Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հեռուստառեժիսուրա բաժնի երրորդ կուրսի ուսանող Ռոբերտ Մուրադյանը մեկն է այն 130 երիտասարդներից, ով պատրաստվում է մասնակցել Երեւանում մայիսի 13-19-ը կայանալիք «Արտ Ֆեստ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնին:
«Այս փառատոնի հետաքրքրությունն այն է, որ երիտասարդներն են մասնակցում, չեն մասնակցում կոչում ունեցող արվեստագետներ, ռեժիսորներ, այսինքն՝ մրցակցությունն ավելի հետաքրքիր է»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց երիտասարդ ռեժիսորը, ով փառատոնին հանդես կգա իր «Նեղ արեք, տեղ արեք» ֆիլմով:
Ֆիլմն, ըստ ռեժիսորի, խաղարկային է եւ ունի երեք րոպե տեւողություն: Երիտասարդ ռեժիսորին հետաքրքրում են Երեւան քաղաքի խնդիրները եւ նա ընտրել է երթուղային տաքսիների խնդրահարույց թեման:
«Ֆիլմն երթուղային տաքսու մասին է: Վարորդը կարողանում է 35 ուղեւոր տեղավորել եւ ֆիլմի վերջում ստանում է պատվոգիր եւ գրանցվում Գինեսի ռեկորդների գրքում»,- պատմելով ֆիլմի բովանդակության մասին՝ մեզ հետ զրույցում նշեց «Տեղ արեք, նեղ արեք» կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորը:
Կարդացեք նաև
«Վավերագրական ֆիլմեր շատ եմ սիրում, ինքս փորձում եմ վավերագրական ֆիլմեր նկարել, այսինքն՝ ֆիլմեր, որտեղ կլինեն իրական փաստեր, իրական հերոսներ»,- ասաց Ռոբերտ Մուրադյանը, ով, ինչպես ինքը նշեց, շատ է ներշնչվում Արտավազդ Փելեշյանի գործերով:
Աշոտ ԱԹԱՅԱՆ
Լուսանկարը՝ Ռոբերտ Մուրադյանի ֆեյսբուքյան էջից