքով: Եթե վերահաշվարկի դիմումները շատ էին, նրանք երկու խմբի պետք է բաժանվեին եւ վերահաշվարկ անեին, որ բոլորը բացեին, բայց 8/22 տեղամասում այդ ամեն ինչը չարվեց` առանց որեւէ հիմնավորման»,- դժգոհեց պարոն Խաչատրյանը:

Նրա խոսքերով, եթե վերահաշվարկի իրենց բոլոր դիմումները բավարարվեին, իրենք բացահայտելու էին ընտրախախտումների ամբողջ մեխանիզմը. «Նույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց 8/8, 8/9 եւ մի շարք այլ տեղամասերի քվեարկությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմումները… ԿԸՀ-ն ինքնագործունեությամբ է զբաղված եւ հիմա որոշել է Սահմանադրական դատարանի դեր կատարել, փոխանակ կոնկրետ գործով զբաղվի, գնահատականներ է տալիս եւ մեզ զրկում օրենքով մեր իրավունքները պաշտպանելուց»:

Նա համաձայն չէ ՀՅԴ-ականների հետ, թե բոլոր ընտրախախտումները տեղամասերից դուրս են միայն կատարվել. «Ներսում էլ կար, հիմա պետք է հասկանանք` ոնց է տեղի ունեցել, որ գրանցամատյան է կորում, մի մարդ լինելով ավագանու թեկնածու, մի քանի տեղամասերում վստահված անձ է լինում»:

Մեր հարցին, թե ինչու ՀԱԿ-ը այդքան քիչ ձայներ հավաքեց, պարոն Խաչատրյանը բացատրեց. « Մթնոլորտն էր պատճառը: Հոգեբանական ահռելի ճնշումներ են կիրառվել ընտրողների վրա, մարդկանց չեն թողել անգամ տեղամաս գնալ, մարդկանց հոգնեցրել են իրենց պահվածքով: Տեսել եք` ովքեր էին հավաքված տեղամասերի բակերում: Ընտրությունների ընդհանուր ֆոնը վկայում է, որ գործ ունենք ոչ թե պետության, այլ խուժանի հետ, այդ խուժանի բոլոր արգելքները հաղթահարել էր պետք ընտրության գնալու համար: Այս ընտրությունները նոր երեւույթ էին: Առաջին գծում էր հայտնվել խուժանը, որը ինքն էր որոշում ` ընտրություններն ինչ ձեւ պետք է անցնեն, իսկ իշխանությունները հետեւում էին այդ խուժանի հրահանգներին »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031